▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ «Սեր»-ը թող սեր բերի բոլորին. Սիպիլի նոր «Սեր»-ը՝ շուտով

Ստամբուլահայ սիրված երգչուհի Սիպիլ Փեքթորոսօղլուն օրեր անց՝ փետրվարի 11-ին, կներկայացնի իր նոր՝  «Սեր» ձայնասկավառակը:  

Սա երգչուհու արդեն երկրորդ ալբոմն է, որտեղ ընդգրկվել են 12 երգեր՝  մեծ մասը նոր, իսկ երեքը՝ հանրությանն արդեն ծանոթ:

Երգչուհին համագործակցել է Ջիվան Գասպարյանի, Արա Գևորգյանի, Անդրեի, «Արևներ»-ի,  Ավետ Բարսեղյանի, Արթուր Սաֆարյանի, Զարուհի Բաբայանի, Արսեն Սաֆարյանի, Արսեն Գրիգորյանի, Ալլա Լեւոնյանի, Էրիկի, Սոֆի Մխեյանի, Հասմիկ Կարապետյանի, Մհերի, Աննա Խաչատրյանի, Սյուզան Մարգարյանի, Վարդան Բադալյանի, Ինգա, Անուշ Արշակյանների, Լեյլա Սարիբեկյանի հետ:

Շնորհավորում ենք Սիպիլ Փեքթորոսօղլուին  և ներկայացնում ASEKOSE.am-ի հետ նրա զրույցը՝  նոր ալբոմի մասին.

-Շնորհավորում եմ, սիրելի Սիպիլ, նոր ալբոմ թողարկելու կապակցությամբ: Ինչու՞ «Սեր» կոչեցիք…

- Շնորհակալություն… Աշխարհում սիրուց ավելի գեղեցիկ զգացմունք գոյություն չունի, ալբոմս այդպես  անվանելու պատճառը դա է… Ալբոմիս անունը «Սեր» է, և թող այն սեր բերի բոլորին: Երաժշտությունը մարդկանց միջև հաղորդակցության ամենալավ միջոցն է: Ես՝ Թուրքիայում ծնված և մեծացած լինելով, փափագեցի երգել իմ մայրենի լեզվով՝ իմ երգերի, իմ ձայնի սիրո հունդը ցանելով մարդկանց սրտերում:

-Քանի՞ երգ է ընդգրկված ալբոմում: Ովքե՞ր են հեղինակները…

- Ալբոմում ընդգրկված են 12 երգեր, որոնցից 8-նոր երգեր են, 1-ը՝ ռեմիքս տարբերակ, 3-ը հին, բայց սիրված ու անմոռանալի երգեր՝ «Ադանայի ողբը», «Բարի Արագիլը» և  «Տարիներ, տարիներ»-ը: 7 նոր երգերի երաժշտության հեղինակը Մաժակ Թոշիկյանն է: Քանի որ Հովհաննես Շիրազի պոեզիան շատ հոգեհարազատ է ինձ, այդ պատճառով «Սեր» ալբոմում 2 Երգ Շիրազի բառերով են:  Մյուս նոր երգերի համար հրաշալի խոսքեր են գրել Ավետ Բարսեղյանը, Մաքրուհի Հակոբյանը, Արթուր Սաֆարյանը, մեկ երգի երաժշտությունը շատ սիրելի Արա Գևորգյանինն է: Ալբոմում ընդգրկվել է մեկ երգ՝ արամերենով՝ Հիսուս Քրիստոսի լեզվով, որի հեղինակը ասորի Թումա  Սելիկն է:

-Սիրելի Սիպիլ, համագործակցել եք նաև Ջիվան Գասպարյանի, ինչպես նաև հայ երգիչ-երգչուհիների հետ…Ի՞նչ է տվել այդ համագործակցությունը Ձեզ..

-«Սեր» ալբոմիս շնորհիվ բախտ ունեցա համագործակցելու Ջիվան Գասպարյանի հետ: Ինձ համար իսկապես նրա արվեստը հրաշքի նման մի բան է: Բախտ ունեցա աշխատել իմ շատ լավ բարեկամ Արա Գևոգյանի, իմ սիրելի ընկեր Անդրեի, Արմեն Դիվանյանի «Արևների», թուրք երաժիշտ Մերչան Դեդեի,  Պեդրոյի և Հայաստանի սիրված երգիչ-երգչուհիների՝ Զարուհի Բաբայանի, Արսեն Սաֆարյանի, Արսեն Գրիգորյանի, Ալլա Լեւոնյանի, Էրիկի, Սոֆի Մխեյանի, Հասմիկ Կարապետյանի, Մհերի, Աննա Խաչատրյանի, Սյուզան Մարգարյանի, Վարդան Բադալյանի, Ինգա, Անուշ Արշակյանների, Լեյլա Սարիբեկյանի հետ:  

- Հայաստանցի հանդիսատեսը ևս, անշուշտ, սպասում է Ձեր երգերին: Ե՞րբ կարող ենք հայաստանցիներս ծանոթանալ նոր ալբոմին: Այստեղ ե՞րբ է նախատեսվում շնորհանդես կազմակերպել:

- Ես էլ շատ կփափագեմ երգերս ծանոթացնել Հայաստանի ժողովրդին:  Կարծում եմ՝ Հայաստանում շնորհանդես կլինի: Հուսամ՝ կիրականանա իմ ցանկությունը:

-«Սեր»-ը Ձեր արդեն երկրորդ ալբոմն է, ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար...

-Առաջին ալբոմս մանկությանս երազանքն էր, իսկ «Սերը» պիտի լինի Սիպիլի համակիրների, Սիպիլին սրտանց սիրողների երազը: Գիտեմ, որ անհամբեր սպասում են իմ երգերին: Մենք էլ ամեն ինչ արեցինք, որ երգերը որակյալ լինեն: Իսկապես շատ աշխատեցինք, շատ անքուն գիշերներ անցկացրինք, բայց, կարծում եմ, արժեր…

Հարցազրույցը՝ Հասմիկ Գյոզալյանի

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more