IDBank-ը և Իդրամը շարունակում են իրենց սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը երեխաների, ուսանողների և մեծահասակների շրջանում։
Այս անգամ IDBank-ը և Իդրամը անցկացրին եռօրյա դասընթաց Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ՝ ներկայացնելով ֆինանսական մտածողության հիմունքները։

Եռօրյա դասընթացներին մասնակցեցին շուրջ 150 ուսանողներ։ IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը և Կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը ինչպես տեսական, այնպես էլ գործնական օրինակներով և նյութերով ներկայացրին ֆինանսական գրագիտության կարևոր սկզբունքները, զեղծարարություններից պաշտպանվելու հիմնական մեթոդները և վարքագծային տնտեսագիտության ոլորտը։
Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ համալսարանում ֆինանսական գրագիտության դասընթացի առաջին փորձը առավել քան հաջողված էր․ «Ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք երեք օր անցկացնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ և տեսնել նրանց մեծ հետաքրքրվածությունն ու ոգևորությունը թեմայի շուրջ։ Վստահաբար կարող ենք նշել, որ սա մեր առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունը կլինի ինչպես Մայր բուհի, այնպես էլ այլ համալսարանների հետ», - նշեց Տաթևիկ Վարդևանյանը։
«Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական գործընթացում ուսանողներին պրակտիկ հմտությունների փոխանցմանը, և այս համատեքստում առաջնահերթ ենք համարում նաև բիզնեսի հետ մեր կապի ամրապնդումը։ Շատ ենք կարևորում նաև IDBank-ի և Իդրամի հետ մեր կայուն և երկարատև համագործակցությունը» - ասաց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։
IDBank-ը և Իդրամը կարևորում են կրթական նախաձեռնությունները և շարունակում են իրականացնել արշավներ, որոնք միտված են ֆինանսապես գիտակից հասարակության ձևավորմանը։
«Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


