▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԱՖ-ը պահանջներ է ներկայացրել ՀՖՖ-ին

ArmFootball.com-ը գրում է. Այսօր «Նյութ» ակումբում տեղի ունեցավ երկրպագուների First Armenian Front-ի (FAF) մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին ֆան-շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը. ինչպես նաև Արսեն Զաքարյանը:

Նախ Սերգեյ Ջանջոյանը ներկայացրեց պահանջներ` ուղղված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

- Բոլորս տեսնում ենք, որ մեր ֆուտբոլում տարեց տարի արդյունքները վատանում են, ու կարծես հասել ենք մի կետի, որից ավելի ցածր հնարավոր չէ պատկերացնել: Այդ կապակցությամբ մենք` Առաջին հայակական ճակատի անդամներս ունենք պահանջներ հայկական ֆուտբոլի թիվ մեկ պատասխանատու` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Այս տարիների ընթացքում աջակցել ենք մեր հավաքականին բոլոր տնային, հնարավորության սահմաններում նաև արտագնա հանդիպումներում, կազմակերպել ենք բազմահազարանոց երթեր, ֆան-զոններ, աջակցել ենք արտեկրից հրավիրվող ֆուտբոլիստներին, ընդունելություն կազմակերպել նրանց համար, սակայն հիմա մի իրավիճակում ենք, որտեղ պետք է գործողությունների դիմենք, քանի որ տեսնում ենք` մեռնում է հայկական ֆուտբոլը, և դրա հետ միասին կարելի է ասել, մեռնում է նաև ՖԱՖ-ը: Չենք կարող թույլ տալ, որ երկրպագուն բոյկոտի հայկական ֆուտբոլը: Մեր դիրքորոշումն է լինել հայկական ֆուտբոլի կողքին, այդ պատճառով էլ առաջադրում ենք հետևյալ պահանջները:

Բոլորը տեսան մարզադաշտում մեր իրականացրած ակցիան Հայաստան - Ալբանիա հանդիպման ժամանակ: Մենք պահանջեցինք մարզիչ` այդ բառի ամբողջ իմաստով: Մեր առաջին պահանջն է, որ հավաքական հրավիրվի պրոֆեսիոնալ մասնագետ արտերկրից, քանի որ գիտենք` հայազգի այն մարզիչները, ովքեր ունեն բարձր կարգ, մասնավորապես` Միշել Տեր-Զաքարյանը, Սերխիո Մարկարյանը, ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են գալ հավաքական: Մեր պահանջն է, որ հավաքականը փորձարկումների դաշտ չլինի, նոր մարզիչը լինի խարիզմատիկ, ճանապարհ անցած, անունով: Պարտադիր չի լինի շատ հայտնի մասնագետ, բայց լինի ճանապարհ անցած, որի անունը լսելիս, չսկսկենք ինտերնետում փնտրել նրա անունը:

Երկրորդ պահանջը վերաբերում է հրավիրվող ֆուտբոլիստներին: Մենք ֆուտբոլային գերտերություն չենք, ու չենք կարող մեզ թույլ տալ ոչ ֆուտբոլային պատճառներով հրաժարվել ֆուտբոլիստներից: Մեր պահանջն է, որ այն ֆուտբոլիստները, ովքեր մինչ այս տարբեր կոնֆլիկտների պատճառով չեն հրավիրվել, մի կողմ դնելով բոլոր ամբիցիաները, կարողանան միանալ հավաքականին: Կարող ենք մի քանի անուններ թվել` Արտակ Դաշյան, Մաուրո Գևգեոզյան, Արթուր Եդիգարյան, Դենիս Թումասյան... Երկպրագուները ևս վիրավորվում են ֆուտբոլիստների որոշ արարքներից: Մասնավորապես, հիշում ենք, թե ինչպես Սլովակիայի դեմ հանդիպումից առաջ, երբ պաշտպանի կարիք ունեինք, Դենիս Թումասյանը տարբեր պատճառաբանություններով մերժեց: Բայց ստեղծված իրավիճակում ցանկանում ենք տեսնել այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են օգտակար լինել հավաքականին:

Երրորդ պահանջն է տոմսերի գների նվազեցումը: Այսօրվա դրությամբ, համեմատելով երկրի սոցիալական վիճակը, եվրոպական երկրների տոմսերի գները, կարող ենք ասել, որ մեզ մոտ գները բավականին թանկ են: ՖԱՖ-ը այս մրցաշրջանում կոլեկտիվ հայտով ֆեդերացիայից ստացել է 500-800 զեղջերով տոմս: Մենք հրաժարվում ենք զեղջով տոմսերից ու այսուհետ մարզադաշտ ենք հաճախելու մյուս երկրպագուների պես: Ցանկանում ենք, որ վերանայվեն տոմսերի գները: Այն երկրպագուները, ովքեր ցանկանում են ընտանիքով ներկա գտնվել խաղերին, կանգնում են դժվարությունների առջև: Նկատում ենք, որ եթե արևմտյան տրիբունան անկախ ամեն ինչից գրեթե միշտ լիքն է, ապա տոմսերի թանկացումից ի վեր հյուսիսային ու հարավային տրիբունաները չեն լցվում: Եթե հարավային տրիբունայի տոմսերը տրվում են զեղջերով, ապա հյուսիսային տրիբունան դատարկ է մնում: Ունենալով արտագնա խաղերին հաճախելու մեծ փորձ, ծանոթ լինելով այնտեղի գնային համակարգերին, մենք պատրաստ ենք առաջարկել գնային այնպիսի մոդել, որի դեպքում հարավային ու հյուսիսային տրիբունաները ևս լիքը կլինեն: Տոմսերի թանկացումից հետո միայն Պորտուգալիայի դեմ հանդիպմանն են տրիբունաները լեփ-լեցուն եղել, այն էլ` հասկանալի պատճառներով: Հասկանալի է, որ թիմը այլ կերպ է խաղում լեփ-լեցուն տրիբունաների, մեկ այլ կերպ` կիսադատարկ տրիբունաների ներքո: Իրենք` ֆուտբոլիստները ևս բազմիցս նեղսրտել են, որ տրիբունաները լիքը չեն: Կարծում ենք` այս հարցը ևս արդիական է: 

Պահանջները սրանք են, ակնկալում ենք ստանալ դրանց պատասխանը: Որպես ժամկետ ընդունում ենք` մեկ ամիս: Հասկանում ենք, որ, մասնավորապես, մարզչի հետ բանակցությունները կարող են ամիսներ տևել: Մեզ պետք են երաշխիքներ, վստահություն, որ նոր մարզիչը լինելու է մեր թվարկած չափորոշիչներով, ով ինքնուրույն որոշումներ կկարողանա կայացնել:

Նշված պահանջներից հետո ՖԱՖ-ի անդամներին ուղղվեցին հարցեր:

- Նշեցիք ինքնուրույն որոշումների մասին, կարծում եք մարզիչները ինքնուրույն չեն կայացնու՞մ իրենց որոշումները:

Ս.Ջ. Կարող եմ նշել մեր ներկայիս գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի մասին: Մենք Սարգիս Հովսեփյանին շատ հարգում ենք, երբ նա ավարտում էր կարիերան մեծ շուքով ճանապարհել ենք: Սակայն մենք չենք կարծում, որ նա համապատասխանում է բերված չափորոշիչներին:

Ա.Զ. Պատասխանելով այն հարցին, որ մարզիչը չի հրավիրում այն ֆուտբոլիստներին, որոնց ուզում է, կարող եմ նշել, որ երբ հավաքականի մարզիչը գլխավորում է նաև ակումբներից մեկը, ապա բնական է, որ որոշումները կարող են սուբյեկտիվ լինել: Իսկ արտասահմանցի մարզչի դեպքում նրա աչքի տակ կլինեն բոլոր, որոշումներն էլ` օբյեկտիվ:

- Նշեցիք, որ պահանջներ եք դնում ֆեդերացիայի առջև, մինչդեռ երկրպագուներից շատերը կարծում են, որ պետք է պահանջել ֆեդերացիայի նախագահի հրաժարականը:

Ս.Ջ. Մենք Ալբանիայի դեմ խաղի ժամանակ կատարեցինք առաջին քայլը` պահանջելով մարզիչ: Երկրորդ քայլը այսօրվա ասուլիսն է: Երրորդ քայլը լինելու է մեր պահանջներին տեր կանգնելը: Իսկ պահանջները չբավարարվելու դեպքում կլինեն գործողություններ: Դա կարող է լինել ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահանջ, թե ինչ-որ անհնազանդություններ, չենք ցանկանում փակագծերը բացել:

- Կարելի՞ է ասել, որ ֆուտբոլի այսօրվա վիճակի գլխավոր մեղավորը ֆեդերացիայի նախագահն է:

Ս.Ջ. Բացի իմ բերած խնդիրներից, կարող ենք բերել տասնյակ ուրիշ հարցեր: Տեսնում ենք մեր ակումբների խայտառակ ելույթները եվրագավաթներում, տարբեր տարիքային հավաքականների ձախողումները: Տեսնում ենք մեր գլխավոր ուրախության` ազգային հավաքականի ելույթները: Բնական է, որ նման պարագայում այլ պատասխան չի կարող լինել. ֆեդերացիայի նախագահի աշխատանքը բավարար չէ:

- Նշեցիք ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտների մասին: Կոնկրետ ի՞ նչ կոնֆլիկտների մասին է խոսքը:

Ս.Ջ. Դենիս Թումասյանի մասին արդեն նշեցի: Մաուրո Գևգեոզյանի մասին, մասնավորապես նշվում է ավիատոմսի պահանջը: Բնական է, որ ապագա մարզիչը պետք է որոշի, թե որ ֆուտբոլիստն է հրավիրվելու հավաքական: Բայց մեր պահանջն է, որ հնարավորություն տրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն հրավիրվում տարբեր կոնֆիլկտների պատճառով: Տեսնում ենք Արթուր Եդիգարյանի բացակայությունը: Չի նշվում, որ նրա հետ կոնֆիլկտ կա: Բայց մենք տեսնում ենք, որ այն պահին, երբ նա իր թիմում` Բելառուսում համարվում էր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, չէր հրավիրվում հավաքական: Դա չի կարող ընդունելի լինել երկրպագուի համար: Ցանկանում ենք, որ այս հարցերը վերանայվեն, քանի որ հասել ենք կրիտիկական կետի: Այսօրվա դրությամբ հայ երկրպագուները գալիս են մեզ հետ արտերկիր` հույս չունենալով, որ հաղթելու ենք: Նույն վիճակն է ֆուտբոլիստների մոտ: Մեր առաջատարների ցուցադրած խաղը իրենց կարողությունների սահմանը չէ: Բոլորի մոտ ինչ-որ խնդիրներ կան, ինչ-որ բանից դժգոհ են: Եթե ֆան-շարժումը այս պահին մի կողմ քաշվեց` սպասելով հաջորդ խաղին, ապա սայլը տեղից չի շարժվի:

- Այսինքն, կարելի՞ է ասել, որ բարոյական մթնոլորտը խաթարված է:

- Ա.Զ. Չենք կարող հստակ ասել, սակայն տեսնում ենք, որ հավաքականի ֆուտբոլիստները այն եռանդով չեն մոտենում հանդիպումներին, ինչպես 3-4 տարի առաջ էր: Հնարավոր է` լինեն տարաձայնություններ, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում հավաքականի ներսում: Բայց տեսնում ենք, որ չկա միասնականություն, ինչի պատճառ կարող են հանդիսանալ նաև բարոյահոգեբանական խնդիրները:

- Երիտասարդական, պատանեկան հավաքականները ևս անհաջող են հանդես գալիս: Կարծում եք` այդ հավաքականներում նույնպե՞ս փոփոխություններ են պետք:

Ս.Ջ. Բնականաբար, փորձառու մասնագետներ են պետք բոլոր տարիքային հավաքականներում: Այս պահին մեր պահանջը վերաբերում է ազգային հավաքականին, ու այս կանգնած կետից շարժվելու համար տվյալ պահանջներ ենք բերել:

- Վերջերս շատ է խոսվում Հայաստան - Ալբանիա խաղի պայմանավորված լինելու մասին: Ի՞նչ կասեք այդ մասին:

Ա.Զ. Նշեմ, որ այդ տեղեկություն գալիս է ոչ վստահելի աղբյուրներից` սերբական, կամ էլ ալբանական ընդդիմադիր մամուլից: Իհարկե, երկրպագուի համար դժվար է ընդունել, որ կարող է նման բան լինել, բայց այս պարագայում որևիցե ապացույց, իրական փաստ չկա դրա շուրջ, ու ճիշտ չի լինի կարծիք հայտնել դեղին մամուլի գրածների մասին:

Ս.Ջ. Թիմում բարոյահոգեբանական մթնոլորտը տեղից լավ չէ, այսպիսի լուրերով էլ մենք ավելի ենք վատացնում այն: Պատկերացրեʹք, որ ֆուտբոլիստները վերադառնում են իրենց ակումբներ, իսկ արտասահմանյան մամուլում արդեն դրանից են խոսում: Ինչքան շարունակենք տարածել այդ լուրը, այնքան վատացնելու ենք իրավիճակը: Մենք չենք հավատում, որ մեր հավաքականում կան նման ֆուտբոլիստներ:

- Վերջին ամիսների ընթացքում խայտառակ արդյունքներ արձանագրեցին մեր բոլոր հավաքականները: Պարտվեցին բոլորին, ու ոչ-ոքի խաղացին միայն Սան-Մարինոյի ու Լյուքսեմբուրգի պես թույլ երկների հավաքականների հետ: Հասկանալի  ձեր պահանջները, սակայն չեք կարծու՞մ, որ դրանք էպիզոդիկ բաներ են, իսկ պետք են ավելի լուրջ փոփոխություններ:

Ս.Ջ. Մենք մեր շարժումով ունենք նախատեսված ծրագիր, ունենք մեր պատկերացումները այդ հարցի շուրջ: Ես խնդրում եմ, որ պահանջներ չներկայացվեն որևէ ֆան-շարժման: Այս հարցի, ձեր մատնանշած խնդիրների շուրջ միավորվեն բոլորը` մամուլը, երկրպագուները, սփյուռքի երկրպագուները: Եկեʹք այս հարցերին միասին լուծում տանք: Մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք: Մեր շարժումը` ՖԱՖ-ը, աջակցում է ազգային հավաքականին, իսկ հավաքականը այսօր, կարելի է ասել, վատագույն վիճակում է: Ամեն ինչ անիմաստ կլինի, եթե մենք չգործենք:

- Այսօր շատերը խոսում են Վարդան Մինասյանի վերադարձի մասին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Ս.Ջ. Հայաստանում չենք տեսնում մարզիչ, ով կարող է գլխավորել հավաքականը: Մինասյանի հրաժարականից հետո շնորհակալություն ենք հայտնել նրան կատարած աշխատանքի համար: Կարծում ենք` այս հավաքականին նա ավել բան տալ չի կարող: Անցել է փորձարկումների ժամանակը: Անցել է այն ժամանակը, երբ հավաքականը վստահվում է մարզչի` կարող է լավ լինի, կարող է ստացվի սկզբունքով: Մեզ արդյունքներ են պետք ու պետք է տեր կանգնենք արդյունքների պահանջներին:

- Իսկ արտասահմանցի մասնագետի թեկնածուներ ունե՞ք: Մասնավորապես, Շալանդի օրոք հավաքականը հետընթաց ապրեց:

Ս.Ջ. Իսկ Շալանդի մասին մինչև նրա նշանակում քանի՞սը գիտեին: Պահանջներում հստակ նշված է մարզչի չափորոշիչները: Մեզ պետք է մարզիչ, ով օրինակ, Ալբանիայի դեմ խաղում, առաջ անցնելով հաշվի մեջ, լինելով մեծ ճնշման տակ, կարողանա քայլերի ճիշտ հերթականությամբ հանդիպումը իր տրամաբանական ավարտին հասցնել: Շալանդը, Սարգիս Հովսեփյանը, Վարդան Մինասյանը, մեր խորին համոզմամբ, նման իրավիճակների պատրաստ չեն:

- Նշեցիք կոնկրետ ֆուտբոլիստների անուններ: Օրինակ, Արտակ Դաշյանը: Մասնավորապես, ինձ հայտնի է, որ ֆեդերացիայի նախագահը հարվածել է նրան:

Ս.Ջ. Մաուրո Գևգեոզյանի, Դենիս Թումասյանի հետ կապված եղել են հրապարակումներ մամուլում, ու մենք տեղյակ էինք: Արտակ Դաշյանի պարագայում, չգիտեմ, թե ձեր սկզնաղբյուրները որտեղից են:

Ա.Զ. Ռուբեն Հայրապետյանը ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ ինքն է խորհուրդ տվել մարզչին չհրավիրել Դաշյանին: Կարծում եմ` եթե լիներ մեր պահանջներով առաջադրված մարզիչ, ապա ինքը, անկախ ամեն ինչից, ցանկության դեպքում կհրավիրեր նրան:

- Մի փոքր զարմանալի է, որ ֆուտբոլասերները մտահոգված են ֆուտբոլի զարգացմամբ: Իսկ փորձեր եղե՞լ են քննարկել ֆեդերացիայի ղեկավարների հետ այդ հարցերը:

Ս.Ջ. Ճիշտն ասած, պետք է Ձեզ համար զարմանալի չլիներ, քանի որ մենք ռոբոտներ չենք, որ 90 րոպե անընդհատ երկրպագենք ու վերջ: Մենք ապրում ենք մեր ունեցած ցածր մակարդակի ֆուտբոլով: Իսկ հարցին պատասխանելով` ասեմ, որ տարիների ընթացքում քննարկումներ եղել են, բայց ակնհայտ արդյունքների դրանք չեն բերել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more