▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսիկ Կուլի լեգենդը. ի՞նչ են թաքցրել հայ վանականները լճի հատակում

armeniasputnik.am-ը գրում է. Ավանդույթի համաձայն` Իսիկ Կուլ լճի մոտ ապրող հայ վանականները մոնղոլների արշավանքների պատճառով լճում են թաքցրել Քրիստոսի աշակերտներից մեկի` Սուրբ Մատթեոսի մասունքները, ինչպես նաև մեծ քանակությամբ ոսկի և արծաթ։

Ղրղըզական Իսիկ Կուլ լճի (թարգմանվում է որպես «տաք լիճ») հետ կապված շատ գաղտնիքներ ու լեգենդներ են հյուսվել, ու, չնայած աշխարհագրական դիրքին, (Կովկասից հեռու) որքան էլ զարմանալի թվա` լեգենդներից մեկն էլ հայերի հետ է կապված։

Գրիգորևյան կիրճի ճանապարհին (Իսիկ Կուլի ամենագեղատեսիլ և գեղեցիկ վայրերից մեկը) էքսկուրսավարն իսկույն հիշում է այդ լեգենդը, երբ իմանում է, որ ունկնդիրների շարքում նաև հայեր կան։

«Ձեզ կհետաքրքրի, դուք գիտե՞ք հայկական վանքի և Սուրբ Մատթեոսի մասին լեգենդը», — հարցնում է Էլմիրան։

Լեգենդի համաձայն` հենց Ղրղըզստանում, Իսիկ Կուլ լճում է գտնվում քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկը` Քրիստոսի աշակերտներից մեկի` Սուրբ Մատթեոս առաքյալի մասունքներով տապանը։ Լեգենդը հիմնվում է 1375թ-ի այսպես կոչված աշխարհի Կատալոնական քարտեզի վրա (պատրաստել է այդ ժամանակ հայտնի քարտեզագիր Աբրահամ Կրեսկուսը), որտեղ նշված է վանքը։

Քարտեզի վրա գրություն կա. «Վայր, որը կոչվում է Իսիկոլ։ Այդտեղ է գտնվում հայ եղբայրների վանքը, որտեղ պահվում է Սուրբ Մատթեոսի մարմինը»։ Ավանդույթի համաձայն` Սուրբ Մատթեոս առաքյալը տանջամահ է եղել հեթանոսների կողմից Սիրիայում Քրիստոսի քարոզչության համար, հենց այստեղ էլ պահպանվել են նրա մասունքները։ Իսկ երբ Հռոմի Դեկիոս կայսրը (249-251) սկսել է հալածել քրիստոնյաներին Հռոմեական կայսրության գրաված բոլոր երկրներում, ապա հավատացյալները, վախենալով մասունքների անարգումից, դրանք տեղափոխել են Միջին Ասիա։ Ըստ ավանդույթի` նեստորիան վանականները (նրանց Բյուզանդիայում հալածել են որպես հերետիկոսներ), որոնք թաքցրել են Սուրբ Մատթեոսի մասունքները, իմանալով մոտեցող մոնղոլական արշավանքի մասին, 200 բեռնակիր ուղտերից կազմված քարավանը բեռնել են ոսկով, արծաթով և թանկարժեք քարերով, Իսիկ Կուլի հյուսիսային ափով շարժվել են դեպի Չինաստան, սակայն ճանապարհին իմացել են, որ ջոկատներից մեկն արդեն փակել է ճանապարհը։ Հայկական վանքը մոտ է եղել, և նրանք դիմել են վանքի սպասավորներին, հետո ափում կամ լճի հատակում թաքցրել են գանձերի մի մասը։

Озеро Иссык-Куль в Киргизии

 Իսիկ Կուլ 

Առավոտյան քարավանը շարժվել է դեպի սարեր և թաքնվել քարանձավի մոտ, որի մեջ լցվել է լեռնային գետը։ Գետի ջրերը ժամանակավորապես պահել են և մնացած գանձերը թաքցրել են քարանձավում` փակելով քարե սալիկներով։ Դրանցից մեկի վրա խաչ են պատկերել և ծածկել հողի շերտով։ Հետո գետը կրկին հոսել է իր հունով։

XIX կեսին անվանի ռուս գիտնական Սեմյոնով Տյան Շանսկին ուղևորվել է Թուրքեստանը հետազոտելու։ Նա Իսիկ Կուլի ափին վանքի հետքեր չի գտել, բայց ենթադրել է, որ այն կարող էր գոյություն ունենալ Իսիկ Կուլի Կուրմենտինյան ծովածոցի շրջանում և ավելի ուշ անցել է ջրի տակ։ 20-րդ դարի սկզբին գտել են թաքցրած գանձի քարտեզը, սակայն պեղումներին խանգարել է Թուրքիստական ապստամբությունը։ Երկրորդ անգամ այն երևան է եկել խորհրդային շրջանում` 20-ական թթ-ին։ Այն ցուցադրել են տեղի երկրաբանական վարչությունում և նույնիսկ պեղումների արտոնագիր ստացել։ Քարանձավում, որը քարտեզի վրա նշված է եղել խաչով, հնագետները գտել են ոսկե մուրճ և հանձնել են իշխանություններին։ Դրանից հետ ոչ մի տեղեկություն չկա, իսկ մուրճը, էքսկուրսավարի խոսքով, անհետացել է… Իտալացիները պնդում են, որ առաքյալի մասունքները դեռ մ.թ. 1-ին դարում հայտնվել են Ապենինյան թերակղզում և հիմա իբր գտնվում են Սալերնո քաղաքի Սան Մատեո տաճարում։ Գերմանական Տրիրում նույնպես համոզված են, որ սբ. Մատթեոսի մասունքները գոյություն ունեն, որտեղ կա Սուրբ Մատթեոսի աբբայություն։ Գիտնականների մեկնաբանությունները քարտեզի իսկության և Իսիկ Կուլում սբ. Մատթեոսի մասունքները գտնելու հնարավորությունները շատ տարբեր են, սակայն լեգենդի վերաբերյալ լուրջ վերաբերմունքի մասին են խոսում բազմաթիվ գիտարշավները, հետազոտությունները և պեղումները։ Այդ հիպոթեզի պաշտոնական հաստատում առայժմ չկա հավաստի փաստերի բացակայության պատճառով, սակայն գիտնականներն ու հետազոտողները հուսով են, որ ամեն դեպքում կգտնեն դրանք, ինչպես և տարբեր դարաշրջանների քաղաքների ավերակները։ Իսկ առայժմ գոյություն ունեն տարբեր ենթադրություններ հայերին պատկանած քարանձավի մասին, որը որոշ գիտնականների կարծիքով վանք է (շինարարության որակը խոսում է հօգուտ հայկական ծագման)։ Սակայն Ղրղըզստանի գիտությունների ակադեմիան և շատ գիտնականներ լիահույս են, որ «սուրբ լճի» հատակում կգտնեն սբ. Մատթեոսի մասունքները և վանքի հետքերը։



Եթե անգամ այս պատմությունը պարզապես լեգենդ է, որը մեծացնում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը լճի նկատմամբ, միևնույն է` շատ գեղեցիկ պատմություն է։ Եթե նույնիսկ չգտնեն այդ ավանդույթի հնագիտական հաստատումները, հավատացողների համար այն ճշմարտություն էլ կմնա։

Ինչ վերաբերում է Իսիկ Կուլի ափերին հայերի ներկայությանը, ապա դա իրականություն է։ Ապացույցը մեծ և գեղեցիկ զբոսաշրջային քաղաքն է լճի ափին, որի տերը մեր հայրենակիցն է։

Այնպես որ, հայերը շարունակում են վայելել գեղեցկությունը և «ոսկե ձկնիկ բռնել» լեգենդներով հարուստ լճի ափերին…

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more