▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային մամուլը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Երևանում հազարավոր ցուցարարներ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, գրում են միջազգային լրատվամիջոցներն՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Հանրապետության հրապարակում հավաքվել է ավելի քան 20 000 մարդ։ Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը, քանի որ համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանին սահմանազատում իրականացնելու կառավարության որոշմանը»,- գրում է DW-ն՝ նշելով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը խոստացել է կոնկրետ գործողություններ ձեռնարկել։

«Հազարավոր մարդիկ են հավաքվել Հայաստանի մայրաքաղաքում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Սպիտակ հանդերձանքով Հանրապետության կենտրոնական հրապարակում ելույթ է ունեցել հայտնի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, որը վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի համար մեկ ժամ ժամանակ տալով։ Ժամկետի ավարտից հետո նա ևս 15 րոպե է տվել, բայց վարչապետը որևէ կերպ չի արձագանքել»,- նշում է Politico-ն։

Militarynews-ը գրում է, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը «կոչ է արել մասնակցել խաղաղ անհնազանդության ակցիաներին, եթե Փաշինյանը չհամաձայնի իր պահանջներին»։

«Ընդդիմության առաջնորդը վերջնագիր է ներկայացրել երկրի ղեկավարին»,- գրում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «անլուրջ» է համարել իր հրաժարականի մասին խոսակցությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցները, իրենց հերթին, հիշեցնում են, որ Հայաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին սկսել սահմանների սահմանազատման գործընթացը։

«Կովկասի ոխերիմ թշնամիները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան 3 տասնամյակ առաջ ԽՍՀՄ փլուզումից ի վեր արյունալի հակամարտության մեջ են։ Իսկ այսօր, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին սահմանազատման մասին համաձայնագրի ստորագրման մասին, Հայաստանի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի ցույցերի դուրս եկան՝ ընդդեմ սահմանամերձ գյուղերի հանձնման»,- գրում է հնդկական WION-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more