▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդհանուր ապագա» եւ միակողմանի հատուցում

Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը որեւէ նոր տվյալ չի ապահովում Անկարայի կողմից որոշ ժամանակից  ի վեր կիրառվող թավշյա ժխտողականության քաղաքականության մեջ: Ուղերձը նույն հստակությամբ է  բանաձեւվել: Թուրքիայի վարչապետը «խաղաղասիրական մեծ քայլ է կատարել»: Կատարվածը ցավակցությունից այն կողմ «հավերժ խաղաղության» առաջադրանքով ընդհանուր ապագայի ապահովման միտող ծրագիր է: Բնականաբար պիտի հետեւեր հայկական կողմից առնվելիք համապատասխան քայլի սպասումը:

Մինչեւ այստեղ նույն հանգերգն է: Այս բանաձեւի իրականացման համար ներկայացվող հիմնավորումները որոշակի դիտարժանություն են ապահովում:

Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոր եւ ավելի հիմնավորված խաղաղության ժամանակաշրջան կսկսվի, եթե մտավորականները եւ քաղաքագետները կողմերի միջեւ հոգեբանական պատվարները հաղթահարելու եւ արդար հիշողություն կառուցելու համար իրենց ներդրումը ունենան:

Նախքան հաջորդ կետերին անցնելը, մի պահ կենտրոնանանք առաջին այս հիմնավորման վրա: Առաջարկվածը, գուցե մասնագետների աշխատանք է. եւ եթե խոսվում է հոգեբանական պատվարները հաղթահարելու մասին,  մտավորականներից եւ քաղաքագետներից առաջ գուցե հոգեբանների կարիքը զգացվեր, ուսումնասիրելու համար երկու կողմերի միջեւ գոյացած հոգեբանական պատվարների պատճառները: Բայց այստեղ, խորքում թուրքական միեւնույն հանգերգային առաջարկի մի այլ տարբերակն է, որը  սահել է Դավութողլուի հայտարարությունում: Մտավորականներ ասելով, Անկարայի վարիչը խորքում հասկանում է  պատմագետներ եւ գիտակցաբար բառի չօգտագործումով առաջադրում է  պատմաբանների միացյալ հանձնաժողովի միեւնույն ծուղակը: Նույն Դավութողլուն պատասխանո՞ւմ է արդյոք Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստի բացմանը նախագահ Սարգսյանի այն հայտարարությանը, որ արխիվների ուսումնասիրության կարիքը չկա համոզվելու համար, որ դեպքերը Ցեղասպանություն էին:

Առաջին հիմնավորումում թուրք նախարարը խոսում է արդար հիշողություն  կառուցելու անհրաժեշտության մասին: Պարզ է ակնարկը: Հայերը ապրում են անարդար հիշողությամբ: Եթե արդարացման ենթարկենք հիշողությունը, ապա այնտեղ պիտի հայտնվի ընդհանուր ցավը, որը նաեւ թուրքերինն է: Այստեղ ահա սկսում է աշխատել Անկարայի մյուս թեզը, որը կառուցվել է զոհերի համահավասարեցման սկզբունքի վրա: Արդար հիշողությունը դժվար թե այլ բացատրություն ունենա:

Հիմնավորումները զարգանում են. եթե արդար հիշողությունը չկայանա, այլ ուժեր պիտի շահարկեն հայ-թուրքական հակամարտությունը եւ երկու կողմերը պիտի ենթարկվեն շահագործման: Ներկա գոյավիճակի պահպանման, առ այդ թե՛ հայերի եւ թե՛ թուրքերի շահագործման ենթակա մնալու պատասխանատվությունը հայկական կողմինն է, ուրեմն, ըստ թուրք դիվանագետի տրամաբանության: Ավելին, հայկական կողմը այսպիսով պատասխանատվության տակ է դրվում է ոչ միայն ընդհանուր անցյալի ճիշտ գնահատականը չտալու, այլ նաեւ գրավի տակ դնելու երկու ժողովուրդների ընդհանուր ապագան:

 

Կարմիր թելի նման բոլոր հիմնավորումներում գծվում է ընդհանուր բառը. ընդհանուր անցյալ, ընդհանուր պատմություն, ընդհանուր ցավ, ընդհանուր հիշողություն, եւ հիմա ընդհանուր ապագա:  Ընդհանրացման այս քաղաքականությունը, որ խորքում թավշյյա ժխտողականություն է, հատկանշում է 100-ամյակի թուրքական ռազմավարությունը: Թվում է, թե հայկական կողմը ընդհանուր ապագա կառուցելու բազմաթիվ առաջարկներ պիտի ստանա Անկարայից:

Հայկական պատասխանը բոլոր խնդիրները ընդհանրացնելու  թուրքական այս խաղին լսվեց կոնգրեսի ժողովասրահներում, երբ հատուցման բանաձեւը  4347 համարակալմամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունով  Անկարայից պահանջեց իրավատիրոջը վերադարձնել քրիսոտնեապատկան գույքերը:

Հատուցման իրավաքաղաքական գործընթացը, 100-ամյակի արդեն հիմնական փուլում, մեկնարկել է: Եւ այստեղ հոգեբաններից եւ մտավորականներից առաջ իրավագետները աշխատանք ունեն կատարելիք. եւ արդեն կատարում են։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more