«ՀՀ քաղաքացին և սպառողը մնացել են «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ մեն-մենակ»
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «ՀՀ քաղաքացին և սպառողը մնացել են «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ մեն-մենակ:
Հայաստանում այսօր ամենասուր խնդիրներից մեկը ջրամատակարարման ոլորտում առկա ճգնաժամն է՝ կապված «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության հետ։
Ջրանջատումները շարունակվում են, կոյուղու և ջրամատակարարման համակարգերը շարունակում են մնալ բարոյապես և ֆիզիկապես մաշված վիճակում։ Խոստացված ներդրումները չեն իրականացվում այն ծավալով, ինչ անհրաժեշտ է, և արդյունքում մենք շարունակում ենք ունենալ քաղաքացիների շարունակական դժգոհություններ։
Միաժամանակ արձանագրում եմ նաև Կառավարության միջամտությունը, որը, սակայն, բովանդակային առումով որևէ շոշափելի արդյունք չտվեց։ Մենք շարունակում ենք ունենալ նույն ջրանջատումները, ինչ կար` մինչև հայտնի հայտարարությունը...
Կան թաղամասեր, որոնք օրերով մնում են առանց ջրի, իսկ քաղաքացիների դժգոհությունները, փաստացի, մնում են օդում՝ առանց լուծումների։
Այս պայմաններում հարց ուղղեցի` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Թադևոս Ավետիսյանին․
Ի՞նչ է հնարավոր անել այս ուղղությամբ։
Ինչպիսի՞ արդյունավետ մեխանիզմներ եք պատկերացնում իրավիճակը փոխելու համար։
Եվ որպես մասնագիտական կառույցի ապագա ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել և պաշտպանել ՀՀ քաղաքացու` սպառողի շահը»: