▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ադրբեջանն էժան է մատակարարում՝ կարելի է քննարկել. ՔՊ-ականը` գազ գնելու մասին

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ Ադրբեջանից գազ գնելը ոչ թե ավելացնում է կախվածությունը, այլ` պակասեցնում:

«Կախվածություն լինում է այն ժամանակ, երբ դու որևէ էներգառեսուրս գնում ես մեկ աղբյուրից: Ցանկացած այլընտրանքային աղբյուրից էներգառեսուրս գնելը կախվածությունը  ոչ թե ավելացնում է, այլ` պակասեցնում: Այսինքն` եթե մենք ժամանակին գազ գնում էինք միայն ՌԴ-ից, հետո սկսեցինք գնել նաև Իրանից, երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է քո էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակը:

Հիմա Ադրբեջանից գազ կգնվի, թե չի գնվի՝ մի քիչ շատ ավելի հետագայի ու տեսական հարց է, բայց եթե ունենանք մի այնպիսի իրավիճակ, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել ու եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, մենք պետք է նայենք, թե ով է այդ ռեսուրսը ավելի էժան, որակով ու արագ մատակարարում: Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, կարելի է և քննարկել դա, եթե բխում է ՀՀ շահերից` իհարկե, հաշվի առնելով, որ պետք է միշտ պահել դիվերսիֆիկացիան ու այլընտրանքային աղբյուրները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը՝ Իրանից  հնչում են առաջարկներ, որ պատրաստ են մեծացնել մատակարարումը` ՔՊ-ականը պատասխանեց, թե խորհուրդ է տալիս նման առաջարկ անող փորձագետներից որևէ մեկին հրավիրել, որ ցույց տա այդ հնարավորությունները:

«Ես էլ ցույց կտամ սահմանափակումները:  Միգուցե, մարդը ինչ-որ կախարդական  եղանակներ գիտի, որը մեր կառավարությանը հայտնի չէ: Եթե մարդկանց թվում է, թե մենակ իրենց մտքով է անցնում, որ կարելի է Իրանից ավելի շատ գազ գնել՝ այդպես չի»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more