▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրի Հունանյանը բանտում աղոթում է և հեծանիվ է քշում

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԱԾ շենքում գտնվող, բայց ֆորմալ առումով արդարադատության նախարարությանը ենթարկվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մոտ 15 խուց կա, որտեղ նստում են, որպես կանոն, առավել վտանգավոր հանցագործները և մեղադրյալները, որոնք անցնում են ազգային անվտանգության խնդիրներին առնչվող և այլ ծանր մեղադրանքներով: 15 խցից երկուսում, միմյանցից առանձին, պահվում են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակները` Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրը՝ Կարենը: Խցերից մյուսում նստած են երկու սրբազանները` Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը, նրանք միասին են նստած: Մի առանձին խցում «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն է: ԱԱԾ-ին կից կալանավայրում, ըստ մեր աղբյուրի, շատ ավելի խիստ ռեժիմ է, օրինակ` բջջային հեռախոսներ, ի տարբերություն այլ կալանավայրերի, այստեղ չկան: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ վիճակում է ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը` ո՞ղջ է, ունի՞ արդյոք հոգեկան խնդիրներ, նրան տեսակցել թույլատրվո՞ւմ է, դուրս գալի՞ս է խցից, թե՝ ոչ, ինչո՞վ է զբաղված արդեն 26 տարի։ Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղարը, սակայն, մեր ոչ մի հարցին չպատասխանեց, հղում անելով ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությանը: ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե դա «խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը», ինչպես նաև՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Անձնական տվյալները մշակվում են օրինականև որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ չենք կարող տեղեկություններ տրամադրել»,- պաշտոնապես ասացին մեզ։

Հասկանալի չէ, թե այս տարրական տեղեկություններն ինչով են խախտում Նաիրի Հունանյանի անձնական տվյալների կամ կյանքի գաղտնիության սկզբունքը, մանավանդ` մի քանի տարի առաջ նրան կալանավայրում տեսակցել են, և այդ մասին անգամ հրապարակումներ են եղել: Ինչպես հայտնի է` Արման Բաբաջանյանն էր նրա հետ հանդիպել, զրուցել, ապա մամուլին տեղեկացրել, թե ինչ է ասել իրեն Հունանյանը:

Քանի որ պաշտոնական տեղեկություններ մեզ չփոխանցեցին, փորձեցինք մեր աղբյուրներից որոշ բաներ իմանալ: Մեզ պատմեցին, որ այս ՔԿՀ-ում աշխատակիցները սովորաբար շատ հարգալից են կալանավորների նկատմամբ, քանի որ նրանց մեծ մասը քաղբանտարկյալներ են, և հայտնի չէ, թե վաղը, իրերի բերումով, ով որտեղ կհայտնվի: Բայց այս սկզբունքը չի աշխատում Հունանյանների նկատմամբ, նրանց վատ են վերաբերվում, նրանց հանդեպ բացասական վերաբերմունքը չեն կարողանում թաքցնել, և հաճախ մերժվում են նրանց խնդրանքները: Օրինակ, Նաիրի Հունանյանը սիրում է ֆուտբոլի առաջնություններին հետևել, որոնք հաճախ հեռարձակվում են ուշ ժամերին: Բայց բանտում հեռուստացույցը որոշակի ժամի անջատվում է, և որքան էլ նա խնդրում է, որ թույլ տան խաղը մինչեւ վերջ դիտել, նրան չեն ընդառաջում: Ասում են նաև, որ առավոտյան շատ վաղ ժամի Նաիրի Հունանյանը բարձր ձայնով երգելով աղոթում է՝ խանգարելով մյուս խցերի անդորրը: Պատմում են նաև, որ նա հիմա անճանաչելի է դարձել` անհամաչափ գիրացել է, թեև ինտենսիվ զբաղվում է սպորտով: Նաիրի Հունանյանը հեծանիվ է քշում․ սովետական հեծանիվ կա, որը դրված է ընդհանուր հատվածում: Նրան ոչ ոք չի այցելում: Ընտանիքի անդամները վաղուց չկան հայրը, մայրը, եղբայրը, ինչպես հայտնի է, մահացել են»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more