Այո, ճիշտը «Ղարաբաղ» ձեւակերպումն օգտագործել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ երբ լրագրողներից մեկը նկատեց, որ սկզբում ասաց «Արցախ», հետո ինքն իրեն ուղղեց:
Հիշեցմանը, որ ժամանակին ինքը Աղդամն իր հայրենիքն էր համարում, ԱԺ նախագահն ասաց. «Բոլորս էլ սխալվում ենք, էլի հարցեր ունե՞ք»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն էլ էր սխալվում, երբ ասում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ այդ սխալը մեզ բերեց Արցախի կորուստ ու 5 հազար զոհ, նա պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ 5 հազար զոհ է, 4000-ից պակաս է: Իսկ ինչո՞ւ, երբ թիվ եք ավելացնում, չեք ասում, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 25 հազար մարդ շրջափակումից խուսափեց, որ 25 հազար մարդ հետ վերադարձավ իր ընտանիք: Եթե այդպիսի մարդիկ կան, որ սիրում են թիվ ավելացնել, թող 25 հազարի փոխարեն ասեն 55 հազար:
Ինչ վերաբերում է սխալներին, վարչապետը դրա մասին ասել է, եւ մեր մտածելակերպի մեջ, մեր իրականության մեջ մենք բոլորս այլ պատկերացում ենք ունեցել, այդ թվում ես, եւ ինքը»: