▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեխ պրոֆեսորն ասաց՝ նա քանդել է Հին Երևանը, դուք նրա համար արձան եք կանգնեցրել»

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԵԽ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
- Ի՛նչ ճանապարհ է անցել հայ ժողովուրդը, ի՛նչ հրաշքներ է նա ստեղծել իր և համայն մարդկության համար: Հայաստանում Արիստոտել և Պլատոն էին թարգմանում այն ժամանակ, երբ Եվրոպայի մեծ մասում գրել ու կարդալ չգիտեին: Վոյտեխ Միհալիկ (չեխ գրող)։
Չեխ հյուրերիս ողջունեցի՝ անվանի չեխ գրողի խոսքերով: Զարմացած էին, տպավորված նման անակնկալով…
Անմիջական մարդիկ էին հյուրերս… անբռնազբոս… նախնական լարվածության ոչ մի նշույլ… ծանոթացանք: Խմբի ղեկավարը, ով նաև թարգմանչի դերն ստանձնեց՝ մոտեցավ, բարևեց…
Տպավորիչ էր բարձրահասակ, փոքրիկ մորուքով թիկնեղ չեխը։ Մոտեցավ ու ներկայացավ որպես՝ Պրոֆեսոր…
Մինչ տուրի ավարտը նա այդպես էլ բոլորի համար մնաց՝ Պրոֆեսոր… պատմաբան էր, Չեխիայի հեղինակավոր ԲՈՒՀ-երից մեկում էր դասավանդում։
Պրոֆեսորի հետ հաճախ էինք բանավեճի բռնվում:
-Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է, մայրաքաղաքների մեջ՝ հնագույնը: Երևանն ավելի, քան 6000 տարեկան է:
Նրա աչքերը կլորացան: - Ո՞նց, Երևանը 2800 տարեկան է:
Ժպտացի:- 2800 տարեկան Էրեբունին է: Երևանի կենտրոնական հատվածն ընդգրկում է Շենգավիթը: Այն…
Համոզիչ էր: Պրոֆեսորը կախեց գլուխը, մի պահ մտածեց ու՝ Տրամաբանական է…
Քայլում ենք Երևանի փողոցներով: Հիացած են քաղաքի կենտրոնի գեղեցկությամբ, մաքրությամբ… Բայց ու՞ր է ձեր Հին քաղաքը, - հարցրեցին:
Ստիպված էի բացատրել որ 30-ական թվականներին… խաբել անկարող էի, Պրոֆեսորը տեղյակ էր ամեն ինչից:
Կասկադում ցույց տվեցի Թամանյանի արձանը: Նա՛ է քաղաքի ներկա հատակագծի հեղինակը:
-Հը՛մ, նա քանդել է Հին Երևանը, դուք նրա համար արձան եք կանգնեցրել…
Վիճել անկարող էի։
Երկրորդ օրն էր ուղևորության, դեպի հարավ ենք գնում:
Խոր Վիրապ. Հյուրերիս ներկայացրի հնավայրի պատմությունը, ասելով, որ սա հայոց հնագույն մայրաքաղաքներից մեկի տարածքն է, որ կարճատև ընդմիջումներով շուրջ 700 տարի եղել է Մեծ Հայքի մայրաքաղաքը…
Պատմեցի Գրիգոր Պարթևի մասին լեգենդը՝ 13 տարի բանտում նրա տառապանքները: Հյուրերս անհոգ ծիծաղեցին ու ցանկացան լինել բանտում։
Ապա բարձրացանք մերձակա բլուրը: Նայելով շուրջը՝ Պրոֆեսորը նկատեց.
-Մայրաքաղաք է, պեղվել է, բայց ոչինչ այստեղ չի ցուցադրվում, ձեր փառահեղ պատմությունից ոչինչ մատնացույց չեք անում… միայն եկեղեցին ու Գրիգորի բանտը, որ լեգենդ է: Հապա ինչու՞ մայրաքաղաքից ոչինչ չեք մատուցում:
Փորձեցի արդարանալ Պրոֆեսորի առաջ.
-Երևանի պատմության թանգարանում…
Թափ տվեց ձեռքը.
-Երևանում շատ բան կարող են ցույց տալ: Դուք պատմաբան եք, պիտի հասկանաք, որ ամեն իր արժեք ունի, երբ ցուցադրվում է հենց ի՛ր միջավայրում… իսկ այստեղ… ու՞ր են ձեր իշխանությունները: Ինչու՞ են թույլ տալիս, որ հնագույն մայրաքաղաքում գերեզմաններ կառուցեն: Մի քանի տասնամյակ անց այստեղ միայն գերեզմաններ են լինելու:
Նորավանք. Հյուրերս շլացած էին Նորավանքի (Բուրթելաշենի) սլացիկությամբ, ճարտարապետությամբ, բնության հետ նրա ներդաշնակությամբ: Մանրամասն զննեցին հուշարձանախումբը: Առանձին հետաքրքրությամբ զննեցին Բուրթելաշենի արևելյան պատի սվաստիկաները:
-Եվրոպայում պատմենք՝ չեն հավատա… սա ինչպե՞ս հայտնվեց նացիստների ձեռքին։
Պատմեցի:
Առաջնորդեցի Օրբելյանների դամբարան-տապանատուն: Նկատողությունը չուշացավ.
-Ձեր արքաների, իշխանների շիրիմները շատ համեստ են, իսկ հոգևորականները ահա շքեղ գավիթներում են թաղված:
-Գավիթներում էլ ունենք արքաներ թաղված,- հակադարձեցի ես:
Այդ պահին խմբին մոտեցավ քահանան.
-Ո՞վ է խմբի ավագը: Զբոսաշրջիկներին զգուշացրեք, որ տապանների վրայով չքայլեն:
-Ողջ գավիթը տապան է, հապա ինչպե՞ս քայլեն,-հակադարձեցի:
Դժգոհ դեմքով թողեց, հեռացավ:
Քարահունջում ենք… Սա աշխարհի հնագույն աստղադիտարանն է…
Պրոֆեսորը չարախնդաց. Բոլորի մոտ,- Սա ընդամենը մինհիր է… ձեր հնագետները վերջերս այստեղ պեղումներ են կատարել ու այդ մասին արդեն հայտարարել են: Դու մեզ մի՛ խաբիր, մի՛ պարծեցիր….
Տխուր է չէ՞… Մարդը մեղավոր չէ։ Հայաստան այցից առաջ հանգամանորեն ուսումնասիրել է թե՛ երթուղին, թե՛ մամուլի հրապարակումները…
Ինձնից մեծ ջանքեր պահանջվեց՝ թե՛ վերականգնելու իմ սասանված հեղինակությունը հյուրերի աչքին, թե՛ կոռեկտությունը պահելու և մեր Հնագիտության և ազգագրության ինստիտուտի որոշ վայ գիտնականներին հյուրերի ներկայությամբ չհայհոյելու համար…
Վաղարշապատում էինք: Հյուրերս հիացած էին հայկական ճարտարապետությամբ, հայոց հոգևոր մշակույթով: Տպավորեց հատկապես Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:
-Այո՜, հրաշք է: Իսկական հրաշք:
Պատմեցի, որ հայկական ճարտարապետությունն է ռոմանական և գոթական ճարտարապետության հիմքում: Ոմանք թերահավատ էին, մինչև որ «Իրենց պրոֆեսորը» գլխով հավանություն տվեց ասածիս…
Տպավորիչ էր հատկապես Զվարթնոցը: Բայց տաճարի ավերակներն այնքան էլ խոսուն չէին: Սակայն, երբ չեխերը թանգարանում տեսան տաճարի մակետը, մեկեն կերպարանափոխվեցին ու չթաքցրեցին իրենց հիացական բացականչությունները:
Մայր տաճարի թանգարանում ցույց եմ տալիս մեր հոգևոր մշակութային գանձերը. Հասանք գեղարդին: Պատմությունը զվարճացրեց հյուրերիս.
-Գիտե՞ս աշխարհում քանի տեղ ենք նման բաներ տեսել… Հեքիաթը իրականության տեղ մի մատուցեք….
Ծիծաղեցի… ինքս էլ այս ամենը մատուցում եմ որպես ավանդույթ միայն: Շատերը կուրորեն ավանդույթն իրականության տեղ են ընդունում, մյուսները քմծիծաղ տալիս ու հեգնում անգամ, ոմանք՝ ուղղակի շրջանցում….
Մեր հաջորդ կանգառը Մեծամորում էր:
Միշտ հատուկ սիրով ու մեծարանքով եմ խմբերիս Մեծամոր առաջնորդել: Մեծամորի հնավայրը հպարտություն է հաղորդում:
Ասացի, որ հայոց հնագույն մայրաքաղաքներից է Մեծամորը: Այստեղ է աշխարհի հնագույն մետաղաձուլարանը: Ցույց տվեցի հնագույն նշանագրերը, աստղադիտարանը… հյուրերը տպավորված էին նաև թանգարանով։
Երբ դուրս եկանք հնավայրից, շարժվեցինք դեպի մայրաքաղաք, հնչեց հարցը.
-Ի՞նչ է, ձեր ղեկավարները չգիտե՞ն Մեծամորի մասին: Ինչու՞ է ճանապարհն այսքան վատ, ինչու՞ ամենուր աղբ է….
Ձեզ մոտ եկեղեցիները մաքուր են, կոկիկ, իսկ ինչու՞ մյուս հուշարձաններն էլ…
Չգիտեի ինչ պատասխանել…
Տաթև ենք ուղևորվում: Դեռ ճոպանուղում իմ և պրոֆեսորի միջև նոր վեճ ծագեց.
-Դուք իսկապես հավատու՞մ եք այս ամենին…
-Ի՞նչ նկատի ունեք:
-Այն, որ դա դիտակետ է: Ինչ է, հայերը դիտակետերը ձորերու՞մ են կառուցել: Ախր հատուկ ռազմական պատրաստություն պետք չէ ունենալ, որ այս ամենի անհեթեթությունը հասկանաք: Դա չի՛ կարող լինել դիտակետ: Դիտակետը պետք է բարձր տեղում լինի, որտեղից լայն տեսարան է բացվում, որ հնարավոր լինի հսկել:
Ժպտացի. Դիտակետի անհեթեթության մասին վաղուց եմ բարձրաձայնել:
-Դե, դա ժողովրդական ավանդապատում է,-փորձեցի…
-Դուք դա ներկայացնում եք որպես բացարձակ ճշմարտություն…
Իսկ հյուրերս հիացած էին Սյունաց բնության չքնաղությամբ: Բարձրացանք եկեղեցի: Մինչ այդ, նրանց շատ տպավորեց ձիթհանը:
-Հազար տարի առաջ մեզ մոտ, Եվրոպայում, հավանաբար ձեթ ստանում էին ամենատարրական եղանակներով,- հոգոց հանեց մեկը:
Ճոճվող սյան մոտ, որպեսզի տեղիք չտամ դարձյալ ըմբոստության և ծիծաղի՝ չպատմեցի օտար բանակների մոտենալու մասին ինչ-որ մեկի երևակայության արգասիքը հանդիսացող անհեթեթությունը: Պատմեցի սյան աստղագիտական նշանակության մասին, ինչը ոչ միայն հետաքրքրեց բոլորին, այլև՝ ոգևորություն առաջացրեց:
-Այո՛, հնում ձեր երկիրը գոնե գիտության գծով առաջատարներից է եղել աշխարհում:
Հյուրերս հատուկ ուշադրությամբ լսեցին Տաթևում Նժդեհի վարած կռիվների մասին պատմությունը: Անգամ ոգևորված էին: Մի՞թե Նժդեհը կարողացել է մի բուռ քաջերով այդպես արդյունավետ կռվել Սովետների դեմ: Դա ախր համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ գրելու նյութ է… ինչու՞ ձեր պատմաբանները չեն ներկայացնում…
-Է՛հ, մենք միայն կրոնի պատմությունն ենք ներկայացնում,-բողոքս լսելի էր միայն ինձ…
Սատանի կամրջում դարձյալ ամաչեցի չեխերի առաջ. Աղբի այն քանակությունը, որ կար այնտեղ, մի բեռնատար մեքենա հազիվ բավականացներ՝ տեղափոխելու համար: Իսկ ժայռին գրած արձանագրությունները… ռուսերեն և լատինատառ… անուններ, ամիս-ամսաթիվ…
Ի դեպ՝ խորհրդանշական գրություն… 21.09.2017… Հայաստանի անկախության տոնին հայոց երկրի հուշարձանները պղծողները տեսնես հիմա ինքնաբավ ու ինքնագոհ որտե՞ղ են զվարճանում՝ երևի՝ Ժողովրդական արտիստ Արմենչիկի կլկլոցի ներքո…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more