▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ցուցադրել է իր առանձնատունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, ՔՊ-ն, բառի բուն իմաստով, տժժացել է Սեւանի կառավարական առանձնատանը, որտեղ «հյուրընկալվել» էին Փաշինյանի հարկի տակ, բայց հյուրասիրել են ոչ թե տանտերերը, այլ՝ «գերմանական հաշվով»․ յուրաքանչյուրը 25 հազար դրամ գումար է «քցվել», որ ընտանիքը ծախսի տակ չընկնի։

Մենք գրել էինք, որ ՔՊ-ն պետք է հավաքվեր դեռ հուլիսի 9-ին` ԱԺ աշխատանքների ավարտից հետո, սակայն ընդդիմության պայքարի պատճառով դա հետաձգեցին մինչեւ աշուն։ Շաբաթ օրվա հավաքը բավականին տարբերվել է նախորդներից։ Սովորաբար, նախորդ նման միջոցառումները Փաշինյանն օգտագործել է թիմակիցների գործունեությունը գնահատելու, առաջիկա անելիքների հետ կապված ինստրուկտաժ անելու համար, իսկ այս անգամ նման զրույց չի եղել։

Մեր աղբյուրն ասաց, որ խնջույքի ֆորմատը դրան չէր տրամադրում: Այս անգամ, ի տարբերություն նախորդ հավաքների, կառավարության, օրենսդիր մարմնի ՔՊ-ականներից բացի ներկա են եղել նաեւ ՔՊ-ական համայնքապետերը:

«Շունը տիրոջը չէր ճանաչում», բացի այդ՝ ուտուշ-խմուշն էլ ավանդական ֆորմատով չի եղել, որ խոսեն-քննարկեն, այլ ֆուրշեթ է եղել, որի դեպքում կոլեկտիվ զրույցն անհնարին է։ Ամենասկզբում Նիկոլ Փաշինյանն իր հյուրերի համար էքսկուրսիա է անցկացրել առանձնատանը՝ բաղնիք-զուգարանը, խորովածանոցը եւ այլ  հատվածներ է ցույց տվել: Կատակել է, թե զգացեք ձեզ՝ ինչպես ձեր տանը:

Հետո անցել են կերուխումին, անգամ կենացներ չեն ասվել, որ ներկաները գուշակեին իրենց գլխին գալիքը: Միջոցառմանը դիջեյ է հրավիրված եղել, ՔՊ-ականները պարել, տժժացել են: Փաշինյանը նաեւ նավով կրուիզի է տարել կուսակիցներին` երեք անգամից բոլոր ՔՊ-ականները պտտվել են Սեւանում։ Փաշինյանը փորձել է թիմակիցներին ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, մտահոգվելու առիթներ չկան»:

***

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեւանա լճի ափին գտնվող ՀՀ կառավարական ամառանոցում ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խնջույք է արել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցական խնջույքին ներկա են եղել իշխանական վերնախավը՝ թե’ պատգամավորներ, թե՛ նախարարներ, ու մինչեւ ուշ գիշեր քեֆ են արել: ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ, անկաշկանդ մթնոլորտում զրուցել, տարբեր թեմաներ քննարկել, շրջել կառավարական ամառանոցում:

«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ խնջույքը բավականին ակտիվ է անցել, իշխանականներն այդ օրը շատ բարձր տրամադրությամբ են եղել, իսկ կազմակերպչական աշխատանքները Նիկոլ Փաշինյանն է իր վրա վերցրել ու իր թիմակիցների ժամանցը կազմակերպել: ՔՊ-ականները փորձել են այդ օրը քաղաքական թեմաներով իրենց շատ չծանրաբեռնել, քաղաքական ելույթներ առհասարակ չեն եղել. ովքեր որ պետք է ստանային քաղաքական հրահանգներ, ստացել են, իսկ մյուսները վայելել են Սեւանը:

Հիշեցենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ ՔՊ խնջույքի համար 1 անձը 25 հազար դրամ գումար են հավաքել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more