▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր հույս և տոկունություն Սյունիքին․ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը՝ ԶՊՄԿ-ի աջակցությամբ

Հուլիսիս 4-ից առաջին անգամ Սյունիքի մարզում անցկացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը (KIMF) կտևի մինչև հուլիսի 14-ը ` նպատակ ունենալով մշակույթի միջոցով բերել նոր հույս և տոկունություն Հայաստանի այս սահմանամերձ տարածաշրջանին։

Փառատոնը, որ անցկացվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ, հանրության ուշադրությունն է հրավիրում Սյունիքի վրա՝ խթանելով մշակույթի պահպանում և զարգացում, ու քաջալերելով երիտասարդ խոստումնալից հայ երաժիշտներին՝ վարպետության դասերի,աշխատարանների, սեմինարների ու աշխարհահռչակ երաժիշտների համերգներին մասնակցելու միջոցով:

Խթանելով տեղական մշակութային կյանքը, տուրիզմը՝ փառատոնը ուշադրություն է հրավիրում դեպի այս հրաշալի, սակայն վերջերս նաև խոցելի դարձած տարածաշրջանը՝ իր մի շարք մարտահրավերներով՝ կապված դեռ չլուծված հակամարտության և,մասնավորապես՝ 2020-ի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված անկայունության հետ։

Այն ոգեշնչում և խրախուսում է տեղացի երեխաներին և երիտասարդներին՝ շարունակել երաժշտական կրթությունը, ինչպես նաև` վստահություն է հաղորդում նրանց՝ հասնելու նպատակներին և կերտելու խոստումնալից մասնագիտական ապագա:

Փառատոնին մասնակցում են շուրջ 70 ուսանողներ՝ Կապանից և Հայաստանի այլ քաղաքներից, Կապանի երաժշտության ուսուցիչներ և 20 և ավելի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ՝ արհեստավարժ երաժիշտներ և դասախոսներ Հայաստանից ու արտերկրից:

KIMF-ի միջոցառումները անվճար են և բաց Կապանի բնակչության ու այլ ցանկացողների համար, սակայն դրա հիմնական թիրախն են երաժշտությամբ զբաղվող 10-23 տարեկան երեխաներ, երիտասարդներ։ Փառատոնը ներուժ ունի դառնալու ամենամյա իրադարձություն նաև իր առանցքային դարձած, փառատոնի միջոցով ձեռք բերված STEINWAY D դաշնամուրի միջոցով, որը այլևս զարդարում է Կապանի արվեստի պետական քոլեջի «Երգեհոնային դահլիճը»։

Բոլոր շահառու մասնակիցների համար փառատոնը նաև կարևոր հարթակ է ՝ կապեր ստեղծելու և մասնագիտական շրջանում ընթացիկ շփումները շարունակելու համար։

Փառատոնը Կապանին կտա համբավ և ճանաչելիություն երաժիշտների և երաժշտասերների շրջանում, ինչը զարկ կտա նոր համերգներ կազմակերպելու, այստեղ հրավիրելու մեծանուն երաժիշտներին և նրանց հանդիսատեսին տարբեր քաղաքներից և արտերկրից վերականգնելով երբեմնի «Հարավային մայրաքաղաքի» , «Հարավային ֆիլհարմոնիայի» դերը։

Փառատոնի բոլոր նորություններին կարող եք ծանոթանալ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի ֆեյսբուքյան էջում։

Հավելենք, որ «Կապանի միջազգային երաժշտական փառատոն»-ի շրջանակում, Կապանի համայնքապետարանին կից այգում տեղի ունեցավ բացօթյա ոչ ֆորմալ արվեստի գործողություն նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի հետ։ Արվեստի գործողությունը քաղաքային բնության իրական ռիթմերի համադրությամբ ստեղծեց գույների հրավառություն, համայնքային տոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more