▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյյան Տապանի նմանությամբ կառուցված Սուրբ Հռիփսիմեն ուժը չի կորցրել, բայց վերաօծման կարիք ունի․․․

Նոյյան Տապանի նմանությամբ կառուցված Սուրբ Հռիփսիմեն ուժը չի կորցրել, բայց վերաօծման կարիք ունի․․․Արթուր Շադունց, Վերիշենի բնակիչ

Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից է Սուրբ Հռիփսիմեն։

Եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն բնակավայրում։

Նոյյան Տապանի նմանությամբ կառուցված Սուրբ Հռիփսիմեն Հայաստանի ամենաերկար միասրահ եկեղեցին է՝ 27 մետր երկարություն ունի։

Ասում են՝ եկեղեցու պատերը ձվով են ծեփված․ ահա բնության արհավիրքներին դիմակայելու և 1700 տարի կանգուն մնալու գաղտնիքը։ Տարբեր ժամանակներում եկեղեցին սպասարկել է ոչ միայն տեղաբնակներին, այլև հարակից գյուղերի հավատացյալներին։

Խորհրդային տարիներին, ինչպես գրեթե բոլոր եկեղեցիները, Սուրբ Հռիփսիմեն վերածվել է պահեստի։ Հայաստանի անկախացումից հետո հավատացյալները նորից այցելում են եկեղեցի։ Եկեղեցում, սակայն, կանոնավոր պատարագներ, ժամերգություններ չեն մատուցվում։

Բնակիչները լիահույս են, որ Մայր Աթոռը նորից կվերաօծի եկեղեցին և այն կրկին կդառնա լիարժեք քրիստոնեական կառույց։ Եկեղեցին իր կառուցվածքով և հոգևոր զորությամբ մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն հայերի, այլև օտարերկրյա զբոսաշրջիկների համար։

Այստեղ են այցելում Ֆրաիսիայից, Իտալիայից, Գերմանիայից անգամ Ճապոնիայից ժամանած հյուրերը, զբոսաշրջիկները։ Նրանց մի մասը բավականին լավ է տիրապետում եկեղեցու պատմությանը, երբեմն այնքան վարժ ու մանրամասն, որ եկեղեցու պատմության գիտակներն ավելացնելու ոչինչ չեն ունենում։ Մոտ մեկ տարի առաջ եկեղեցում հնագիտական պեղումներ են կատարել։

Արդյունքում՝ հայտնաբերվել են 3 նոր խաչքարեր։ Ուսումնասիրությունները ֆինանսական միջոցների բացակայության պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել են։

Եկեղեցու մասին Marz News-ին տեղեկություններ հայտնելիս Վերիշենի բնակիչ Արթուր Շադունցը չի մոռանում նաև Սուրբ Հռիփսիմեի զորության ու ուժի մասին։

Եկեղեցու շուրջ հյուսված լեգենդները բազմաթիվ են, սակայն ամենաթարմն ու ամենահիշարժանը 2020 թվականի պատերազմից առաջ Սուրբ Հռիփսիմեի բակից մեկնած զինակոչիկների հետ է կապված։

Վերիշենում բոլորը գիտեն՝ պատերազմի բովով անցած հարյուրավոր զինակոչիկներ, որոնք ծառայության մեկնելուց առաջ օրհնություն են ստացել Սուրբ Հռիփսիմե եկեղեցում և մեկնել ժամկետային զինծառայության, վերադարձել են ողջ և առողջ։

Նրանցից ոչ մեկի մազը չի ծռվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more