▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միկոյան 64 համալիրի սեփականատերերից խլում են կանաչապատման համար նախատեսված ընդհանուր բաժնային սեփականությունը

Հետք․am-ը գրում է․ Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված և բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչներից խլում են իրենց պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականությունը։

Կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված հատվածն առանձնացրել է, այնուհետև վաճառել իրեն փոխկապակցված մեկ այլ ընկերության՝ «ԿԱԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ թույլ է տվել նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման  համար նախատեսված տարածքը օտարել. Ավինյանն այդ հատվածին առանձին հասցե է տրամադրել, իսկ Կադաստրի կոմիտեն իր հերթին, առանց գնորդների համաձայնությունը ստանալու, գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված հողամասի առանձնացված մասը գրանցել է որպես առանձին գույքային միավոր։ 

2 տարվա ժամկետի խախտում և շահագործման չհանձնված համալիր

 «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն Անաստաս Միկոյան 64 հասցեում 2019 թվականին ստացել է 6 հատ 18 հարկանի շենք կառուցելու շինթույլտվությունը։ Առայսօր այն շահագործման չի հանձնվել՝ չնայած բնակիչների մի մասն արդեն ապրում է այդ շենքերում։

Համալիրը կառուցվել է 3․37 հա մակերեսով հողատարածքի վրա, որտեղ, Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծով նախատեսվել են նաև մանկապարտեզ, շատրվաններ, ամֆիթատրոն, մինի վոլեյբոլի և ֆուտբոլի դաշտեր, մարզասրահ, լողավազան և ենթակայան:

2021թ․-ին «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունն արդեն մեկ անգամ փորձ էր արել  նախագծի փոփոխություն իրականացնել, և սկզբնական նախագծով նախատեսված բարեկարգման ու կանաչապատման, շատրվանների, մանկապարտեզի, ամֆիթատրոնի և խաղադաշտերի համար նախատեսված տածաքում իրականացնել թաունհաուզների կառուցում՝ վերջիններիս սպասարկող ճանապարհով: Սակայն գնորդների բողոքների արդյունքում գործընթացը կասեցվեց և չեղարկվեց:

Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման ժամկետ, ըստ բնակիչների հետ կնքված պայմանագրերի, սահմանված է եղել մինչև 2022 թվականի հոկտեմբերը։ 8 անգամ Երևանի քաղաքապետարանը երկարացրել է շինթույլտվությունը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024 թվականի հունիսի 5-ին ստորագրել է համալիրի ավարտական ակտը` չնայած բազմաթիվ աշխատանքներ դեռևս կիսատ են եղել։

Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալիկ Վարդազարյանը, պատասխանելով բնակիչների նամակին, հայտնել է, որ շահագործման թույլտվության ձևակերպման համար ժամկետ է սահմանվել մինչև 2025թ․ փետրվարի 13-ը։ Սակայն Քաղաքապետի 2024թ․ սեպտեմբերի 9-ի որոշման համաձայն՝  շահագործման ժամկետ է սահմանվել ավարտական ակտից 6 ամսվա ընթացքում։ Այսինքն՝ 2024թ․ դեկտեմբերի 5-ին համալիրն արդեն պետք է շահագործման թույլտվություն ունենար։  

Կառուցապատող  «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154․2 հոդվածի համաձայն կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն՝ առանց շահագործման թույլտվության կառուցապատված օբյեկտը շահագործելու փաստի կապակցությամբ։

Վաճառքի թաքուն գործարքներ

«Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն միաժամանակ նախաձեռնել է նախագծով և գնորդների գնման իրավունքով ծանրաբեռնված տարածքից 0,4 հա-ն օտարելու գործընթացը։

Քաղաքապետարանի պաշտոնյայի պատասխանից պարզվում է, որ համաձայն փորձագիտական եզրակացությունների և աշխատանքային վերահամաձայնեցված նախագծի՝ համալիրի նշված տարածքում նախատեսված են եղել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։  

Եվ չնայած Տիգրան Ավինյանն արդեն իսկ հաստատել էր այդ համալիրի ավարտական ակտը՝ հուլիսի 22-ի որոշմամբ «Ն ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Անաստաս Միկոյան փողոցի 64 հասցեում գտնվող 0.4 հա մակերեսով մասին տրամադրել է նոր հասցե՝ Անաստաս Միկոյան 64/7։ ՀՀ կադաստրի պետական կոմիտեում օգոստոսի 13-ին այն ստացել է պետական գրանցում՝ ստանալով առանձին կադաստրային ծածկագիր։ Այսինքն՝ Կադաստրի կոմիտեն «Ն ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին տրամադրել է սեփականության վկայական՝ անտեսելով և համապատասխան գրառումներ չանելով գոյություն ունեցող գնման իրավունքների (գրավի իրավունք) վերաբերյալ:  

Քանի որ հողամասն ամբողջությամբ գրավադրված էր «Ամիօբանկում», ապա այս գործարքները տեղի են ունեցել նաև բանկի մասնակցությամբ, որովհետև վերջինս նույնպես պետք է տար իր համաձայնությունը։

Դրանից հետո «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերությունը 2024թ. օգոստոսի 30-ին անշարժ գույքի նախնական և հաջորդող գրավի խառը պայմանագրով նշված 0,4 հա հողատարածքը վաճառել է իր հետ փոխկապակցված «ԿԱ ԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին։ 

Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ընկերության խոշոր բաժնետերը Աիդա Հովհաննիսյանն է՝ 62․5 % մասնակցությամբ։ «ԿԱ ԷՌ Մայնինգ» ՍՊԸ-իմիջանձնյա բաժնետերը Ռուբեն Կարախանյանն է՝ Աիդա Հովհաննիսյանի ամուսինը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more