▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղբորս մահվան մասին հաճախ սխալ ինֆորմացիա է շրջանառվում․․․

Ադրբեջանական վերջին՝  սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ անմահացած Դավիթ Գիշյանի քույրը՝ Մարիան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քանի որ եղբորս մահվան մասին հաճախ շատ սխալ կամ կիսատ ինֆորմացիա է շրջանառվում՝ հարկ եմ համարում հստակեցնելը: Իմ եղբայրը՝ Դավիթ Գիշյանը, պատահական գերության մեջ հայտնված և զոհված զինվոր չէ: Իմ եղբայրը ժամեր շարունակ կռիվ է տվել, առավոտյան կողմ երբ վիճակը արդեն անելանելի է եղել՝ խումբը նահանջել է: Նկատելով, որ ընկերը չկա՝ եղբայրս զինվել է և միայնակ ետ բարձրաձել դիրք ընկերոջը գտնելու համար, այդ ժամանակ ազերիները արդեն եղել են մի քանի մետրի վրա: Որից հետո Դավիթը ծանր վիրավորում է ստացել և գերևարվել: Եղբայրս գիտակցված ձևով գնացել է այդ քայլին, անձնազոհաբար փորձել է օգնել ուրիշին, որի արդյունքում էլ արնաքամ է եղել թշնամու ձեռքին և մահացել:

Տվյալ դիրքից զոհվել են միայն եղբայրս և այն տղան, ում համար Դավիթը հետ էր գնացել: Տվյալ դիրքից մնացածները ողջ են, որի համար ես շատ ուրախ եմ, այս ցավը թող ոչ ոք չտեսնի և չզգա: Եղբայրս վերջին ամիսներին միշտ նույն դիրքում է եղել, տեղանքը արտակարգ լավ գիտեր, ինձ հաճախ էր պատմում: Որևէ մեկը երբ նշում է «գերի ընկած և զոհված Դավիթ Գիշյանը», թող չալարի և գրի իրականությունը՝ «կռիվ տված, իր փրկության հնարավորությունը անտեսած, ընկերոջը օգնելու համար թշնամուն միայնակ դեմ հանդիման գնացող և դրա արդյունքում գերևարված Դավիթ Գիշյանը»: Դավիթ Գիշյանը, ում արյան ոչ մի կաթիլը չարժե այս հայրենիքը: Եղբայրս, ով վերջին 9 ամսում դիրքերից գրեթե չէր իջել, անձրևի, ձյան, արևի տակ դիրքում, գիշերվա ամենամութ ու ամենավտանգավոր ժամերին զենքը ձեռքին արթուն կանգնած էր:

«Հերոս զինվոր», «Հավերժ փառք» և նմանատիպ դատարկ քոմենտներ խնդրում եմ չթողնել, քանի որ այս երկրում այդ «հավերժը» զինվորի մահից հետո մի քանի օր է և մեկ-մեկ էլ կերուխումներին, երբ սնվելուց առաջ կհիշեն մի բաժակ բարձրացնել հերոս զինվորների համար և 2 րոպե հետո չեն հապաղի իրենց պարահրապարակ նետել թուրքական կլկլոցների ներքո: Քանի որ ոչ մի կերպ արդարացված չէ քո «չլինելը» և մնացածի «լինելը»: Քանի որ միշտ իմացել եմ, որ ոչ մի հայրենիք արժանի չէ 18 տարեկանի արյանը: Երկիրը այդպես չեն պահում:

Այո, հավերժ փառք իմ 19-ամյա, գեղեցիկ, բացառիկ, ազնիվ, մեծ սրտով, խելացի եղբորը, և մեր մյուս եղբայրներին: Բայց այդ հավերժ փառքին իրենք չեն արժանանալու դատարկ խոսքերի և մեկնաբանությունների արդյունքում: Եվ այո, ես անչափ մեղավոր եմ, որ շատ բան չարեցի իմ փոքր եղբորը այդ չարիքից հեռու պահելու համար:

Դու լույս էիր, անգամ մահվան մեջ ավելի լուսավոր և գեղեցիկ ես քան մենք՝ «ապրողներս»: Ծեծված «հայրենիքի համար կյանքը տված զինվոր» բնորոշումը շատ փոքր և ճղճիմ է քո համար, այդ «զինվոր» կոչումը փորձեց ստվերել քո անհատականությունը, բայց դու միշտ էլ հազարավոր անգամներ ավելին ես եղել դրանից: Ափսոս, որ այդքան պատվով էիր և մի փոքր եսասեր չեղար: Փառք քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more