▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազպրոմ Արմենիան» վաճառքի է հանել Marriott Tsaghkadzor հյուրանոցը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վաճառքի է հանել իրեն սեփականությամբ պատկանող Marriott Tsaghkadzor հյուրանոցային համալիրը։ Այդ մասին հայտնում է  Civilnet.am-ը՝ վկայակոչելով  «Ազդարար» հարթակում հրապարակված հայտարարությունը։ Հյուրանոցի վաճառքի փաստը հաստատել են «Գազպրոմ Արմենիա»-ում։

Marriott-ը Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից է, ինչպես նշված է աճուրդի հայտարարությունում։ Marriott Tsaghkadzor-ը «ունի հինգ աստղանի կարգավիճակ և միակ նմանատիպ հյուրանոցն է հանգստավայրում», որ կառավարվում է Marriott միջազգային ցանցի կողմից։ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից այն վերակառուցվել է 2012-ին՝ «Հայռուսգազարդ»-ին պատկանող «Ադիգազ» հանգստյան տան հիման վրա։ Հյուրանոցի վերակառուցման ներդրումային ծրագիրը կազմել էր 32 մլն դոլար, շինարարությունը տևել երեք տարի։

Հյուրանոցային համալիրը ներառում է մոտ 3 հա տարածք։ Բացի հյուրանոցի տարածքից ու քոթեջներից՝ համալիրը ներառում է խաղատուն, թենիսի, բասկետբոլի խաղադաշտեր, լողավազան, SPA կենտրոն։ Ընդհանուր առմամբ, հյուրանոցային համալիրն ունի 100 համար՝ ներառյալ քոթեջների համարները։

««Գազպրոմ Արմենիա»-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ ինչու են որոշել վաճառքի հանել այս հյուրանոցը։ Ի պատասխան՝ ընկերությունից հայտնել են, որ «Գազպրոմ Արմենիան» «պարբերաբար վաճառում է լիցենզավորված գործունեության չմասնակցող իր ոչ պրոֆիլային ակտիվները»։ Ընկերությունից նաև հետաքրքրվել էինք՝ հյուրանոցային համալիրն արդյոք ունի վարկային էական ծանրաբեռնվածություն, և արդյոք դա է պատճառը, որ հյուրանոցը վաճառվում է։ «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնել են, որ 2023-ի օգոստոսի 29-ից իրենք որևէ վարկային պարտավորություն չունեն»,-գրում է կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more