Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը բաժանվել է երկու բևեռների: Մի բևեռը՝ իշխանական, բնականաբար ուզում է վերարտադրվել, ինչը նշանակում է ստատուս քվոյի պահպանում: Մյուս բևեռը, որտեղ ավելի մեծ թվով քաղաքական կուսակցություններ են ներկայացված, հանդես է գալիս համակարգային և իրավիճակի կտրուկ փոփոխության դիրքերից:
Եթե քաղաքական դաշտում կա երկու բևեռ, հասարակությունում ընդամենը մի բևեռ է: Բացառությամբ իշխանական նեղ շրջապատի՝ հասարակության մեծամասնությունը երկրում ցանկանում է կտրուկ փոփոխություներ տեսնել:
Հարց է ծագում, եթե փոփոխությունը հասարակության ցանկությունն է, և կան քաղաքական ուժեր, որ կարող են առաջնորդել այն, ի՞նչ խոչընդոտ կա ընտրությունների միջոցով հասնելու այդ փոփոխություններին: Ես երեք հիմնական խոչընդոտ եմ տեսնում.
1. Հույսի և հավատի բացակայություն: Հաշվի առնելով մեր անկախության երկու տասնամյակների պատմությունը և յուրաքանչյուր ընտրությունից հետո ժողովրդի հիասթափությունը, ներկայում շատ լուրջ մարտահրավեր կա՝ կարողանալ ժողովրդի մոտ վերակենդանացնել 91-ի հույսն ու հավատը:
2. Քաղաքական ուժերի շահերի բախում և հակասություններ: Չնայած փոփոխության կողմնակից բևեռում հայտնված քաղաքական ուժերը խոսում են համակարգային փոփոխությունների մասին, սակայն այդ նպատակի իրականացման ճանապարհին և դա անելու ձևերի մեջ նրանք տարբեր մոտեցումներ ունեն: Բացի այդ, կա նաև շահերի որոշ բախում այդ գործընթացներում յուրաքանչյուրի տեղի և դերի շուրջ:
3. Ընտրությունների արդյունքը կանխորոշող իշխանական լծակներ: Յուրաքանչյուր ընտրության ժամանակ քվեարկության արդյունքների վրա ազդելու նոր, անսպասելի նորարարություն է ներմուծվել: Որքան էլ հակադիր ուժերը փորձել են միասնական ջանքերով կանխել այն, առայսօր հաջողություն չեն ունեցել:
Չնայած այս խոչընդոտներին՝ ես կարծում եմ, որ իրավիճակի կտրուկ փոփոխության հնարավոր է հասնել: Դրա բանալին նշածս խոչընդոտներից երկրորդի վերացումը կարող է լինել: Հաշվի առնելով մեր անցկացրած խորհրդակցությունների առաջին փուլը, ես այս հարցում որոշ հեռանկար տեսնում եմ: Մեծամասնական համակարգից հրաժարվելու և ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկու կարևորագույն հարցերում որևէ տարակարծություն չկա: Ինչ վերաբերում է 100-տոկոսանոց խորհրդարանական համակարգի անցնելուն, դեռ կան տարակարծություններ: Բայց դա չի կարող խոչընդոտող հանգամանք լինել մի պարզ պատճառով, որ մեծ հաշվով այդ հարցը պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով, իսկ քաղաքական ուժերն ընդամենը պետք է համաձայնության գան, որ մինչև հաջորդ՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունները հարցը դնեն հանրաքվեի: Եվ քանի որ մենք արդեն համաձայնել ենք ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, որով բացառելու ենք ընտրակեղծիքները, բնականաբար՝ նաև հանրաքվեի ընթացքում, ուստի այս պահին անիմաստ կլինի վիճել ժողովրդի կամքին ենթարկվելու կամ չենթարկվելու մասին:
Նախագահական ընտրություններին և թեկնածուների գրանցումներին քիչ ժամանակ է մնացել: Այնպես որ՝ շուտով կերևա՝ թե՛ փոփոխության, թե՛ իշխանական բևեռները կդրսևորեն քաղաքական այնպիսի հասունություն, որ կարողանանք արժանապատիվ ձևով՝ առանց ցնցումների, երկիրը դուրս բերել ծանր վիճակից և դնել կայուն զարգացման ճանապարհի վրա:
Ի՞նչ խոչընդոտ կա ընտրությունների միջոցով ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ըստ Վարդան Օսկանյանի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


