▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավանդա-նորֆարմ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Հայրապետյանի ընտանիքին, ՊԵԿ-ի հետ ընկել է դատական քաշքշուկների մեջ: Մեզ հայտնի դարձավ, որ ցանկանում են 04.10.2023թ. արձանագրությունն անվավեր ճանաչել: Ըստ էության, Պետական եկամուտների կոմիտեն տուգանել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը, եւ նա, չհաշտվելով տուգանքի հետ, այն վիճարկում է դատարանում:

Նկատենք, որ նախկին պատգամավորի շուրջ սա միակ պատմությունը չէ, որ պտտվում է: Այս տարվա նոյեմբերի 23-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քննությամբ պարզվել է՝ ֆիզիկական անձ Ա. Հ.-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն. Ա.-ի անվամբ իրականացրել է կառուցապատման եւ բնակարանների օտարման գործունեություն Երեւան քաղաքի Ազատության պողոտա 1/10, 1/31, 1/32, 1/34, 1/38, 1/40, 1/41, 1/42 հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։

Նախնական համաձայնությամբ հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եւ հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, բնակարանների օտարման գործարքների փոխարեն, նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետեւանքով պակաս է հաշվարկել եւ չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումներով Ա. Հ.-ն եւ Ն. Ա.-ն ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ վարութային եւ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման ներքո վերջիններիս կողմից ներկայացվել է շուրջ 500մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների վերաբերյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ, եւ պետական բյուջե է վերականգնվել շուրջ 250 մլն ՀՀ դրամ գումար: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ «Պրեմիում Հաուս» թաղամասի կառուցապատողը հայտնի գործարար Լավանդայի Արայիկն է՝ Արայիկ Հայրապետյանը։ Նա Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ի անդամ էր, իշխանափոխությունից հետո համարավետ տեղավորվել էր նոր իշխանության «սրտի օլիգարխների» շարքերում` ՔՊ-ի տանիքի տակ։ Կարծես թե, իրավիճակ է փոխվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more