▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը հարվածեց Իրանին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Իսրայելը հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Իսրայելը նախազգուշական, կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Մոտ ապագայում սպասվում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պատասխան հարվածներ, ուստի արտակարգ դրություն եմ հայտարարում երկրում»,- նշել է նա։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին սպանվել է։ Այս լուրերը առայժմ ճշտված չեն և չկա հստակ տեղեկություններ հասցված վնասների մասին»։

***

ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում իրանական թիրախներին՝ օդից և ծովից, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյայի։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հաստատել էր ԱՄՆ-ի մասնակցությունը Իսրայելի ռազմական գործողությանը։

***

Իրանի պատասխանը կլինի ուժեղ և վճռական, РИА Новости-ին հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունից՝ անդրադառնալով Իսրայելի կողմից հասցված հարվածներին։

***

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռների մասին։ Ըստ The Times of Israel-ի՝ երկրում օդային տագնապ է ազդարարվել, ՀՕՊ-ն աշխատում է իրանական հրթիռները որսալու ուղղությամբ։

***

Իսրայելը փակեց իր օդային տարածքը, այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Դեպի այդ երկիր մեկնող օդանավերը վերադառնում են ելման կետեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, Թեհրանում պայթյուններ են որոտացել։

***

Պայթյունի ձայներ են լսվել նաև Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում․ գրում է իրանական լրատվամիջոցները։

▪️Թեհրանում մի քանի հրթիռներ հարվածել են Համալսարանական փողոցին և Ջոմհուրի թաղամասին: Որոշ առցանց լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը։

▪️Ամերիկյան լրատվամիջոցները՝ The New York Times-ը, CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, պնդում են, թե Միացյալ Նահանգները մասնակցել է Իրանի վրա հարձակմանը։ 

▪️Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հատուկ ռազմական գործողությունը, ըստ տեղեկությունների, կոչվում է «Հուդայի վահան»։

▪️Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերը սկսել են Իրանի դեմ օդային հարվածների երկրորդ ալիքը:

***

Clash Report-ը, անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածին, գրում է, որ Իսրայելը փորձել է վերացնել Իրանի ղեկավարությանը, այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Reuters-ն էլ հայտնում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խամանեին Թեհրանում չէ. նա անվտանգ վայրում է։

***

Թելեգրամյան ալիքները հայտնում են, որ Իսրայելը երկրորդ ավիահարվածն է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ հասել է Իրանի դեմ իր գործողության բոլոր նպատակներին։ Հրթիռներն ընկել են Թեհրանի Ջոմուհրի շրջանում՝ Դանեշահ պողոտայի վրա։ Բանակը հարվածել է Իրանի տարածքում գտնվող մոտ 30 թիրախի, այդ թվում՝ նախագահի նստավայրին և հետախուզության շտաբ-բնակարանին։

***

ԱՄՆ-ն համակարգել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Գործողությունը համատեղ ծրագրվել էր ամիսներով, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Հաղորդվել է Իրանի խորհրդարանի վրա հարվածների մասին։ Պայթյուններ են լսվել նաև այլ քաղաքներում։

***

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Նա նշել է, որ նպատակը՝ Իրանի կողմից ԱՄՆ ժողովրդին և զորքերին ներկայացվող սպառնալիքի վերացումն է։

***

Fars գործակալությունը հայտնել է հրթիռային 7 հարվածի մասին՝ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրի և նախագահական պալատի ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Խամանեին տեղափոխվել է անվտանգ վայր, նախագահ Փեզեշքիանն էլ չի տուժել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more