▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում մեկնարկած սեմինարին մասնակցում են նաև Թուրքիայից և Ադրբեջանից ժամանած խոսնակներ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարին, որը մեկնարկել է այսօր Երևանում, մասնակցում են նաև Թուրքիայից և Ադրբեջանից ժամանած խոսնակներ։

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը. Ռուբեն Ռուբինյան

«Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, և մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն և բարօրորություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասաց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացը։

Նա հույս հայտնեց, որ Թուրքիան կպատասխանի հայկական կողմի պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է` շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։
 

***

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան

«Մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը, որն ուղղված է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը»։

Դիտեք նաև՝

ՀՀ ՊՆ–ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը. Սուրեն Պապիկյան

«Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական և ուսումնավարժական կարողությունների զարգացման և այլ ուղղությունների վրա», – ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ ասաց Պապիկյանը։

***

Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ողջունել է ադրբեջանցի Մուրադովի մասնակցությունը ժողովին։ «Այս տարվա օգոստոսի 8-ին այդ թվում հենց այս համատեքստում Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը և Ադրբեջանիի նախագահը ԱՄՆ նախագահի աջակցությամբ և վկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր խաղաղության մասին։ Սա պատմական քայլ է դեպի կայուն ու երկարատև խաղաղությանուն մեր տարածաշրջանում։ Կարծում եմ՝ պարոն Մուրադովի ներկայությունը այստեղ ևս մեկ առհավատչյա է դրա և, բնականաբար, ողջունում ենք դա, և հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի ու կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետում»,-ասել է Ռուբեն Ռուբինյանը։ «Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն՝ հաղթահարելու անցյալի հակամարտություններն ու կառուցելու խաղաղ, բարիդրացիական ապագա։ Մեր պարտքն է չկորցնել այդ հնարավորությունը և այն վերածել կայունության ու զարգացման պատմական իրականության»,- նշել է ԱԺ փոխնախագահը։

***

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը երեկ Բաքվից վերադարձել է Երևան։ Լրագրողներն այսօր փորձեցին մանրամասներ ճշտել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից, ով խուսափեց ուղիղ պատասխաններ տալուց՝ նշելով, որ ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ այցելի Բաքու՝ Գրիգորյանն ասաց. «Այդպիսի որևէ քննարկում չկա»։

***

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկուցը ժամանակին է ուղարկվել ԱԺ նախագահին, ժամկետի խախտում չի եղել։ Այս մասին լրագրողներ հետ զրույցում հայտնեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․ «Մենք ծավալուն եզրակացություն ենք տվել, հսկայական գաղտնի նյութեր են ուսումնասիրվել․․․ Զեկույցը տալիս է շատ հարցերի պատասխան։ նՀետևանքներ հիմա էլ կան, իրավապահները բազմաթիվ գործեր են քննում։ ԱԺ նախագահը կորոշի հրապարակման օրը։ Մեծ բացահայտումներ, այո՛, կլինեն, այնպիսի՜ լույսեր կսփռվեն»,- ասաց Քոչարյանը։

***

«Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։ Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր»,- ՆԱՏՕ-ի ԽՎ-ի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ «Տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված է եղել միայն մեկ բևեռից, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել մեզ համար։ Ներկայում մենք աշխատում ենք դրա դիֆերենցիկացման ուղղությամբ, որը ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարևանների հետ, բարիդրացիական հարաբերություններ և համագործակցություն՝ բոլոր կողմերի հետ»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։

***

Երևանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: ԱԺ կայքում հրապարակվել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ելույթը, որում մասնավորապես ասված է․ «Հատկանշական է, որ այս սեմինարը Հայաստանում անցկացվում է մի փուլում, երբ տարածաշրջանային բարդ և բազմաշերտ զարգացումները, առավել քան երբևէ, ունեն միջազգային աջակցության, փորձի փոխանակման և քաղաքական կամքի դրսևորման կարիք:

Հետևաբար, նպատակային է նաև այս օրերին մեր ուշադրության կենտրոնում գտնվելիք թեմաների ընտրությունը. խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունը,
ժողովրդավարության դիմակայունությունը,
հիբրիդային սպառնալիքները և ապատեղեկատվությունը,
տարածաշրջանային տնտեսական համագործակցություն:

․․․Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը ոչ միայն ազգային, տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության առաջնահերթություններից է: Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված կայուն խաղաղության: Այս գործընթացի իրականացումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների վերականգնման երաշխիքն է, այլև տարածաշրջանի փոխակերպման նոր հնարավորություն:
Այս համատեքստում Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական տեսլականը ներդաշնակվում է հռչակագրի դրույթներին՝ առաջարկելով տրանսպորտային եւ ենթակառուցվածքային կապերի վերաակտիվացում, տնտեսական փոխկապակցվածություն ու վստահություն:

․․․Միևնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ձևավորում են նոր իրողություններ՝ նոր անվտանգային մարտահրավերներով և մրցակցային օրակարգով: Այս փոփոխությունները ոչ միայն համարժեք արձագանք են պահանջում, այլև միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ առավել խոր ինտեգրում:

Այս համատեքստում, հատկապես, ցանկանում եմ ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության առանցքային դերը: Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն: Երկկողմ համագործակցության սկիզբը դրվել է 1994 թվականին:
․․․Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վրա: Հայաստանը բարձր է գնահատում այս համագործակցությունը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես պաշտպանական, այլև՝ համակարգային բարեփոխումների հարթակ, որը նպաստում է մեր երկրի անկախության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը:

Այս հարաբերությունները հատկապես մեծ կարևորություն են ստանում այսօրվա բազմաբևեռ, անկանխատեսելի և հաճախ էլ՝ անկայուն աշխարհում՝ դառնալով անվտանգության և կայուն զարգացման կարևոր հենասյուն:

․․․Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կարող է և պետք է դառնա ոչ թե բաժանարար գծերի, այլ՝ միացնող կամուրջների տարածաշրջան՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա․․․»:

***

«Ինչպես գիտեք, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում նոր գլուխ է բացվում, և մենք ուրախ ենք տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները։ Ոչ ոք չի շահում պայքարից․ խաղաղությունը ձեռնտու է բոլորին»,- Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալին՝ անդրադառնալով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Հարցին՝ ինչո՞ւ չի բացվում հայ-թուրքական սահմանը թուրք պատգամավորը պատասխանեց, որ առաջիկա ամիսներին կարող է ստեղծվել սահմանը բացելու իրական հնարավորություն․ «Կան թռիչքներ, բայց Turkish Airlines-ը դեռ չի թռչում։ Հույս ունենք, որ շուտով դուռը կբացվի, կունենանք առևտրային և մշակութային կապեր։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասաց նա՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերություններում կարևոր տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերություններում, սակայն սահմանի բացման որևէ նախապայման չունեն, բանակցությունները ընթանում են։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more