Լրագրող Վահե Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գործող կառավարությունը ջանք չի խնայում՝ մարդկանց կյանքը բարդացնելու համար: Ներդրել են համընդհանուր հայտարարագրման համակարգ ու բոլոր վարձու աշխատողներին հարկադրում են եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնել: Անունը դնում են՝ առաջին հերթին ուզում ենք իմանանք, թե ինչ եկամուտներ են ունենում քաղաքացիները, որ աջակցության ծրագրերը արդյունավետ իրականացնենք: Բայց դե ամենատգետին էլ պարզ է, որ սա առաջին հերթին մարդկանց եկամուտները լրացուցիչ եղանակով պարզելու և հարկեր ավելացնելու նպատակ ունի: Փող, փող, փող, ուրիշ ոչինչ: Բայց սա միայն սկիզբն է: Հայտարարագիր ներկայացնելու համար պիտի էլեկտրոնային եղանակով ստորագրես էդ փաստաթուղթը: Դրա համար պիտի ունենաս ID քարտ եւ այն կարդացող սարք: Եթե չունես պիտի ձեռք բերես: Երկրորդ եղանակը բջջային հեռախոսի միջոցով նույնականացում անցնելն է: Ու բինգո՝ էս պարագայում ևս պիտի ունենաս ID քարտ: Հանճարեղ լուծում է: Կառավարության գիգանտ ուղեղեները նստել են մի սենյակում, գլուխներն իրար տվել են ու մտածել ես էսպիսի ցնցող լուծում: Եթե ID չունես, պիտի գնաս անձնագրային, ID վերցնես, էստեղ հիշում ենք, չէ՞, անձնագրայիններում ոնց են մարդիկ վերջին ժամանակներում նյարդեր քայքայում: ID-ն վերցնում ես, գնում ես քո բջջային օպերատորի գրասենյակ, էնտեղ հեռախոսիդ եղած չիպի փոխարեն նոր չիպ են տալիս, գրասենյակի անձնակազմն էլ իբր քեզ պիտի օգնի, որ անցնես նույնականացումը, հետո ավելացնես էլեկտրոնային ստորագրության ծառայությունը: Զարմացա՞ք: Ոչինչ, համբերեք: Համբերությունը շատ պետք կգա, որովհետև էս տարի համընդհանուր հայտարարագրման համակարգին պաշտոնական տվյալներով միանալու է մի 700 հազար մարդ (ՀՀ ռեզիդենտ և ՀՀ քաղաքացի վարձու աշխատողներ): Մի հատ ասեք՝ 700 հազար մարդ: 700 հազար քվեով Հայաստանում իշխանություն է ընտրվում: Էս մարդկանցից քանի՞սն ունի ID: Ա՛յ վայ-կառավարիչներ, անձնագրայիններում միգրացիոն նոր հոսքեր եք ցանկանում տեսնե՞լ, իրար հրմշտող, ներվայնացող, ձեզ «բարի խոսքերով հիշող» մարդկանց եք ուզում տեսնե՞լ ու լսե՞լ, հաճույք եք ստանում մարդկանց գժվացնելուց ու ի պատասխան «քֆուր ուտելուց», դուք ի՞նչ խմորից եք, էդ խմորի մեջ սադոմազոխիզմի սերմեր են գցե՞լ ժամանակին: Ասեք իմանանք, թե դուք ինչ խմորից եք: Բայց սա էլ վերջը չէ: Եթե ասես՝ թքել եմ սրանց վրա էլ, իրենց նորամուծությունների ու փող կլպելու նորաձեւ մեթոդների վրա էլ ու հայտարարագիր չներկայացնես, ասում են՝ առաջին անգամ կզգուշացնենք, դրանից հետո մի ամսվա մեջ եթե չներկայացնես, կտուգանենք 5000 դրամ, նորից չհայտարարագրելու դեպքում տուգանքը կդառնա 10.000: Էս ֆոնին առաջինը երեւի մտաբերեցիք հայտնի բլոգեր-վլոգերին, չէ՞, որ ժամանակին գոռգռում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, տռուսիկով արագաչափ էր փակում: Տարիներ շարունակվող սնամեջ, դատարկ պոպուլիզմն ու դրան զուգահեռ օր-օրի աճող մտքի սնանկությունն ու աչք ծակող կառավարման դեբիլիզմն էլ պիտի վերջ ունենա»:
***
ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ովքեր և ինչպես պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր․ «2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․
2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն նաև այն ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն), որոնք հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացել են հարկվող եկամուտներ։ Ընդ որում, քաղաքացիների այս խումբն ունի եկամտային հարկը նույն ժամկետում պետական բյուջե վճարելու պարտավորություն։ Օրինակ, այն անձինք, որոնք նախորդ տարվա ընթացքում վարձակալությամբ տրամադրել են բնակարան։
Ինչպես ներկայացնել հայտարարագիր
Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:
Այս համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Բջջային հեռախոսի միջոցով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․
ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ այս հղումով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.
Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, www.mts.am
Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, www.ucom.am
Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․
ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
Ունենալ նաև նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից:
Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
Կարևոր է իմանալ, որ նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում»։