▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս այս թիմը կարողացավ պարտվել Մալթային. խոսում են սպորտային մեկնաբանը, քաղաքական գործիչը, երգիչն ու աստղագետը

Հունիսի 7-ին տեղի ունեցավ  Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը: Ցավոք, Հայաստանի հավաքականը չկարողացավ գնդակն ուղղել հակառակորդի դարպասը և խաղն ավարտվեց 0:1 հաշվով` հօգուտ Մալթայի, իսկ, ահա, երեկ` Կոպենհագենում Դանիայի հավաքականի  հետ խաղում Հայաստանը հաղթեց 4:0 հաշվով:

Տարօրինակ ու զարմանալի էր ոչ միայն մեր հավաքականի խաղը, այլ նաև մեր էմոցիոնալ պոռթկումները:

Բնականաբար վատ խաղի դեպքում` լուտանքների շարք, լավի դեպքում` «մեր նմանը չկա» և, իհարկե, թե նման խաղ ցուցաբերող թիմը ինչպե՞ս կարող էր պարտվել:

Այս առիթով որոշեցինք փոքրիկ հարցախույզ անցկացնել` տարբեր մասնագիտություն և հետաքրքրություն ունեցող մարդկանց շրջանակներում:

Asekose.am-ի թղթակցի հարցերին, այն է` կարծիք Հայաստան-Դանիա խաղի մասին և այն, թե ի՞նչն էր պատճառը, որ Հայաստանը պարտվեց Մալթային, պատասխանեցին հաղորդավար, սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը,  «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար  Ստեփան Սաֆարյանը, աստղագետ Արեգ Միքայելյանը, երգիչ Արամոն:

Կարեն Գիլոյան. «Հիմա ամենևին պետք չէ վերադառնալ տխուր հիշողություններին, Մալթայի խաղը թյուրիմացություն էր, բայց սա սպորտ է և սպորտում նման դեպքեր մեկ անգամ չէ, որ եղել են: Հենց երեկ իտալիայի հավաքականը ոչ ոքի խաղաց Հայիթիի հավաքականի հետ, հիմա ինչ անենք, ասենք` իտալացիները ֆուտբոլ խաղալ չգիտե՞ն:

Ինչ վերաբերում է երեկվա խաղին, այն ֆանտաստիկ էր, շատ լավ էր, հաճելի, ինչ-որ տեղ նաև անսպասելի: Եկեք հավատանք, որ դա այն էր, ինչ լինելու էր ու փառք Աստծո, որ Հայաստանի հավաքականը կարողացավ այդպես գեղեցիկ խաղալ ու բոլորիս շատ-շատ  թանկ պահեր պարգևել»:

Ստեփան Սաֆարյան. «Ֆուտբոլի լավագույն մասնագետը չեմ, բայց ամեն դեպքում, հարցին, թե ինչն էր պատճառը, որ Երևանում պարտվեցինք Մալթայի հավաքականին, չեմ կարող ասել. Գուցե մարզչի  կողմից կայացվող ոչ ճիշտ որոշումն էր,կամ ֆուտբոլիստների սխալը, չգիտեմ: Ինչ վերաբերում է երեկվա` Հայաստան-Դանիա խաղին, ապա շատ գոհ եմ»:

Արեգ Միքայելյան. «Ես դրա մասնագետը չեմ, ամեն դեպքում ֆուտբոլը խաղ է, միշտ չէ, որ ուժեղն է հաղթում: Նույնիսկ շախմատում են լինում սայթաքումներ»:

Արամո. «Երեկվա խաղը հիանալի էր, իսկ, թե ինչու պարտվեցինք Մալթային` չեմ կարող ասել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more