▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան

Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն, և ճամարտակել Հայաստանում ժողովրդավարության և եվրոպական «հեռանկարի» մասին:

 Քանիցս ապացուցել եմ, որ այդ լոլոներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում: Ավելին, եվրոպական քաղաքականության գալիք տարիների հորիզոնում ոչ մի հայկական եռագույն չի նշմարվում:

Այս գեոպոլիտիկ իրականությունը ևս մեկ անգամ հաստատելու և Նիկոլի վտանգավոր փուչիկը պայթեցնելու համար ձեր խոնարհ ծառան մանրամասն ուսումնասիրել է Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրություններին մասնակցող հիմնական 10 կուսակցությունների նախընտրական ծրագրերը:

Ծրագրերի մեջ փորձել եմ փնտրել և վերլուծել Հայաստանին անմիջականորեն վերաբերող երկու հարթությունները՝ ԵՄ հնարավոր ընդլայնում և Հարավային Կովկասի տարածաշրջան:

Հերթով ձեզ ներկայացնեմ իմ հետազոտության ստացված տվյալները՝ ըստ եվրոպական ընտրություններին (հունիսի 6-9-ը) մասնակից կուսակցությունների:

1. Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP – European People’s Party)

Եվրոպական այդ առաջատար դերակատարներից մեկի նախընտրական ծրագրում ԵՄ ընդլայնման տեսլականն ընդգրկում է միայն Ուկրաինան, Արևմտյան Բալկանները, Մոլդովան և Վրաստանը: Թուրքիայի դեպքում իրատեսական է համարվում գործընկերությունը, ոչ թե անդամակցությունը: Հատկանշական է, որ եվրոպական հեռանկար է սպասվում նաև Բելառուսին՝ հնարավոր իշխանափոխությունից հետո: ԵՄ իշխող կուսակցության ծրագրում, ի հեճուկս Նիկոլի լոլոների, Հայաստանի մասին՝ ԶՐՈ խոսք:

2. Եվրոպական սոցիալիստների կուսակցություն (Party of European Socialists-PES)

Այս կուսակցությունը նույնպես եվրոպական իշխանությունների մաս է, այս պահին՝ երկրորդը: Նախընտրական ծրագրում ԵՄ ընդլայնման հեռանկարի մեջ դիտվում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Արևմտյան Բալկանները: Ներկայիս Թուրքիան, ըստ սոցիալիստների, անդամակցության շանս չունի: Հայաստանի մասին առհասարակ ոչ մի հիշատակում չկա:

3. Լիբերալների և դեմոկրատների եվրոպական ալյանս (Alliance Of Liberals And Democrats For Europe-ALDE, խորհրդարանում՝ Renew Europe խմբակցություն)

Լիբերալները նույնպես գործող իշխանության մաս են, ներկայիս խորհրդարանում՝ երրորդը: ԵՄ հնարավոր ընդլայնումն այս կուսակցությունը տեսնում է Արևմտյան Բալկանների, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի տեսքով: Ինչպես կարող ենք կռահել, Հայաստանի մասին՝ ԶՐՈ հիշատակում:

4. Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ (European Conservatives and Reformists- ECR)

Այս կուսակցությունն իշխանական չէ, պատկանում է եվրոսկեպտիկների շարքին: ԵՄ ընդլայնման հարցը պոպուլյար չէ և նախընտրական ծրագրում ոչ մի երկրի հեռանկար չի հիշատակվում: Ընդամենն արձանագրվում է, որ ԵՄ-ն կարող է ընդլայնվել ռազմավարական կարևոր երկրների ուղղությամբ, եթե նրանք համապատասխանեն անդամության կոպենհագենյան չափանիշներին: Ի դեպ, այդ մոտեցումը կա գրեթե բոլոր ծրագրերում: Հայաստանի մասին՝ ԶՐՈ հիշատակում:

5. Ինքնություն և ժողովրդավարություն (Identity and Democracy-ID)

Այս կուսակցությունը դիտվում է՝ որպես աջ ծայրահեղական, խիստ ընդդիմադիր եվրոպական էլիտային: ID-ն առանձին նախընտրական ծրագիր չի ընդունել, սակայն բուն կուսակցական ծրագրում ԵՄ ընդլայնման մասին ոչ մի խոսք չկա, ինչը շատ բնական է այս եվրասկեպտիկ կուսակցության դեպքում:

6. Եվրոպական ձախեր (European Left Party)

Այս ծայրահեղական ձախակողմյան կուսակցության նախընտրական ծրագրում բացակայում է որևէ անդրադարձ ԵՄ հնարավոր ընդլայնման հարցին: Սակայն շատ հետաքրքիր անդրադարձ կա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին. Եվրոպական ձախերը կարծում են, որ աշխարհը պիտի ճանաչի հայ ժողովրդին սպառնացող վտանգը: Նրանք պահանջում են չեղարկել ԵՄ-Ադրբեջան գազային պայմանագիրը, իսկ էներգետիկ փաստարկով չի կարելի քողարկել հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարումները:

И смех, и грех, որ եվրոպական ձախերը հայկական հարցով ավելի ազգային են և շիտակ, քան «ՀՀ վարչապետ» Փաշինյանը…

7. Եվրոպական կանաչներ (European Green Party)

Այս կուսակցության նախընտրական փաստաթղթում ԵՄ ընդլայնման մասով արձանագրված է, որ ԵՄ-ն պիտի պատրաստ լինի ընդունել նոր անդամներ, բայց հիշատակված է առանձին միայն Ուկրաինան: Հայաստանի մասով՝ ԶՐՈ հիշատակում:

8. Եվրոպական ազատ ալյանս (European Free Alliance – EFA)

Այս կուսակցությունը միավորում է ազգերի ինքնորոշման համար պայքարող ուժերին (նրան անդամակցում էր նաև Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը): ԵՄ ընդլայնման ծրագրերում դիտարկվում են Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանները: Այս կոնտեքստում Հայաստանը հիշատակված չէ, սակայն այս կուսակցությունը միակն է, որը հիշատակում է Լեռնային Ղարաբաղը՝ արձանագրելով, որ Ադրբեջանն այժմ ուժով է ինտեգրում այդ տարածքը՝ ստեղծելով նոր մարդասիրական աղետ: Ու EFA-ն սա փաստում է «ՀՀ վարչապետ» Փաշինյանի կողմից Արցախի հարցը վերջնականապես թաղելու ջանքերի ֆոնին…

9. Եվրոպական դեմոկրատական կուսակցություն (European Democratic Party-EDP)

Եթե նախորդ 8 կուսակցություններն առանձին խմբակցություններով են ներկայացված գործող Եվրախորհրդարանում (Կանաչները և Ձախերը՝ միասին), ապա EDP-ն և հաջորդ կուսակցությունն առանձին խմբակցություններ չունեն, և նրանց ներկայացուցիչները ներգրավված են այլ խմբերում: ԵՄ հնարավոր ընդլայնման մասին այս կուսակցությունը գտնում է, որ ԵՄ-ն առհասարակ պատրաստ չէ ընդլայնման:

10. Եվրոպայի քրիստոնեական քաղաքական շարժում (European Christian Political Movement (ECPM)

Այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրում նույնպես տեղ հատկացված չէ ԵՄ ընդլայնմանը: Հակառակը՝ նրանք կարծում են, որ Հարևանության ծրագիրը պիտի գերակա լինի անդամակցության նկատմամբ:

Ամփոփելով ԵՄ-ում, որպես համաեվրոպական քաղաքական կուսակցություններ, գրանցված այս 10 ուժերի նախընտրական ծրագրերը՝ մանիֆեստները, կարող ենք արձանագրել, որ՝

Ա) ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին ոչ մի խոսք չկա, ոչ մի հեռանկար չկա, ոչ մի տեսլական չկա, ոչ մի խոստում չկա եվրոպական հիմնական քաղաքական ուժերի մոտ:

Բ) ԵՄ-ում կան Փաշինյանից շատ ավելի հայամետ և հայանպաստ ուժեր՝ Լեռնային Ղարաբաղի հարցով և Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումներով:

Բացի իսպառ բացակայող քաղաքական ռեալ ֆոնից, Կոպենհագենում վատ անգլերենով խունջիկլամիշ լինող Փաշինյանին պետք է նվիրել ԵՄ անդամության կոպենհագենյան չափանիշները, որոնցից իր ղեկավարած երկիրը լուսնային տարիներով հեռու է:

Առավելագույնը, ինչ կարող էր Նիկոլն անել Դանիայի մայրաքաղաքում հարկատուների հաշվին, Կոպենհագենի սիմվոլ հանդիսացող ջրահարսի հետ սելֆին էր՝ «Дельфин и русалка» երգի ռիթմերի ներքո:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«Նուբարաշեն» ՔԿՀ
15.05.2024թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more