▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասյացոտնի թեմը հրատապ հաղորդագրություն է տարածել

Թարմացում․ Երեկ գիշերվանից հետապնդումներ են սկսվել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպս Սարոյանը տարբեր միջոցներով փորձում է սպառնալ այն քահանաներին, ովքեր չեն միացել հակաեկեղեցական արշավին ու իրենց առաջնորդ են ընդունում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, ում Վեհափառ Հայրապետը նշանակել է թեմի առաջնորդական տեղապահ։

Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հակոբյանն Այսօր.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրեն հանդիպել են, փորձել են ճնշումներ գործադրել։

«Մենք եկեղեցական կարգն ենք պահում, անձեր չենք պահում։ Ասել ենք՝ մեր նշանակումը եկեղեցական կարգով է եղել ու փոփոխություն կարող է լինել միայն եկեղեցական կարգով»,- նշեց Տեր Հայրը։

Տեր Հարությունը հերքեց այն լուրերը, թե, իբր, այդ հանդիպումից հետո ինքը մեկուսացել է, կապի դուրս չի գալիս և այլն։

Տեր Հայրը պնդեց՝ Մասյացոտնի թեմի հոգևորականներն անսասան են, վստահաբար, այդպես էլ շարունակվելու է։

«Ճնշումներ են, մարդկային առումով, գուցե, մի պահ տկարանան, բայց Տիրոջ սուրբ հոգին յուրաքանչյուրիս առաջնորդելու է ու մեր հարցում նաև ճշմարտություն է բացելու»,- նշեց Տեր Հարությունը։

Հարցին՝ Գևորգ Սարոյանի հետ հանդիպման որևէ ձևաչափ քննարկելի՞ է հոգևորականաց դասի համար՝ Տեր Հարությունն արձագանքեց, որ Գևորգ Սրբազանը դեռ Հայ առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոս է, որը պաշտոն չունի։

«Վեհափառից պաշտոն չի ստացել ըստ եկեղեցական կարգի։ Մեր պատասխանն է՝ եթե անելու եք բան, գնացեք, հանգիստ արեք։ Ինչ անելու են, թող անեն, մենք խնդիր չունենք»,- հավելեց Տեր Հարությունը։

***

ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի հրատապ հաղորդագրությունը. «Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։
Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։
Տեղեկացնում ենք, որ հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել։ Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու Եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից։
Սպառնալից խոսույթով պահանջները հիմնականում արվել են Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին ուղղված։
Ներկայացնում ենք մի վկայություն. «Քիչ առաջ գյուղապետի մոտից եկա, Սրբազանի խոսքը ինձ փոխանցեց, ասում է, որ եթե երկու օրվա ընթացքում չներկայանամ Սրբազանին, ինձ գործից կհեռացնի»»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more