▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էկոնոմիկայի նախարարությունը 126 հազար դրամ արժողության նարդի է գնել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օգոստոսի 23-ին «Հենդլ» ՍՊԸ-ից գնել է 126 հազար դրամ արժողությամբ նարդի։

«Հենդլ» ՍՊԸ-ին պատկանող սրահը Բուզանդ փողոցում գտնվող «Վերնիսաժում» վաճառակետ ունի եւ վաճառում է ոչ այնքան մատչելի արժեք ունեցող շախմատ, նարդի, հուշանվերներ, ժամացույցներ եւ այս ամենը՝ փայտի փորագրությամբ։

Նարդիի ամենաէժան տարբերակը նշված խանութում 33 հազար դրամ է եւ աստիճանաբար թանկանում է՝ հասնելով մինչեւ 300-360 հազար դրամի։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ճշտել՝ արդյոք գնումը նախարարի՞ հրամանով է արվել, ո՞ւմ համար է գնվել, եւ եթե նվեր է, ապա ո՞ւմ են նվիրել։ Նախարարությունից պատրաստակամորեն պատասխանեցին մեր հարցերին՝ ասելով. «Հարցը եղել է նախարար Գեւորգ Պապոյանի տիրույթից դուրս, նա չի հանդիսացել նվիրատուն։

Գնումը կատարվել է ներկայացուցչական ծախսերի շրջանակում՝ նախարարի տեղակալի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան կատարած այցի ընթացքում նվիրելու համար։

Նախարարը նախապես չի տեղեկացվել նվերի արժեքից, իսկ տեղեկանալուց հետո՝ հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն, քանի որ բարձր արժեք ունեցող նվերներ հանձնելն անթույլատրելի է համարում։

Նշենք նաեւ, որ ծախսված գումարն արդեն իսկ վերադարձվել է պետբյուջե։

Կից ներկայացնում ենք նաեւ վճարման անդորրագիրրը», – հարցին ի պատասխան՝ նախարարությունից տրամադրել էին նաեւ վճարման անդորրագիրը։

Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, առանց նախարարին տեղյակ պահելու, թանկարժեք նվերներ է գնել պետբյուջեից հատկացված գումարով, ապա նախարարի ճնշումներից հետո՝ նվերի համապատասխան գումարը վերադարձրել է պետբյուջե։

Եվ այսքանով պատիժն ավարտվում է. սակայն «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կպարզի եւ կներկայացնի, թե էկոնոմիկայի նախարարի տեղակալներից ով է թանկարժեք նարդիի գնումը կատարած տեղակալը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more