ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Շիրակի մարզի տարածքում գործող տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ ավելի քան 230 մլն դրամի հափշտակության հանգամանքները, եղանակը։ Մեղադրանք է առաջադրվել 3 անձի։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրիի 60-ամյա բնակիչն իր ֆինանսական խնդիրները լուծելու, ապօրինի ճանապարհով գումարային մեծ օգուտներ ստանալու նպատակով 2012-2014 թվականների ընթացքում պատրաստել է կեղծ ոսկյա զարդեր և դրանք իրացրել Շիրակի մարզի տարածքում գործող տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում։
Մասնավորապես՝ ունենալով ոսկերչի մասնագիտական գիտելիքներ՝ Գյումրեցի տղամարդը 2012 թվականի սկզբներից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածը պատրաստել է կեղծ ոսկյա զարդեր։
Քննությամբ պարզվել է ոսկերչի կողմից կիրառված կեղծիքների մի քանի տարբերակ. մի դեպքում ոսկեջրել է արծաթյա ապարանջաններն ու շղթաները, իսկ մեկ այլ դեպքում՝ ոսկյա մանյակների, ապարանջանների, շղթաների սնամեջ դետալներում լցրել է «Վուդի համաձուլվածք» կոչվող դյուրահալ նյութ՝ այդ կերպ զգալիորեն ծանրացնելով ոսկյա զարդերի քաշը։
Նշված եղանակների օգտագործմամբ ոսկերիչը խեղաթյուրել է զարդերի որակական հատկանիշները, դրանց շուկայական արժեքը, ոսկու կշիռը, հարգը, զարդերում առկա ոսկու պարունակությունը, ինչից հետո հատուկ տեխնիկական սարքավորումների օգնությամբ, արհեստագործական կամ ինքնաշեն եղանակով կեղծել է նաև պատրաստված զարդերի տարբերանիշերը, հարգադրոշմները՝ դրանք նմանեցնելով համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների հարգադրոշմներին և տարբերանիշերին։ Կեղծված զարդերն իր ընտանիքի անդամների, ազգականների և ծանոթների միջոցով գրավադրել է Շիրակի մարզում գործող 6 տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում։
Քննությամբ պարզվել է, որ կեղծված զարդերի մեծ մասը տաբեր վարկառուների միջոցով գրավադրվել է 2 բանկում։ Ընդ որում, դրանցից մեկում նրան աջակցել են տվյալ բանկի ոսկերիչ-փորձագետները, որոնց հետ 60-ամյա գյումրեցին ծանոթ է եղել նախկինում ևս։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բանկի ոսկերիչ-փորձագետները նախապես տեղեկացված են եղել վարկառուների ներկայացրած զարդերի կեղծված լինելու մասին և փաստացի չկատարելով իրենց վրա դրված աշխատանքային պարտականությունները՝ չեն ստուգել, չեն պարզել ներկայացված զարդերի մետաղի տեսակը, հարգը՝ դրանք ձևակերպելով որպես գրավի առարկա։
Կեղծված զարդերի գրավադրմամբ՝ 60-ամյա գյումրեցին Շիրակի մարզում գործող վարկային կազմակերպություններից և բանկերից ստացել է դրանց շուկայական արժեքն էապես գերազանցող վարկեր։ Խարդախության եղանակով հափշտակված գումարը գնահատվել է 234.450.442 մլն դրամ։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գյումրիի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, բանկի երկու ոսկերիչ-փորձագետներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ բանկերից և վարկային կազմակերպություններից հափշտակվել է ավելի քան 230 մլն դրամ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


