▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր ձախողումը վստահաբար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի գոյությունն ու կտրուկ անհետացումն է՝ կոռուպցիոն ռիսկերով եւ դրսեւորումներով:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն բաժնեմասային ներդրում էր իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։

«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է մեզ քաջ հայտնի երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը եւ «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Այսինքն՝ պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի: Երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման եւ տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են, անշուշտ։ ԱՆԻՖ-ի եւ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ի միջեւ համագործակցության արդյունքում կառուցվել է «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնը եւ սպորտային զվարճության հարթակը։ Ինչպես նաեւ ներդրումներ էին իրականացվել «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացման եւ համարային ֆոնդի ավելացման համար։ Ֆոնդի մասնակցությունը այս ծրագրում կազմել է 25% – 49%, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 798 մլն ՀՀ դրամ` գրեթե 2 մլն դոլար։

Հավելենք նաեւ, որ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն գրանցված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում։ ՓԲԸ-ի հիմնադիրը Տիգրան Չիբուխչյանն է. նա ընկերությունում ունի 22.9% բաժնեմաս։ Իրական շահառուների մասին հայտարարագրում շահառու է նաեւ ԱՄՆ քաղաքացի Ամուր Ավակյանը, ով ունի 19.6% բաժնեմաս։ Իրական շահառուների ցանկում է նաեւ Իրինա Չիբուխչյանը 26.3% բաժնեմասով եւ Արտակ Չիբուխչյանը՝ կրկին 26.3% բաժնեմասով։ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ի 4.7% բաժնետեր է նաեւ Արսեն Գաբրիելյանը։

Հավելենք նաեւ, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ներդրվել էր 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման համար։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ավիաընկերության՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49 % բաժնետերն էր նաեւ։ ԱՆԻՖ-ը նաեւ ներդրումներ է արել Hard Rock սրճարանում, Fly Arna ավիաընկերությունում, Ֆոնդը նաեւ արաբական Masdar-ի հետ իրականացրել էր «Այգ-1» ծրագիրը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ձախողված ԱՆԻՖ-ը, 13 մլն դոլարի ներդրմամբ բացվելուց հետո, 5 տարի գործեց, չարդարացրեց իրեն, եւ դեռ 5 միլիոն դոլար էլ պետբյուջեից կրկին հատկացվեց, որ լուծարվի: Կարճ ասած՝ ԱՆԻՖ-ը մեր բյուջեի վրա արժեցավ 18 մլն դոլար:

Թե ովքեր են ԱՆԻՖ-ից օգտված «մասնավորները», կներկայացնենք հաջորդիվ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more