▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ազգային արժեքների մասին: Նման գրառում անում է մի մարդ, ով Ալիևի ու Էրդողանի հրահանգով հստակ, նպատակադրված, ծրագրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հոյակապ գիտեն, թե ովքեր են Մուշի, Սասունի, Արդահանի, Վանի, Նախիջևանի, Ագուլիսի, Արցախի իրական տերերը: Գիտեն, դրա համար էլ ուզում են մեր ուղեղից հանել ազգային, պատմական հիշողությունը: Դա ավելին է, քան պետությանը պարտության մատնելը, դա նշանակում է հանել մեր մեջից հոգին, հիշողությունը, պոկել արմատից: Հենց այդ գործին էլ ծառայեցվում է Փաշինյանը: Իսկ հիմա՝ ճնշումների ներքո, որոշեց գրել ազգային արժեքների մասին:
Դա անում է մի մարդ, ով 2018 թվականի հենց այս օրերին վայելում էր ժողովրդի բացառիկ սերն ու աջակցությունը: Ունենալով Հայաստանը զարգացման ուղով տանելու իրապես պատմական շանս, նա գնաց այլ ճանապարհով, որը բերեց հենց այսօրվան: Փաշինյանն ապացուցեց, թե որքան փոփոխամիտ է, կամազուրկ: Եթե լիներ պետական շահի ու ազգայինի գիտակցում, պարտված ղեկավարը հենց ինքն իր մեջ հասկանալով դրա վնասները, երբեք չէր առաջադրվի վարչապետի պաշտոնին՝ հոյակապ իմանալով, թե Ալիևն ինչ կերպ է վարվելու առաջիկա բանակցություններում: Երբ դեռ ԱԺ-ում՝ ֆրակցիայում համոզում էի, որ չի կարող պարտված ղեկավարը շարունակել կառավարել, Փաշինյանի մոտ շրջապատից մեկն ինձ ասում էր, որ ես նրան լավ չեմ ճանաչում, նա ամեն ինչ կարող է հաղթահարել...Այո, տակավին, լավ չէի ճանաչում, երբեք չէի սպասի, որ Արցախը գերտերություն հռչակածը կարճ ժամանակ անց կվտանգի նաև Հայաստանը... ու դեռ այսքանից հետո կխոսի ազգային արժեքներից...»։

***

ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են.
- Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:
- Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:
- Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:
- Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:
- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:
- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:
- Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:
- Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:
- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:
- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:
- Եղբայրական զգացումները և հարաբերությունները ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ:
- Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more