▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մելիքբեկյանի «դաբրոյով» Զագրեբ է մեկնել նաեւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպման 43-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի խաղացող Անտե Բուրիմիրը բացեց խաղի հաշիվը։

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ էր մեկնել նոյեմբերի 20-ին: Հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրարկովն ավելի ուշ հաստատել էր, որ հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկված են 23 ֆուտբոլիստներ՝ Օգնեն Չանչարեւիչ, Ստանիսլավ Բուչնեւ, Արսեն Բեգլարյան, Անդրե Չալըշըր, Ալբերտ Խաչումյան, Տարոն Ոսկանյան, Ստյոպա Մկրտչյան, Ժիրայր Շաղոյան, Էդգար Սեւիկյան, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան, Լուկաս Սելարայան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Միրանյան, Էրիկ Փիլոյան, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Հարությունյան, Վբեյմար Անգուլո, Հրանտ-Լեոն Ռանոս, Արտակ Դաշյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Վահան Բիչախչյան:

Վարազդատ Հարոյանը եւ Ուգոչուկվու Իվուն չմեկնեցին Խորվաթիա: Մեր ընտրանու ավագը բաց թողեց հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Ըստ տրամաբանության՝ Զագրեբ պետք է մեկնեին հայտավորված մարզիկները, մարզիչը եւ սահմանափակ թվով անդամներ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Խորվաթիա են մեկնել հնարավոր ու անհնարին, տրամաբանությունից հեռու ու մոտ մի շարք անձինք, որոնք փաստացի ոչինչ չեն ունեցել անելու. իրենց գործառույթը իրականացնելու կարիք եղել է Հայաստանում եւ ոչ թե Խորվաթիայում:

Ըստ տեղեկությունների՝ ՀՖՖ-ի հաշվին, Մելիքբեկյանի «դաբրոյով» Զագրեբ է մեկնել նաեւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ՝ պարզելու, թե, Հայաստանի ազգային հավաքականից բացի, ովքեր են մեկնել Խորվաթիա՝ խաղին ընդառաջ: Խնդրել էինք տրամադրել ցանկ: Նաեւ խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե որքան գումար է ծախսվել նրանց թռիչքի, կեցության եւ օրապահիկի համար: Ինչպես միշտ, այս անգամ եւս Մելիքբեկյանի ղեկավարած կառույցը հարցերին պատասխանում է միեւնույն ոճով՝ լռությամբ: Հատուկ ՀՖՖ-ի անձնակազմի եւ Արմեն Մելիքբեկյանի համար հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվական հարցումներին պետք է պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ամեն դեպքում, այս ծածկադմփոցից որեւէ տվյալ չհաղորդելով՝ ֆեդերացիան գնդակը գլորեց դեպի Գաբրիելյանի դաշտ:

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձեց կապ հաստատել պատգամավորի հետ՝ պարզելու, թե արդյոք գնացել է նա Զագրեբ, եւ եթե գնացել է, ինչ նպատակով: Սիսակ Գաբրիելյանը եւս մեր զանգերն ու նամակները թողեց անպատասխան. հնարավոր չեղավ պարզել, թե, օրինակ, այդ պատգամավորի եւ մյուս պաշտոնյաների ճամփորդության եւ կեցության ծախսերն ով է հոգացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more