▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համոզված եմ, որ Իլհամ Ալիևը ցանկանում է խաղաղության ուղի գտնել. Ջեյմս Ուորլիք

«Շատ կարևորում եմ երկու երկրների հասարակությունների միջև իրականացվող  տարբեր ծրագրերը՝ փոխադարձ վստահություն կառուցելու առումով:  Իհարկե, դրանք մեկ գիշերում մարդկանց կարծիքը չեն փոխելու: Սակայն եթե երկարատև լինեն, միգուցե առաջընթացի հասնենք:  Ինձ համար հետաքրքիր է, որ նույն այս քննարկումը լինում է նաև Ադրբեջանում: Եվ պետք չէ զարմանալ, որ սահմանի երկու կողմերում էլ կան լավ մարդիկ, ովքեր ուզում են հասնել խաղաղության և խաղաղ ապրել կողք կողքի»,- այս մասին այսօր մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանում այնուամենայնիվ կա մեկը,  ով խաղաղություն չի ցանկանում և դա Իհամ Ալիևն է, համանախագահը պատասխանեց.

«Ես համոզված եմ, որ երկու նախագահները ցանկանում են խաղաղության ուղի գտնել: Երկուսն էլ սիրում են իրենց երկիրը և երկուսն էլ ուզում են անել այն, ինչը լավ կլինի իրենց ժողովուրդների համար: Ես կասկած չունեմ,  որ  երկու նախագահներն էլ փորձում են այնպիսի լուծում գտնել, որը խաղաղություն կբերի: Դրա համար նրանք համաձայնեցին  հանդիպել:  Բայց պետք է հասկանալ, որ  դեպի խաղաղություն տանող ուղին ուղիղ գիծ չէ, և հետընթացներ լինելու են այդ ճանապարհին: Այն ամենը,  որ տեղի է ունեցել սահմանի վրա, հենց հետընթացներն են այդ ճանապարհի»:

Ի պատասխան հարցին՝  հնարավո՞ր է արդյոք, որ մի օր ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին, ամերիկացի համանախագահն ասաց.  

«Մենք գտնում ենք, որ շատ կարևոր է, որպեսզի  ԼՂ դե ֆակտո իշխանությունների ձայնը  լսելի լինի: Այդ պատճառով Մինսկի խմբի համանախագահները մեկնում են Ղարաբաղ, հանդիպումներ են ունենում դե ֆակտո իշխանություններ հետ, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի»:

Դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը ցանկություն չունի խաղաղություն հաստատելու:  Եվ որ իրենց իսկ խոսքով՝  մարդու կյանքը նրանց համար նշանակություն չունի, Ջեյմս Ուորլիքը պատասխանեց.

«Մի քանի անգամ եղել եմ Բաքվում և ես համոզված եմ, որ որ երկու կողմերն էլ ուզում են խաղաղության ուղի գտնել: Ես համաձայն եմ, որ անվստահություն կա սահմանի երկու կողմերում, բայց համաձայն չեմ այն մտքի հետ, որ երկու ժողովուրդներն էլ չեն ուզում խաղաղության հասնել: Ես բազմիցս հանդիպել եմ նախագահ Ալիևի հետ և համոզված եմ, որ նա ուզում է խաղաղության ուղի գտնել: Համոզված եմ նաև,  որ նախագահ Սարգսյանը ևս այդպես է ցանկանում: Հենց դա է պատճառը, որ նրանք հանդիպում են»:

Կարդացեք նաև՝

Քայլերը, որ կցանկանայինք տեսնել դեպի խաղաղություն տանող ճանապարհին, դեռ չենք տեսնում. Ուորլիք

Բանակցությունները պետք է դրվեն այլ մակարդակի վրա. հանդիպումները բավարար չեն. Ուորլիք

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 

 

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more