Երկու լեգենդի հանդիպումը․ Արզումանյան-Կանավարո ձեռքսեղմումը՝ խաղից հետո
Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ ուժերը չափելով Ուզբեկստանի հավաքականի հետ։ Դռնփակ անցկացված խաղում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը պարտություն է կրել 2։4 հաշվով։
Հանդիպումն անցել է ընկերական խաղերի համար ոչ սովորական ձևաչափով՝ թիմերը խաղացել են 35-րոպեանոց 3 խաղակես։
Մեկնարկը հաջող էր երևանյան ակումբի համար։ 19-րդ րոպեին Խարիտոն Այվազյանը գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով «Ուրարտուին»։ Սակայն բաց թողած գոլից հետո Ֆաբիո Կանավարոյի գլխավորած ուզբեկական թիմը կարողացավ փոխել խաղի ընթացքը։ 35-րդ րոպեին Ալիշեր Օդիլովը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Հաջորդող խաղափուլերում նախաձեռնությունն անցավ մրցակցին։ 58-րդ րոպեին Ջավոխիր Հուսանովը հաշվի մեջ առաջ մղեց Ուզբեկստանի ընտրանուն, իսկ քիչ անց իր խոսքն ասաց Ավազբեկ Ուլմասալիևը։ Վերջինս 62-րդ և 70-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց՝ վճռելով հանդիպման ելքը։
Չնայած գրանցված արդյունքին՝ ուժեղ մրցակցի դեմ հանդիպումը կարևոր փորձ էր թիմի համար մրցաշրջանի վերսկսմանը նախապատրաստվելիս։
«Ուրարտուի» ուսումնամարզական հավաքը ԱՄԷ-ում կշարունակվի մինչև փետրվարի 13-ը։ Առաջիկայում Ռոբերտ Արզումանյանի թիմը նախատեսում է ստուգողական խաղեր անցկացնել նաև չինական «Ցինդաոյի» և «Չժեցյանի», Ղազախստանը ներկայացնող «Ելիմայի» և «Յունայթեդ Սպորտի» հետ։
Աղբյուրն՝ այստեղ


