▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ պետք է անել մայիսին տուն գնացած ժողովրդին կրկին փողոց վերադարձնելու համար». հարց` Բագրատ Սրբազանին

«Ի՞նչ պետք է անել մայիսին տուն գնացած ժողովրդին կրկին փողոց վերադարձնելու համար»,- Բագրատ Սրբազանին հարց ուղղեց հարցազրուցավար Բեթղեհեմ Արաբյանը:

«Սա մեզ համար ազգային ազատագրական պայքար է՝ այսպես կոչված իշխանություններից ազատագրվելու: Քաղաքական լուծումներ կան, դրանց մասին խոսվել է։ Տարբերակը, որպես այդպիսին, մեկն է՝ հեռացնել այս մարդկանց։ Ահա, քաղաքական լուծում եմ ասում։ Եվ այդ ճանապարհի մեջ մենք հաստատ համոզումով առաջ ենք գնում: Մեր հանձնառությունը շատ հստակ է, պատասխանատվությունն էլ՝ շատ հստակ․ սա վերաբերում է ամբողջ Հայաստանին, մեր ժողովրդին, մեր ազգին, մեր պատմությանը, մեր գալիքին։ Մենք հանձն ենք առել, այդ պատասխանատվությունն ստանձնել ենք՝ կասեցնել այս շարունակական աղետը: Պակասողներ թլ կլինեն, ավելացողներ էլ կլինեն: Այս շարժումն սկսել է չվերջանալու համար և շարունակվում է: Մի անգամ ասել եմ` այս պայքարն ում վերակենդանացրել կամ ծնել է, նրանց էլ կթաղի: Մարդիկ բնականից ցանկանում են կիսել հաղթանակի դափնիները, բայց հրաժարվել սխալների կամ ձախողումների պատասխանատվությունից: Ես այդպիսին չեմ»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը:

***

«Ձեր քաղաքական հակառակորդները, ընդդիմախոսները ձեզ շատ են ձեզ հակադարձում` դուք ասում եք, որ քաղաքական գործիչ չեք, սա հոգևոր պայքար է, բայց և` սա քաղաքական լուծում է պահանջում»,- «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանին հարց ուղղեց հարցազրուցավարը:

«Մեր ընդդիմախոսները դեռ շատ պիտի աճեն, որ դառնան ընդդիմախոս: Ես ընդդիմախոս չունեմ: Իշխանություն են, թե իշխանություն չեն, նշանակություն չունի, ընդդիմախոս ես չունեմ: Խոսակցությունը որևէ կերպով գաղափարական դաշտում չի եղել»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը:

***

«Ինչու նեռ և ոչ թե Նիկոլ Փաշինյան»,- հարցազրույցի ժամանակ Բագրատ Սրբազանին հարց հղեց Բեթղեհեմ Արաբյանը:

«Այս որակումն ինձ համար ոչ թե վիրավորանքի կամ պիտակավորման հարց է, այլ ուղղակի գոյութենական: Բնույթն է այդպիսին, գործողությունները` ևս: Սուրբ գիրքը մեզ ասում է` ստի հայրը սատանան է: Եվ մեր 6-ամյա այս տառապանքի մեջ մենք տեսնում ենք, որ ապրում ենք ստի, կեղծիքի տարածման, խրախուսման, քաջալերման շրջանում: Այդ ամենի համար մեկ կրողն այդ անձն է: Նա մարմնավորում է հենց չարիքը, հետևաբար չարիքն այլ անուն չունի, քան նեռն է: Չարիքը նստել է մեր ավիշի վրա և կլանում է»,- պատասխանեց Սրբազանը:

***

Բագրատ արքեպիսկոպոսն իր վերջին հարցազրույցի ժամանակ խոսք է ուղղել քաղաքական գործիչներին. «Բոլորդ բոլորի մասին, քաղաքական գործիչներ, խոսել եք ինձ մոտ։ Բոլորդ եկել, գնացել եք, բոլորդ հստակ ասել եք, թե ով ում մարդն է, ով ում է ծառայում, ինչպես է ծառայում, ինչ թելերով են իրար կապված, ինչ միջազգային ուժերի են ծառայում։ Ըստ ձեր ասածների եմ ասում։ Եթե ուզում եք, անուն-ազգանուններով էլ կասեմ։ Բոլորդ խոսել եք, պատմել եք ձեր մասին, ձեր քաղաքական ընկերների մասին, որոնց հետ սեղանների շուրջ նստում եք, հաց եք կիսում, սեղաններից դուրս ինչ ասես՝ խոսում եք և պատմում եք։ Եվ այդ տեղեկությունները բերել, ինձ եք հասցրել հենց դուք՝ ձեր ձեռքերով։

Եվ ես հստակ, շատ պարզ ասում եմ՝ այս պայքարը ձեզանով, թե առանց ձեզ, հասնելու է իր վերջնահանգրվանին։ Եթե դուք հայրենիք ու պետություն ունեք ձեր մտքում ու սրտում, հայրենիք ու պատիվ ունեք ձեր մտքում ու սրտում, մաս կազմեք։ Եթե չունեք, դուք եք որոշողը։

Մենք չենք հրաժարվել ո՛չ ձեզնից, ո՛չ այս պայքարից, ոչ էլ մեր երկրից ու պետությունից։

Եվ այո, մեր կամքը հաստատակամ է, մեր հավատքն անսասան է, մենք հասնելու ենք վերջնահանգրվանին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more