▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ աղջիկներն, օրինակի համար, չեն կարող դառնալ էլեկտրիկներ կամ ինժեներներ...

Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի Սոցիալական հարցերի հանձնաժողովը և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Ուսանողական խորհուրդը սույն թվականի ապրիլի 12-ին համատեղ կազմակերպեցին «Հավասար հնարավորություններ բոլորի համար. Սոցիալական հավասարությունը բարձրագույն կրթությունում» նախագծի շրջանակներում առաջին հասարակական-ուսանողական լսումները: ՀՈՒԱԱ սոցիալական հարցերով հանձնաժողովի անդամներ, միջոցառման կազմակերպիչներ Լուիզա Աբրահամյանն ու Մերի Խաչատրյանը իրենց բացման խոսքում նշեցին, որ բարձրագույն կրթությունում կարևոր հիմնախնդիր է համարվում սոցիալական հավասարությունը, և բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին և հնարավորություն ընձեռի բոլոր ցանկացողներին ներգրավել այս կրթամակարդակում, անկախ անձի սոցիալական, աշխարհայացքային, ազգային առանձնահատկություններից կամ սահմանափակ կարողություններից:
Լուիզա Աբրահամյանը, ով վերջերս էր վերադարձել Իռլանդիայից, կիսվեց իր Եվրոպական փորձով: Նա անդրադարձավ ուսանողների նկատմամբ կիրառվող խտրականություններին, դրանք առանձնացնելով 5 տեսակների` գենդերային, սեռական կողմնորոշման, հաշմանդամային, էթնիկ և մշակութային: Նա նշեց, որ մենք բոլորս հավասար ենք, անկախ մեր ունեցած ֆիզիկական և մտավոր կարողություններից:
Նրա զեկույցից հետո ծավալվեց բուռն քննարկում, որի ժամանակ հաշմանանդամություն ունեցող, ԵՊՀ մագիստրատուրայի ուսանող Ռուդոլֆ Զաբրոդինը նշեց, որ վերոնշյալ հինգ խտրականության տեսակները պետք է դրվեն նույն հարթության վրա:

Հետո խոսքը տրամադրվեց հաշմանդամություն ունեցող Աննա Ավետիսյանին: Վերջինս առանձնացրեց հաշմանդամության 2 մոդել` 
բժշկական և սոցիալական.

1.  Որ հաշմանդամը չի քայլում, չի տեսնում, հենակով կամ հաշմանդամության սայլակով է տեղաշարժվում:

2.  Չկան թեք հարթակներ, լայն դռներ, դեղին ռետինե աստիճանաեզրեր, շոշափելի տառեր, կրթական ծրագրերում աուդիո գրականություն, հատուկ մոնիտորներ տեսողական խնդիրներ ունեցողների համար(AREV և Բրեյլյան համակարգեր), չսահող հատակներ,հարմարեցված սանհանգույցներ:

Այնուհետև առաջ քաշվեցին 3 հետևյալ հիմնական գաղափարները՝

1.  «Չենք կարող փոխել մարդուն` փոխենք միջավայրը»:

2.  «Եթե տվյալ միջավայրը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին, հարմար է բոլորին»:

3.  «Բուհը ապահովված չէ հաշմանդամությունից»:

 

Միջոցառմանը ներկա, «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նվարդ Մարգարյանն իր խոսքում շեշտը դրեց գենդերային խտրականության, կնոջ դերի բարձրացման անհրաժեշտության և նրա նկատմամբ բռնության վերացման վրա: Նրա կարծիքով Հայաստանի կանայք իրենց համոզմունքներով և ինտելեկտուալ ներուժով ռեալ ուժ են, ովքեր ունակ են ներգործելու ժողովրդավարական վերափոխումների գործընթացի վրա:
Քննարկումն ավելի բուռն ընթացք ստացավ, երբ նա իր ելույթում նշեց, որ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում սովորում են հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ, և հակառակ դրան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (պոլիտեխնիկ) սովորում են արական սեռի ներկայացուցիչներ: Այդ հարցի շուրջ հնչեցին տարբեր կարծիքներ, որտեղ մասնակից տղաներից մեկն ասաց. «Ինչու՞ աղջիկները չեն կարող դառնալ օրինակի համար էլեկտրիկներ, ինժեներներ, ավտոմեխանիկներ կամ էլ պատի գաջ քսողներ»: 

Քննարկմանը հաջորդեց մտագրոհը, որի համար մասնակիցները բաժանվեցին 4 խմբերի՝ քննարկելու համար հետևյալ 3 թեմաները.
1. Սոցիալական Հավասարությանը վերաբերող ներկա ժամանակներում ամենախոր խնդիրները:
2. Վերջինիս լուծման համար առաջարկվող ուղիներ:
3. Ի՞նչ է արել կառավարությունը ներաազդելու համար և ինչ կարող ենք անել մենք կառավարությանը մեր ձայնը լսելի դարձնելու համար:

Յուրաքանչյուր թիմից մեկ ներկայացուցիչ ներկայացրեց իր թիմի կատարած աշխատանքը, որը վերջնական ամփոփեց ՀՈՒԱԱ սոցիալական հարցերով հանձնաժողովի անդամ Մերի Խաչատրյանը: ՀՈՒԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը հավելեց, որ այս արդյունքներն ընդգրկվելու են «Սոցիալական Հավասարության» մասին հայեցակարգում, որը պատրաստ կլինի ՀՈՒԱԱ 7-րդ Ընդհանուր Ժողովին ընդառաջ:

 

ՀՈՒԱԱ նորություններին հետևելու համար միացեք մեր ֆեյսբուքյան էջին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more