▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մկրտիչ սրբազանը 1 բանի համար է ազատությունից զրկված` որ նա Կաթողիկոսի հետ ունի ազգակցական կապ

Մկրտիչ սրբազանը 1 բանի համար է ազատությունից զրկված` որ նա Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունի ազգակցական կապ,-ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Եվ հենց միայն կաթողիկոսի վրա ներգործելու համար իշխանությունը նրան պահում է անազատության մեջ։ Գիտեք, որ կաթողիկոսի այլ հարազատներ կան, որոնց նկատմամբ բառիս բուն իմաստով գործ է սարքվել։ Եվ այդ դեպքում ևս աշխատում են կաթողիկոսի վրա ներգործելու` այս իշխանության անարդյունք միջոցները»։

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի քրոջ որդին է։

Հավելենք, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, 1 ամսով երկարացրեց Մկրտիչ Սրբազանի կալանքը՝ վերացնելով բոլոր տեսակի սահմանափակումները։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեև Աշտարակի դատարանում և նրա դիմաց հավաքված մարդիկ որոշակի հույս ունեին, որ դատարանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը չի երկարաձգի, սակայն դատարանը քաղաքական վճռի հարցում «անսասան» գտնվեց` կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգեց:
Դատական նիստում դատավորի կրավորական կեցվածքն ու թեմայի նկատմամբ ակնհայտ անտարբերությունն արդեն իսկ հուշում էր` նիստից առաջ վճիռն արդեն կայացված է:
Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով»:

***

«Լուրջ չէ մտածել, որ տուժողների վրա Սրբազանը կարող է ազդեցություն գործել, տուժողներ, ովքեր հանրահայտ փաստ է՝ վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության հովանավորությունը, հարցազրույցներ են տալիս, իրենց դիրքորոշումներն անկաշկանդ հատնում, նույնիսկ կարգալույծ լինելուց հետո շարունակում են հակաեկեղեցական վարք դրսևորել, ու հիմա ասում են՝ Սրբազանի կալանքը պետք է երկարաձգել, որ չազդի տուժողի վրա։ Իսկապե՞ս»,- Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստի ժամանակ ասաց փաստաբան Ռոման Ահարոնյանը։

Այնուհետև փաստաբանը դիմելով նիստին ներկա գտնվող կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին՝ նշեց․ «Դուք մտածում եք, որ կարող է փոխե՞ք ձեր ցուցմունքները, Սրբազանը կարո՞ղ է ազդել ձեզ վրա։ Հիմա Սրբազանին կալանավորում եմ ձեր խաթր: Դատարանին ուղիղ ասեք՝ վախենո՞ւմ եք էս մարդուց, կփոխե՞ք ձեր ցուցմունքները, եթե այս մարդը դուրս գա»։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համացանցով հետևում էի Արագածոտնի մարզի դատարանում Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի դեմ իրականացվող շինծու վարույթով առաջին դատական նիստին։ Կալանքը վերացնելու մասին պաշտպանների հիմնավորումներն ավելի քան համոզիչ էին։ Այդ հիմնավորումների թվում էր այն, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր դատական սխալ և հնարավոր էր համարել այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը, սակայն քանի որ բուն գործն արդեն փոխանցվել էր դատաքննության, չէր բեկանել կալանքի որոշումը։
Ճիշտ նույն վիճակն էր մեկ այլ քաղբանտարկյալի՝ իմ պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանի պարագայում։ Ուստի վերստին նշեմ - Վճռաբեկի նախադեպը, որով ստիպված է առաջնորդվել Վերաքննիչը, ամենախայտառակ նախադեպն է, որին ինձ առիթ է վիճակվել ծանոթանալ։
Վերադառնալով Մկրտիչ Սրբազանի գործին՝ նշեմ, որ նրա կալանքի ժամկետը նույնպես երկարաձգվեց։
Հայոց Եկեղեցու դեմ ռեպրեսիաները շարունակվում են, և դրանց միացավ նաև դատավոր Դաբաղյանը։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

***

«Եթե չունենայիք Փաշինյանի և իր թիմի աջակցությունը, այդպես էլ լռելո՞ւ էիք», «Ե՞րբ եք ազատելու Հովհաննավանքը», «Կարողանո՞ւմ եք ձեր հոգևոր եղբայրների աչքերին նայել», «Պարո՛ն Թախմազյան, ձեզ պարոն Ասատրյա՞նն է համոզել մտնել այս պրոցեսի մեջ, թե՞ ձեր կամքով է»,- Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստից հետո լրագրողների այս հարցերից և ոչ մեկին այդպես էլ չպատասխանեցին դատարանում որպես տուժող կողմ հանդես եկող կարգալույծ հռչակված քահանաներ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը։ «Հրացազրույց չենք ուզում տալ, ինչ ասվել է դատարանում՝ այդքանով սահամանփակվեք»,- նշեց Թախմազյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more