▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղավոր մեկից անդին՝ պատասխանատվությունը պատկանում է յուրաքանչյուրիս․ պետք է փոխվենք․ Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, ստորեւ ներկայացնում ենք․

«ՀԱՆՈՒՆ ՄԵԶ ԿՐՈՂ ՀՐԱՇՔ ՍԵՐՆԴԻ»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր արտահերթ քննությունն է մեր հավաքական ժառանգության՝ անցյալից ստացված եւ հաջորդ սերունդներին փոխանցվող։

Կենսունա՞կ են արդյոք մեր ինքնությունը, կյանքի իրավունքը, արժանապատվությունը, Հայաստան պետություն-հայրենիք-քաղաքակրթություն Արժեքը պահպանելու եւ հզորացնելու հանձնառությունը։ Սա է մեր դարակազմիկ հիմնահարցը։

Եթե այս գոյութենական անջրպետը պետք է միասին հաղթահարենք ու սերունդաքանդ իջեցված ուղին շրջադարձենք, բոլորս պիտի անցնենք հոգու եւ ոգու ինքնամաքրման՝ ուժ եւ պարկեշտություն պահանջող անհավանական ճամփով։

Մեղավոր մեկից անդին՝ պատասխանատվությունը պատկանում է յուրաքանչյուրիս, եւ ձանձրացնող արդարացումների, «շաբլոնային» չքմեղանքների, ճարպիկ խոսքի ու բառախաղի ժամն սպառվել է շատոնց։

Երդում դրժած, ճշմարտուրաց, հատվածապաշտ, պարտված ու պառկած իշխանախմբից մինչեւ հրապարակներում, բանտերում եւ ինքնուրույն պայքարող գործիչներ՝ աշխարհիկ ու հոգեւորական, նախկին եւ ներկա, մինչեւ կողքից կարծիք գրողներ եւ, ամենակարեւորը. շարքային քաղաքացիներ, պետք է փոխվենք ըստ էության եւ կանգնենք ապագայի առջեւ մաքուր ու պատրաստ։

Մեր հիմնահարցը ուրիշ պատասխան-լուծում չունի։

Իսկ այս օրը, որը հաշվետու նոր օրերի վրա իր լույսը պարտավոր է սփռել, ես կյանքի գնով ու ողջ տարողությամբ շարունակում եմ ինձ հասնող տեւական հիմնամաքրումը։

Հանուն Լեո-Ռիչարդի, Արենիի եւ մեզ կրելու եկած հրաշք սերնդի։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

1 օգոստոսի 2024

Երեւան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more