Նախօրեին Երևանի քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ «Օրրան» բարեգործական կազմակերպության՝ «Օրրան» կենտրոնի հարևանությամբ ապօրինի շինարարություն իրականացնելու վերաբերյալ:
Այս առնչությամբ Նյուզ.am-ը զրուցել է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հետ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․
Քիչ առաջ տեղեկացանք, որ Երևանի քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ «Օրրան» բարեգործական կազմակերպության՝ «Օրրան» կենտրոնի հարևանությամբ ապօրինի շինարարություն իրականացնելու վերաբերյալ:
Եթե հիշում եք, մենք բազմիցս ահազանգել ենք, որ «Օրրանի» հարևանությամբ իրականացվող ապօրինի շինարարությունը խախտում է հրդեհային անվտանգության նորմերը և խոչընդոտում շենքի բնական լուսավորությունը: Սա այն շենքն է, որտեղ մեր շահառու երեխանները ամեն օր ստանում են տաք սնունդ, հոգեբանական աջակցություն, դասապատրաստում և սոցիալական այլ ծառայություններ:
Կառուցապատողը խախտել է շինարարական նորմերը՝ շինարարությունն իրականացնելով «Օրրանի» շենքից ընդամենը 1.6 մետր հեռավորության վրա՝ օրենքով պահանջվող 6 մետրի փոխարեն: Քաղաքապետարանը, իր հերթին, տրամադրել է ապօրինի շինթույլտվություն՝ հաստատելով շենքերի միջև 2.2 մետր հեռավորություն, ինչը նույնպես հակասում է օրենքին: Սակայն նույնիսկ այդ նվազագույն չափանիշը չի պահպանվել:
Ինչպե՞ս է դատավորը հիմնավորել վճիռը:
Դատավոր Նաիրա Ավետիսյանը նշել է, որ «Օրրանը» չի ներկայացրել բավարար ապացույցներ կառուցապատողի գործողությունների անօրինականությունը հաստատելու համար: Սա շատ տարօրինակ է, քանի որ մենք ներկայացրել ենք փորձագիտական եզրակացություն, որը հստակ մատնանշում է խախտումները: Ավելին, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ շինարարությունը չի համապատասխանում նորմերին:
Դատավորն ընդգծել է, որ շինարարության անօրինականությունը կարող է հաստատվել միայն շինթույլտվության վերաբերյալ վարչական ակտի վիճարկման արդյունքում:
Իսկ կա՞ արդյոք այդպիսի դատական ակտ:
Այս մոտեցումը, իմ կարծիքով, սխալ է: Քաղաքացիական դատարանը լիազորված է անկախ եզրահանգումներ անել՝ առանց վարչական ակտի վիճարկման արդյունքի:
Այնուամենայնիվ, «Օրրանը» դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով Քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունը, որը հակասում է օրենքին: Սակայն վարչական դատարանը նշել է, որ մենք պետք է վիճարկեինք այդ թույլտվությունը 2022 թվականի դեկտեմբերից երկու ամսվա ընթացքում: Խնդիրն այն է, որ մենք չէինք կարող հասկանալ, թե նախնական աշխատանքները ինչ վերջնական տեսք կունենան: Մեզ այն տեսանելի եղավ միայն այն ժամանակ երբ սկսեցին կառուցել բետոնե սյունները:
Ավելին, նույնիսկ եթե Քաղաքապետարանի շինթույլտվությունը օրինական լիներ, կառուցապատողն արդեն իսկ շեղվել է դրանից՝ չպահպանելով նույնիսկ այդ 2..2 մետրի հեռավորությունը:
Բողոքարկելու՞ եք վճիռը:
Այո և Ձեզ տեղյակ կպահենք հետագա զարգացումների մասին:
Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը երկար ժամանակ ահազանգում էր իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։
Վարչական դատարանը որոշում էր կայացրել կասեցնել շինարարությունը, սական այդ վճիռը բողոքարկվել էր ու հիմա դատարանը հակառակ որոշումն է կայացրել: