|
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրադարձությունները զարգանում են շատ արագ, բայց արդեն հիմա կարելի է վստահաբար պնդել, որ գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի: Իրանը հրթիռակոծում է ոչ միայն Իսրայելը, այլև Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները...Այս պահին հաղորդումներ կան, որ ամերկա-իսրայելական հրթիռային հարվածի թիրախ են դարձել Իսլամական հանրապետության Միլլի Մեջլիսը: Որոշ տեղեկություններով շենքում են գտնվել պատգամավորների մեծ մասը, ովքեր հավաքված են եղել արտակարգ նիստի մասնակցելու նպատակով: Տարբեր տվյալներով, որոնք դեռևս պաշտոնապես չեն հաստատվել, պատգամավորներից շատերը զոհվել են գրոհի արդյունքում: Հաղորդագրություններ էին տարածվել նաև նախագահ Փեզեշքյանի զոհվելու մասին, բայց իրանական կողմը պաշտոնապես հերքել է րդեն՝ հայտարարելով, որ նախագահը ոռջ-առողջ է: Հաստատվում են կարծես տեղեկությունները իրանական բանակի Գլխավոր շտաբի պետ գեներալ Ամիր Խաթամիի զոհվելու մասին, ինչպես նաև դատական իշխանության ղեկավար Ղոլամ-Հոսեյն Էջեիի: Թեհրանում, Իսպահանում, Քարաջում, Ղոմում, Բուշեհրում, Չաբահարում, Քերմանշահում, Թավրիզում, Խորեմաբադում, ցանկը կարելի է շարունակել, ռմբակոծությունների թիրախ են դարձել իրանական անվտանգային ծառայությունների և պետական հաստատութոյւնների շենքերը:
Դեռևս պաշտոնապես չհաստատված տվյալներով Թեհրանում ավերվել է Ռահբար Խամենեիի նստավայրը, որի տեղակայման փողոցը ենթարկվել է բազմաթիվ ռմբահարումների:
Պատերազմը ընթանում է նաև կիբերտարածքում, իրանական բոլոր պետական լրատվամիջոցների կայքերը կոտրվել են...
Ժողովուրդ ջան, շնորհակալ կլինեմ, եթե քարոզարշավով զբաղված ղեկավարությունը չանհանգստացնենք նման մանրուքներով»։
***
|
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես, Իրանի վրա հարձակումը, որի անխուսափելիության մասին այդքան երկար խոսում էին լիբերալները, տեղի ունեցավ։ Առաջին հրթիռները թռան Թեհրանի ուղղությամբ, հարձակմանը մասնակցում են ԱՄՆ-ն և Իսրայելը։ Իրանը պատասխանեց բալիստիկ հրթիռների արձակմամբ Իսրայելի ուղղությամբ։ Իրանի ժողովրդին դիմեց Փահլավի դինաստիայի ներկայացուցիչը՝ կոչ անելով տապալել այաթոլլաների վարչակարգը։
Այժմ մեր առջև իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա.
Իրանի կարճատև ռմբակոծություն (մի քանի շաբաթ) և Իրանին բանակցությունների շարունակման կամ կապիտուլյացիայի ու վարչակարգի փոփոխության հարկադրում (հարավսլավական սցենար)։
Ավելի տևական ռմբակոծություն և էթնիկ ու քաղաքացիական հակամարտությունների հրահրում Իրանի տարածքում (լիբիական սցենար)։ Սա կհանգեցնի ապակայունացման և, հնարավոր է, Իրանի մասնատման։
Ռմբակոծություն, քաղաքացիական պատերազմի հրահրում և «անվտանգության գոտիների» հաստատում Իրանի տարածքի մի մասում (սիրիական սցենար)։ Ազգային-տարածքային միավորների ստեղծում՝ Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության օրինակով։ Իրանի անդամահատում։
Իրաքյան սցենարի՝ Իրանի ողջ տարածքի օկուպացիայի մասին դեռևս խոսք չկա։
Հայաստանի համար իրավիճակը պարունակում է հետևյալ ռիսկերը.
Փախստականների հոսք Իրանի տարածքից դեպի Հայաստան։
Փախստականների հոսք Իրանից դեպի Ադրբեջան, ինչը Ալիևին հիանալի առիթ կտա կրկին պահանջելու 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։
Փախստականների հոսք դեպի Ադրբեջան, նրանց ինքնաբուխ կամ կազմակերպված ներթափանցումը Ադրբեջանից Սյունիքի տարածք։ Սյունիքում «անվտանգության գոտու» հաստատում՝ ադրբեջանցի կամ թուրք զինվորականների վերահսկողության ներքո։
Մենք այս բոլոր սցենարների մասին խոսում էինք տարիներ շարունակ։ Ասում էինք, որ Իրանի հետ պատերազմը Ադրբեջանին կտա այս բոլոր հաղթաթղթերը։ Հուսանք, որ այս սցենարներից ոչ բոլորը կիրականանան։
Իսկ մինչ այդ մեր «կառավարությունը» զբաղված կլինի ընտանեկան դրամաներով, «Բաց սառնարաններ և փակ սրտեր» կոչվող էժանագին ռեալիթի-շոուներով և Առաջին ալիքով հեռարձակվող ձեռառնոցիներով՝ անգրագետ շանտաժիստ-լրագրողների և նրանց փողոցային քաղքենիների խմբի պատվերով։
Իրանը չէր կատակում։ Պատասխան հարվածը հասցվել է Մերձավոր Արևելքի բոլոր այն երկրներին, որտեղ տեղակայված էին ամերիկյան բազաները ։
Իրանի պատասխան հարվածը հասցվել է Մերձավոր Արևելքի բոլոր այն երկրներին, որտեղ տեղակայված էին ամերիկյան ուժերը. Կատար, ԱՄԷ, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ ։ Հարվածներ են հասցվել Իսրայելին։ Նաև հարված է հասցվել ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակրին։ Եմենի տարածքից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Սա լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմ է, և էսկալացիան միայն շարունակվելու է։ Ահա թե ինչ տեսք ունի այն աշխարհը, որտեղ չկա միջազգային իրավունք, և ամեն ինչ վճռվում է կոպիտ ուժով»։
|
***
Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան մի շարք ռազմական օբյեկտների, հաղորդում է NBC-ն։
ԱՄՆ-ն և Իսրայելն այսօր՝ փետրվարի 28-ին, լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ՝ թիրախավորելով ռազմական և վարչական օբյեկտներ ինչպես Թեհրանում, այնպես էլ այլ քաղաքներում։
***
|
|
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Իրանական աղբյուրները հաղորդում են Բահրեյնում, ԱՄԷ-ում, Քուվեյթում և Կատարում ԱՄՆ-ի ռազմակայանների ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։
Եթե դեպի Իսրայել արձակվող իրանական հրթիռները միջին հեռահարության են, ապա Պարսից ծոցի շրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները խոցելի են նաև կարճ հեռահարության հրթիռներով, որոնց քանակն անհամեմատ ավելի մեծ է իրանական զինանոցում։
Իսրայելական հեռուստաալիքներից մեկի մեկնաբանը, նշել է, որ իրանցիները, 12-օրյա պատերազմի համեմատությամբ, պատասխան հարվածները շատ օպերատիվ և լավ են հասցնում»։
***
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկայն հարվածները պետք է դիտարկել ոչ միայն ռազմական-անվտանգային, այլ նաև՝ գեոտնտեսական հարթությունում։ Այս չափման մեջ գլխավոր հարցը էներգետիկ հոսքերի վերահսկումն է և դրանց միջոցով գլոբալ ազդեցության վերաձևավորումը։
Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է։ Այստեղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20–25%-ը և հեղուկացված բնական գազի մինչև 30%-ը։ Սա գլոբալ էներգետիկ շուկայի «սեղմման կետն» է։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ։ Եթե Վաշինգթոնը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության՝ ապահովելով վավերացնել 1982 թ. ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան, ապա իրավական հարթությունում կսահմանափակվի Թեհրանի կարողությունը խոչընդոտելու նավարկությունը։ Սա ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ նավթային ռազմավարության մեջ։
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Վենեսուելայի ուղղությունը։ Վաշինգթոնի ակտիվությունը Կարակասի շուրջ փաստացի նպատակ ունի վերահսկելի դարձնել Վենեսուելայի հսկայական նավթային պաշարները և ամրապնդել ԱՄՆ դիրքերը որպես առանցքային արտահանող և շուկայի կարգավորող։ Հորմուզի կայունացումը և Վենեսուելայի ռեսուրսների վերահսկումը միասին ձևավորում են գլոբալ մատակարարման կառավարման նոր կոնֆիգուրացիա։
Երկրորդ առանցքը Կասպից ավազանն է։ Իրանում նոր քաղաքական իրականության ձևավորման պարագայում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացումը կարող է ստեղծել նոր իրավաքաղաքական հիմքեր՝ ԱՄՆ ռեգիոնալ շահերի առաջխաղացման համար։ Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում TRIPP-ը, որը պետք է դիտարկել որպես ավելի լայն գեոռազմավարության մաս։ Եթե վավերացման արդյունքում ստեղծվեն նախադրյալներ Անդրկասպյան գազամուղի կառուցման համար, ապա ԱՄՆ-ը հնարավորություն կստանան ուժեղացնել ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, զսպել Ռուսաստանին և ազդել դեպի ԵՄ ածխաջրածինների արտահանման դիվերսիֆիկացիոն ռազմավարության վրա՝ TRIPP-ով: Վերջինիս նախատեսվող 500 մ լայնությունը արդեն իսկ վկայում է, որ նախագիծը շատ ավելի լայն կոնֆիգուրացիայի մասին է:
Երրորդ ուղղությունը Չինաստանն է։ Իրանը Չինաստանի համար առանցքային նավթամատակարարներից է։ Ու այս առումով Իրանի նկատմամբ ճնշումը տեղավորվում է ԱՄՆ-Չինաստան գեոտնտեսական պատերազմի տրամաբանության մեջ։ Նավթային հոսքերի վերահսկումը նշանակում է ազդեցություն Պեկինի արդյունաբերական և ֆինանսական կայունության վրա։
Վերջապես՝ դոլարի հարցը։ Նավթային շուկաների վերահսկումը ԱՄՆ-ի գլխավոր գեոքաղաքական գործիքի՝ դոլարի ամրապնդման առանցքային մեխանիզմներից է։ Վերջին հինգ տարում միջազգային գործարքներում դոլարի կշիռը նվազել է՝ 61%-ից հասնելով 41%-ի։ Նավթի շուկաներում ԱՄՆ դիրքավորման ուժեղացումը կարող է կանգնեցնել կամ նույնիսկ հետ շրջել այս միտումը։ Էներգետիկ հոսքերի դոլարայնացումը նշանակում է ֆինանսական լծակների վերականգնում։
Իսրայելի հարվածների ֆոնին նավթի գինն արդեն աճել է մոտ 3%-ով՝ մոտենալով 73 ԱՄՆ դոլարի։ Սա շուկայի առաջին արձագանքն է։ Սակայն հարցը ոչ թե կարճաժամկետ գնային տատանումներն են, այլ այն, թե ով է վերահսկելու հումքային միջանցքները և դրանցից բխող ֆինանսական հոսքերը։
Հարվածները պետք է դիտարկել որպես մեծ վերաձևավորման փորձ։ Խոսքը միայն Իրանի մասին չէ։ Խոսքը գլոբալ գեոտնտեսական ճարտարապետության վերահսկման մասին է»։
|