▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցավում եմ տեղի ունեցածի համար»․ Գեղամ Նազարյանը՝ երեկվա միջադեպի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը «Արմլուր»-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել, թե երեկ ինչու էր վրդոովվել և թիրախավորել լրագրող Անի Գևորգյանին։
-Երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ Կիրանց գյուղում, որը սպասվածից առավել մեծ արձագանք գտավ, հատկապես սոցցանցերում:

-Կիրանցը իմ հայրենի գյուղն է եւ նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել եւ չհուզել։ Ես հիմա չեմ ցանկանում կրկին կատարվածը քննարկել, միայն ցանկանում եմ ասել, որ առաջինը հենց ես չէի ցանկանա, որ նման միջադեպ արձանագրվի, այն էլ լրատվամիջոցի եւ լրագրողի մասնակցությամբ։ Իհարկե, ոչ միայն չէի ցանկանա, որ այդպես լինի, այլ ցավում եմ տեղի ունեցածի համար։

-«Հայաստան» խմբակցությունից նշեցին, որ Գեղամ Նազարյանը հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։
-Համարեք, որ ձեր հարցերին պատասխանելով հանդես եմ գալիս լրացուցիչ պարզաբանմամբ։ Կրկնեմ մեկ անգամ եւս, ես հարգել, հարգում եմ, հարգելու եմ լրագրողի եւ մամուլի աշխատանքը, միայն կցանկանայի որ դեպքին գնահատական տալուց առաջ ծանոթները, ընկերները կամ ում դու ընկեր ես համարում, կփորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Մի պարզաբանում եւս, «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ։
-Իսկ իմպիչմենտի գործընթացին կմիանա՞ք։
-Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես իբր հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ եւ հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։

Եւ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։

Գուցե շատ հետո այս եւ այլ միջադեպերի, ասեկոսեների, իմ դեմ արդեն շատ երկար ամիսներ շարունակվող ուղղորդվող արշավի մասին մանրամասն անդրադառնամ, բայց հաստատ ոչ հիմա։ Միայն մի խնդրանք, այս ամենի մեջ մի ներքաշեք հերոս տղերքի ծնողներին։ Դուք անարգանքի սյունին գամում եք, գամեք, հանգիստ թողեք իմ բախտակիցներին։ Առայժմ այսքանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more