Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենյան Հայոց Կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսաշող տոնին, համախմբված մեր սուրբ եկեղեցիների կամարների ներքո, փառաբանում ենք Բարձրյալ Աստծուն, որ մարդկության հանդեպ անհուն սիրով ու ողորմությամբ ուղարկեց Իր Միածին Որդուն՝ ազատելու մարդ արարածին մեղքից ու մահվան կապանքներից։ «Փառքի Թագավոր, Քո անճառ խոնարհությամբդ եկար մարդկության փրկության համար» - օրհներգում է շարականագիրը:
Այսօր Սուրբ Ծննդյան հրաշազարդ իրադարձությունն է վերստին հառնում մեր հայացքի առջև։ Երկնային բարձունքներում գահին բազմող Փառքի Թագավորը ծնվում է աղքատիկ մսուրում։ Փրկչի Ծննդյան հրեշտակաձայն ավետիսին ունկնդիր՝ պարզասիրտ հովիվները խոնարհվում են Մանուկ Աստվածորդու առջև։ Իմաստուն մոգերը երկրպագում են Փրկչին, Ով աստվածային խնամքով մարդկությանը առաջնորդում է դեպի բարիք, հաճություն ու համերաշխություն։
Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը անճառելի խորհուրդ է՝ մտքին անհասանելի, բայց հավատքով ճանաչելի և ընկալելի։ Փրկիչը խոնարհվեց և մարմին առավ նյութականից դեպի հոգևորն ու աստվածայինը բարձրացնելու մարդկային սրտերն ու մտքերը։ Անմահը մահկանացու դարձավ՝ ճշմարիտ կյանքի և հավիտենության ճանապարհը ցույց տալու մարդկությանը՝ համաձայն Իր խոսքի. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14.6)։ Այսօր էլ բեթղեհեմյան պայծառափայլ աստղը փորձություններով խռովահույզ աշխարհում փրկության հույսի ճանապարհն է ուղենշում։ Սուրբ Ծննդյան գիշերը վկայում է, որ անգամ նեղությունների խավարում փայլատակում է Աստծո լույսը, ծագում է Արդարության Արեգակը, ինչպես անվանվում է Քրիստոս շարականներում և մարգարեության մեջ (Մաղաք. 4.2)։
Քրիստոսին ընդառաջ գնալը, Նրա պատվիրաններով ապրելը վեհացնում և զորացնում է անձերին ու ժողովուրդներին, արժանի դարձնում աստվածային պարգևների և օրհնությունների։ Խանձարուրով պարուրված Աստվածորդուն ընդունելով մարդը զգեստավորվում է փրկության շնորհով, որը հավատացյալի կյանքում բխեցնում է երկնառաք բարիքների աղբյուրը։ Աստվածամերժ ընթացքները, սակայն, մարդկությանը կանգնեցնում են չարիքների և կործանարար սպառնալիքների առջև։
Այսօր ամենքս ականատես ենք Աստծուց հեռացող աշխարհի դառնագին իրականությանը՝ նյութականի պաշտամունք, քաղաքական ու տնտեսական շահեր, տիրապետելու մոլուցք, որոնց զոհաբերվում են անհատի և ժողովուրդների իրավունքները, բարոյականության սկզբունքները, համամարդկային խաղաղ համակեցությունը, երջանկությունն ու բարիքը։ Այս արհավիրքների հետևանքով մարդկությունը հայտնվել է աղետալի իրողությունների առջև՝ պատերազմներ, զոհեր ու ավերածություններ, կարիքի ու դժվարությունների մեջ հասակ առնող որբացյալ և անօթևան երեխաներ, հակամարտությունների դաժան պայմաններում գոյատևող, գաղթական դարձած ընտանիքներ։ Այսպիսի տագնապալի իրավիճակները հրամայական են դարձնում աշխարհի բարեփոխումն ու ժողովուրդների համերաշխ գոյակցությունը, որը մշտապես պատգամվում է Մանուկ Աստվածորդու Սուրբ Ծննդյան՝ «յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2.14) հրեշտակաձայն օրհներգությամբ։
Սիրելիներ, աշխարհաքաղաքական ներկա բարդ իրադրության մեջ ծանր փորձությունների ենթարկվեց մեր ժողովուրդը՝ բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, գրավված են մնում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր բազում զավակներ, Ադրբեջանի կողմից շարունակում են հնչեցվել նորանոր պահանջներ ու սպառնալիքներ։ Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման։ Այս ամենին զուգընթաց քրիստոնեական բարոյական ընկալումների և ազգային-հոգևոր ավանդական արժեքների խեղաթյուրումը աղճատում է մեր ժողովրդի ինքնության դիմագիծը, թուլացնում ազգային ոգին, ներքաշում դեպի մեղքի, հուսահատության որոգայթներ։ Սուրբ Ծննդյան խորհրդով մեզ վերստին երկնային հրավերն է ուղղվում՝ ընթանալու սիրո, հաշտության, արդարության տերունավանդ ճանապարհով։ Այս կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով։ Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերենք մեր ինքնությունը, ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի բարօրությունը։ Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին։ Մենք՝ որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, Նրա վարդապետությանը, ընթանանք Աստծո Խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվենք մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից։ Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ արդարության վերականգնման, հանուն մեր ազգի ու հայրենիքի ապահով և բարօր հարատևության։ Լինենք միմյանց գործակից և ոչ՝ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու և ոչ՝ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ։ Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում։ Երեխաների նոր ծնունդով, արժանավոր զավակների դաստիարակությամբ հզորացնենք մեր ազգն ու հայրենիքը։ Յուրաքանչյուրս մեր կարողության չափով ներդրում բերենք համազգային կյանքի առաջընթացին՝ ի պայծառություն մեր պետության և ի շահ մեր ժողովրդի լուսավոր գալիքի։
Սուրբ Ծննդյան ուրախալի ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Մեր ողջույնն ենք հղում ի Քրիստոս Մեր հոգևոր եղբայրներին՝ քույր Եկեղեցիների Պետերին և հավատավոր իրենց հոտին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի:
Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը միասնաբար աղոթք մատուցենք մարդեղացյալ Աստվածորդուն և հայցենք, որ առատ լինեն երկնահեղ օրհնությունները ազգային ու հայրենական մեր անդաստանում, հաստատուն մնան տերունավանդ հավատքը, հույսն ու սերը մեր կյանքում։ Խնդրենք Երկնավոր Տիրոջ զորակցությունը մեծ կորուստներ կրած և հարազատ բնօրրանից զրկված արցախահայությանը։ Խնդրենք Ամենակալից, որ խաղաղություն ու բարօրություն հաստատվի ողջ աշխարհում և հայրենի մեր երկրում։ Թող Աստծո ամենախնամ Աջը և Սուրբ Ծննդյան կենարար շնորհները մշտապես հովանի լինեն համայն մեր ժողովրդին այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»։
|