▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու». Էնթոնի Բլինքեն

 ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենն ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։

«Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու՝ համատեղ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար, ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համապատասխան աշխատանքը»,- հաջորդիվ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը:

***

Ասուլիսի ժամանակ Բլինքենը նշել է. «Սա նշանակալի անկյունաքարային ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով` մեր փոխգործակցությունը մի շարք կարևոր ուղղություններով ընդլայնելու համար` տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների: Սրանցից յուրաքանչյուրը համընդհանուր շահերի ներքո հանդիսանալու է մեր հարաբերությունների առանցքը, և այս տարիների ընթացքում մի շարք ուղղություններուվ արդեն համագործակցություն եղել է:

Սա ևս մեկ անգամ ընդգծում է մի շարք համատեղ հանձնառություններ, նոր հարթակների ստեղծում միջուկային էներգիայի և տեխնոլոգիաների ուղղությամբ»,- ասել է Բլինքենը:

Խոսելով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ Էնթոնի Բլինքենն ասել է.

«Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:

***

Հայաստանը մտադիր է միանալ ահաբեկչական խմբավորում ԴԱԻՇ-ին` «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային։

Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից:

Հայաստանը հանձնառու է շարունակելու սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար: Համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է Միրզոյանը։

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետության» դեմ գլոբալ կոալիցիային: Դա՞ է եղել Վաշինգթոնում ստորագրության պայմանը և դրա՞ համար է, որ ըստ էության մինչև այսօր առավոտյան պաշտոնապես չէր հայտարարվում, որ լինելու է ստորագրություն:
Ինչո՞ւ է Հայաստանի միանալու մասին հայտարարվում Վաշինգթոնում ստորագրության արարողությանը, ընդ որում առաջինն այդ մասին փաստորեն հայտնում է Էնթոնի Բլինքենը:
Ի՞նչ է ենթադրում միանալը: Ինչպե՞ս է այն արտահայտվելու:
Այստեղ բուն խնդիրն, անշուշտ, միանալը չէ: Այդ որոշումը բնականաբար անհրաժեշտությունների հարց է, որոնք կարող են լինել շաղկապված: Եթե որոշումը անհրաժեշտ է եղել լոկ պետքարտուղարությունից ստորագրում ստանալու համար, ապա դա մի հարց է, եթե պետք է եղել այս շրջափուլում Հայաստանի շուրջ անվտանգային ռիսկերի կառավարման հարցում գործուն որևէ աջակցություն ստանալու համար, դա ուրիշ հարց է:
Բայց էականն այն է, որ Հայաստանի հանրությունը փաստացի այդ թեմայով չի ստանում պատշաճ տեղեկատվություն և Հայաստանի որոշման մասին առաջինը լսում է այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայից, և էական չէ, թե որն է այդ այլ երկիրը: Եվ էական չէ արդեն, որ նրանից հետո Հայաստանի արտգործնախարարն է մեկ րոպե անց կրկնում նույնը»:

***

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովո՜ւրդ, բռնվեք, ստորագրեցինք ԱՄՆ ռազմավարական գործընկեր լինելու կանոնադրությունը... Ասեք՝ օդներս փոխվեց... Էս անգամ բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ, ինչն ընդգծում է համատեղ հանձնառություններ՝ չտարածման մասով։
Պետք ա ատոմային անվտանգության տիրույթում նոր հարթակներ ստեղծենք երկու երկրների համագործակցության համար՝ և՛ միջուկային էներգիայի, և՛ գիտության, և՛ տեխնոլոգիաների ուղղությամբ:
Հիմա տեսեք ինչ ունենք անելու էս 6 օրվա ընթացքում, քանի Բլինքենը էդ կաբինետում ա, Բայդենն էլ Սպիտակ տան միջանցքներում իր կաբինետն ա ման գալիս: Պետք ա հասցնենք ստորագրենք էլի մի 20-30 հուշագիր, համաձայնագիր, պայմանագիր. հակառակ պարագայում, վախենամ, մյուս վարչակազմը մի հատ երկար դարակի տակն ա դնելու էս կանոնադրությունը, էնքան, մինչև դեղնի:
Բերեք շրջանակի մեջ, սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին»:

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այդպիսով, ըստ ամենայնի, հարկ է որոշակի հստակեցում:

Առավոտյան գրառումով հարց էի շոշափել, թե ի՞նչ մակարդակի փաստաթուղթ է լինելու Վաշինգթոնում ստորագրվողը, որովհետև հայտարարությունը, որ ստորագրվելու է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, շատ ընդհանրական է:

Փաստորեն ստորագրվողը ո՛չ համաձայնագիր է, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն: Այլ կերպ ասած, ստորագրված փաստաթղթի առնչությամբ ասել, որ Հայաստանն ու ԱՄՆ այլևս ռազմավարական գործընկերներ են, թերևս կլինի շատ ձգված:

Համեմատության համար, դա մոտավորապես կլինի նույնը, ինչ ասել, որ ստորագրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կանոնադրությունը՝ նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այլևս սահմանազատված ու սահմանագծված պետություններ են:

Ըստ այդմ, իր կարևորությամբ հանդերձ, այդուհանդերձ պետք է, թերևս, հանրության մոտ չձևավորել թյուր տպավորություն և արձանագրել, որ խոսքը պարզապես ռազմավարական գործընկերության հարցերի հանձնաժողովի կանոնադրության մասին է:

Իսկ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը, ըստ ամենայնի, դեռ պետք է լինի այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունք»:

***

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր է, որ ամերիկացիները եկան, ադրբեջանցիները Բերքաբերից, Ջերմուկից, Ներքին Հանդից կամ Սոթքից դուրս կգա՞ն...
Համոզված եմ` ոչ։ Դրանց գալու նպատակն է` օգնել իրենց գործընկեր Ադրբեջանին (ադրբեջանաամերիկյան բեմականացված հակամարտությանը պետք չէ հավատալ) և նյարդացնել Իրանին և ՌԴ-ին, որ դիմեն կոնկրետ հակահայ գործողությունների»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more