Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է հայկական ծագման ապրանքների արտահանման զգալի աճի մասին, սակայն տվյալների ուսումնասիրությունն այլ պատկեր է ցույց տալիս։ Այդ աճի էական մասը ձևավորվել է ոսկերչական իրերի հաշվին, որոնք որպես հայկական ծագման արտադրանք ներկայացնելը խիստ վիճելի է։ Այդ ցանկում տեսնում ենք նաև բջջային հեռախոսներ՝ այն դեպքում, երբ Հայաստանում չկա հեռախոսների արտադրություն։ Այս ամենն ուռճացնում է հայկական ծագման արտադրանքի ցուցանիշները և մոլորեցնող պատկեր ստեղծում տնտեսության վիճակի վերաբերյալ, գրում է «Հետք»-ը։
Փետրվարի 5-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 4.5 մլրդ դոլարի հայկական ծագում ունեցող արտադրանք։ 2024 թվականի համեմատ այն աճել է շուրջ 10%-ով, իսկ 2021 թվականի համեմատ՝ 72%-ով։
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման հաշվարկման մեթոբանությունն ինքնին արդեն վիճահարույց է (որի մասին ներքևում կնշենք), սակայն որոշեցինք Էկոնոմիկայի նախարարությունից ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։
Պարզվում է՝ 2025 թվականին Հայաստանից արտահանված շուրջ 4.5 մլրդ դոլարի «հայկական ծագման» արտադրանքից 1 մլրդ դոլարը միայն ոսկերչական իրերն են։
Խնդիրն է այն, որ դա չափազանց մեծ ծավալ է Հայաստանի համար և խիստ կասկածելի է՝ Հայաստանում կա՞ն, արդյոք, բավարար գործարաններ և մասնագետներ՝ այդքան արտադրանք թողարկելու համար։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստանի միջոցով մեծ քանակությամբ ռուսական ոսկի է վերաարտահանվում, այդ թվում՝ ոսկերչական իրերի տեսքով։ Այն, որ դա վերաարտահանում է, ապացուցվում է նրանով, որ 2022 թվականից հետո կտրուկ աճել է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ոսկին, և նույնքան կտրուկ աճել է Հայաստանից ԱՄԷ և Հոնկոնգ ոսկու ու ոսկերչական իրերի արտահանումը։
Օրինակ՝ 2021 թվականին, որի հետ համեմատություն է անում նաև Պապոյանը, Հայաստանից արտահանվել են ընդամենը 75 մլն դոլարի ոսկերչական իրեր՝ ըստ Վիճակագրական կոմիտեի։ Հետևաբար, որքանո՞վ է հավանական այնպիսի «հրաշք» Հայաստանի ոսկերչության ոլորտում, որ չորս տարի անց «տեղական» ոսկերչական իրերի արտահանումը գերազանցի 1 մլրդ դոլարը։
Այդ մասին «Հետք»-ը մի քանի անգամ գրել է։
- Սեյշելներ, Կիպրոս, Ռուսաստան. Հայաստանում «արտադրվող» և արտահանվող ոսկերչական իրերի ծագումը
- Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում
Ի դեպ, ոսկերչության ոլորտի այս կասկածելի աճի արդյունքում արհեստականորեն ուռճացվել է նաև արդյունաբերության ոլորտի պատկերը։
- Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել
- Սուքիասյաններին փոխկապակցված ֆաբրիկան մտափոխվել է. ոչ թե ոսկերչությամբ է զբաղվում, այլ հիմնային մետաղների արտադրությամբ
2025 թվականին «ոսկերչական իրերի» մեծ մասն արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մնացածը՝ հիմնականում Հոնկոնգ։
Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ Գևորգ Պապոյանը հայկական ծագման ապրանքների արտահանման ուռճացված տվյալներ է հրապարակել։ Եվ, եթե բացառենք ոսկերչական իրերն ու ևս մի քանի ապրանքախմբեր, ինչպես, օրինակ՝ բջջային հեռախոսները, կպարզվի, որ տեղական արտադրանքի արտահանման աճը շատ ավելի համեստ է։
Նույնիսկ, եթե ոսկերչական իրերը համարենք տեղական ծագման արտադրանք, խոսել ընդհանուր աճից ու չներկայացնել, թե որ ապրանքների հաշվին է դա տեղի ունեցել, ևս կարող է մոլորեցնել հանրությանը։
2024 թվականին ևս արտահանվող «հայկական ծագման ապրանքների» ցանկում ոսկերչական իրերը մեծ տեղ են զբաղեցնում։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ նշված տարում արտահանվել է մոտ 4.1 մլրդ դոլարի տեղական արտադրանք, որից 0.9 մլրդ դոլարը (858 մլն դոլար) կամ 21%-ը ոսկերչական իրերն են։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


