▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի «Պատրոն Դավիթը» վկայական ստացած հայկական ավիաընկերության հետ

Հայկական «Սմարթ Էյրլայնզ» ՍՊԸ-ն հունվարի 12-ին օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել 2 տարի ժամկետով, ինչը նրան թույլ կտա այդ ընթացքում իրականացնել առեւտրային փոխադրումներ: «Սմարթ Էյրլայնզի» («Smart Airlines») համար սա առաջին ՕՇՎ-ն չէ, եւ, ընդհանրապես, ավիացիայում սա նոր ընկերություն չէ: Սակայն իր տեսակով սա, թերեւս, եզակի ընկերություն է:

Հետք․am-ն է գրում ու մանրամասնում, ««Smart Airlines»-ի 99 %-ի տերը երեւանյան «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» («Innovation Technology Systems») ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2019-ին: ՊԵԿ-ի տվյալներով՝ սրա գործունեության ոլորտը ոչ մասնագիտացված մեծածախ առեւտուրն է (նախկինում նշվում էր հանքարդյունաբերության ոլորտում օժանդակ ծառայությունների մատուցումը), սակայն ՍՊԸ-ի կանոնադրության մեջ ասվում է, որ «ընկերությունը հիմնականում զբաղվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ»: «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմսի» միակ սեփականատերը 42-ամյա երեւանցի Արթուր Պողոսյանն է: Ստացվում է, որ «թղթի վրա» հենց նա է «Smart Airlines»-ի 99 %-ի անուղղակի սեփականատերը: Այդուհանդերձ, 2021-ին, երբ գրում էինք «Smart Airlines»-ի նոր տերերի մասին, մեր աղբյուրի միջոցով Հայաստանում ԱԹՍ-ների ոլորտի ներկայացուցիչներից հետաքրքրվել էինք «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմսի» եւ Արթուր Պողոսյանի մասին, սակայն նրանք հայտնել էին, որ նման անունով ընկերություն եւ անձի չեն ճանաչում:

Իրականում Արթուր Պողոսյանը կապ ունի գործարար Դավիթ Գալստյանի հետ, որը հայ հանրությանն առավել հայտնի է իբրեւ «Պատրոն Դավիթ»: 2 տարի առաջ գրել էինք, որ Պողոսյանը տնօրեն ու բաժնետեր է այնպիսի ընկերություններում, որոնցում աշխատել կամ աշխատում են Գալստյանի գործընկերները: Նրանց անմիջական կապն արտահայտվում է նաեւ կառուցապատման ոլորտում ներգրավված (ըստ ՊԵԿ-ի՝ ներկայում գործունեությունը ժամանակավոր դադարեցված է) հետեւյալ ընկերության օրինակով, որի տնօրենը Արթուր Պողոյանն է, իսկ վերջնական շահառու սեփականատերը՝ Դավիթ Գալստյանը: Ոչ պակաս կարեւոր ցուցիչ է այն, որ Պողոսյանի «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմսը» գրանցված է Երեւանի Բագրատունյաց 73 հասցեում: Սա «Նեյտրոն» գործարանի տարածքն է, իսկ «Նեյտրոնը» («Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ) պատկանում է Դավիթ Գալստյանին: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հասցեում տարբեր ընկերություններ են գրանցված, եւ բոլորն էլ կապ ունեն «Պատրոն Դավիթի» հետ: Այդուհանդերձ, սրանք միակ հուշումները չեն, որ «Smart Airlines»-ի թիկունքում կանգնած է Դավիթ Գալստյանը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more