▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեռնար Շալանդը հրաժարական տվեց

 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, որ ժամեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության հետ հատուկ չվերթով Ալբանիայից վերադարձավ Երևան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:

 

Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, որում երախտագիտության խոսք է ասել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ազգային հավաքականի մարզչական կազմի և Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների հասցեին: Նրանում մասնավորապես ասված է.

«Ես Հայաստան եկա մոտ մեկ տարի առաջ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Սա մեծ մարտահրավեր էր ինձ համար: Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք որակավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, հակառակ դեպքում ես պետք է լքեմ իմ պաշտոնը: Հենց այդ պատճառով ինձ համար հիմա ամեն ինչ պարզ է:

 

Բնականաբար, 4 խաղից 1 միավորը բավարար արդյունք չէ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ մենք այս մրցափուլի գրեթե բոլոր խաղերի ժամանակ ունեցել ենք կորուստներ: Բացի այդ, յուրաքանչյուր խաղի ժամանակ մեզ ինչ-որ բան խանգարել է: Մխիթարյանի և Արզումանյանի վնասվածքները՝ Դանիայի հետ հանդիպման ժամանակ, Մարկոսի չիրացրած 11-մետրանոցը՝ Սերբիայի դեմ խաղում, Համբարձումյանի կարմիր քարտը՝ Ալբանիայի դեմ խաղում: Եթե ցանկացած խաղ տևեր 70 րոպե, մենք կունենայինք 10 միավոր: Դա նշանակում է, որ մեր ընտրած կազմը կամ մարտավարությունը խաղերի համար այնքան էլ վատը չէր, ուղղակի մեզ ինչ-որ բան չէր հերիքում վերջում: Անկախ ամեն ինչից՝ ես արդարացումներ չեմ փնտրում: Խնդիրը կատարված չէ:

 

Իհարկե, մենք չկարողացանք ազգային հավաքականի հետ հասնել ցանկալի արդյունքի, բայց իրականացրեցինք շատ լուրջ ծրագիր ֆուտբոլի զարգացման համար՝ ձևավորելով Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականները: Միգուցե, հենց այդ տղաները հետագայում կազմեն Հայաստանի ապագա հավաքականի կորիզը: Բայց ես հասկանում եմ, որ իմ հիմնական գործը Հայաստանի ազգային հավաքականի հաջող խաղն էր և լավ արդյունքը:

 

Այո, ես հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ ֆեդերացիայից, նախագահից կամ որևէ մեկից: Ընդհակառակը, ես երախտապարտ եմ ինչպես ՀՖՖ նախագահին՝ ինձ ընձեռված այս հնարավորության համար, այնպես էլ ՀՖՖ բոլոր բաժինների աշխատակիցներին, մարզչական և բժշկական անձնակազմին, բոլոր նրանց, ում հետ ես աշխատել եմ այս ամիսների ընթացքում: Շնորհակալ եմ նաև մեր հրաշալի երկրպագուներին, ովքեր մեզ հետ էին ինչպես տնային, այնպես էլ արտագնա հանդիպումների ժամանակ: Բնականաբար, ես տխուր եմ այս հրաշալի երկիրը լքելու կապակցությամբ, որովհետև այստեղ աշխատելն, իրոք, շատ հաճելի էր ինձ համար: 

 

Հետագա հաջողություններ եմ մաղթում Հայաստանի ազգային հավաքականին: Ես տեսնում եմ այն ներուժը, որ ունի Հայաստանի ազգային հավաքականը: Միշտ կհետևեմ Հայաստանի հավաքականի ելույթներին: Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի հավաքականը հանդես կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում»:

ՀՖՖ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more