▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին

Մոսկվան սպասում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ ռուս խորհրդարանականների ուղարկած հարցման պատասխանին՝ Երևանից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին Ռուսաստանին մեղադրել էր Ուկրաինա «ներխուժելու» մեջ ու հայտարարել, թե Հայաստանը «պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի տարածքային ամբողջականությունը»։

«Հուսով եմ՝ նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, խիզախություն ու բավականաչափ ուժ կունենան պատասխանել ռուս խորհրդարանականների հարցմանը, որն ուղարկվել է ընթացիկ տարվա ապրիլի 24-ին։  Երբ մենք նման պատասխան ստանանք, անպայման ուշադիր կուսումնասիրենք այն։ Առաջին հերթին ռուս խորհրդարանականներն այն կուսումնասիրեն և անհրաժեշտության դեպքում հրապարակային կարձագանքեն, այդ իսկ պատճառով ուժ ենք մաղթում՝ պատասխանը պատրաստելու համար» ,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նշենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն  հանձնարարել էր հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված՝ ընդգծելով, որ նրա կողմից հնչեցված այդ կարգի ռուսաֆոբ հայտարարությունները չպետք է անպատասխան մնան։ Մատվիենկոն հայտարարել էր, որ ինքն ամաչում է Սիմոնյանի փոխարեն և որ Սիմոնյանը հատել է բոլոր կարմիր գծերը։

Մարիա Զախարովան, արձագանքելով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու հարցին, հորդորել է այն հասցեագրել պաշտոնական Երևանին։ «Մենք, նախկինի պես, կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Չնայած կազմակերպության հասեցին պարբերաբար հնչող մեղադրանքներին, անդամակցության հետ կապված ՀՀ-ն որևէ նոր քայլ չի ձեռնարկել: Հետևաբար, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ու պետք է կատարի պարտականությունները»,- նշել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more