▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,–հայտնում են կոմիտեից։

***

«Հարցաքննության ընթացքում իրավացիորեն մեր կողմից ներկայացվեցին երեխաների ծննդյան վկայականներն, այդ թվում՝ 2026 թվականի փետրվարի 20-ին ծնված երեխայի․ Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները տեղեկացված էին այդ հանգամանքի մասին»,- այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ

ներկայացվածը հանրային հասանելիություն ունեցող տվյալ է, և այս գործով ձերբակալման անհրաժեշտություն չի եղել։

«Եթե տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվում, ակնհայտորեն կարող եմ նշել, որ դրա դեմ էլ ենք առարկելու․․․ Տնային կալանքն ինքնին, կալանքին համարժեք խափանման միջոց է։ Այդ իմաստով եկեք հասկանանք՝ լավ, ի՞նչ ռիսկ պետք է լինի բացառապես դրական բնութագրվող, բարձրագույն կրթությամբ Գոհար Ղումաշյանի նկատմամբ ինտենսիվ խափանման միջոցը»,- նշեց Վարդևանյանը։

***

«Գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որն ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ անդրադառնալով նրա ձերբակալմանը։

«Ղումաշյան Գոհարը որևէ կապ և առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, սա մենք համարում ենք ապօրինություն, քաղաքական հետապնդման դրսևորման առանձնահատուկ ձև, իսկ երբ որ այդ քաղաքական հետապնդումը դրսևորվում է մայրական հատուկ խնամք պահանջվող երեխայի ծնողի նկատմամբ, սա առավել քան մտահոգիչ և խնդրահարույց ենք համարում։

Այս պահին առաջադրել են մեղադրանք և պետք է որոշեն՝ տանում են դատարան կալանքի, չնայած ձերբակալել են դատարան կալանքի սանկցիայի ներկայացնելու նպատակով, բայց վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշելու իր դիրքորոշումը․ խափանման միջոցի հարց պետք է քննարկվի»,- նշեց փաստաբանը։

***

***

Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, այս մասին հայտնում է Գոհար Մելոյանը և տեղեկացնում, որ իրենք գնում են Քննչական կոմիտե։

***

Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով

***

Սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են. Գոհար Մելոյանը` Ղումաշյանի ձերբակալության  մասին

Հակակոռուպցիոն կոմիտեից Գոհարին Ղումաշյանին տեղեկացրել են, որ բարեգործության արգելքի հիմքով են նրան հրավիրել կոմիտե, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չենք կարող ունենալ։ Բոլոր այն դրվագները, որոնք մեզ հետ կապում են, իրավական այնպիսի բացահայտումներ, զարգացումներ են եղել, որ նախաքննության արգելքով պայմանավորված շատ գործընթացների չենք կարող անդրադառնալ, բայց մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են»,- ասաց Մելոյանը։

Դիտեք նաև՝

«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարություն է տարածել. «Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։
Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։
Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնալու Ադրբեջան»։

***

«Զարմանալի է իսկապես, որովհետև հիմնականում քննչական մարմինները որոշ հանգամանքներ միշտ հաշվի առնում էին՝ թե՛ կին լինելու հանգամանքը, թե՛ նորածին երեխա ունենալու հանգամանքը։ Դրանք բոլորը պետք է նշանակություն ունենային նախքան նման ինտենսիվ հարկադրանքի միջոցին դիմելը։ Այստեղ ողջամտություն իսկապես որևէ կերպ չեմ տեսնում»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի ձերբակալմանը։

«Ռեպրեսիան միանշանակ է, այն իմաստով, որ եթե նույնիսկ քրեական վարույթ են հարուցել, որի պայմանական առիթը կամ հիմքը ունեն, այդ դեպքում ինչի՞ համար են ձերբակալում կիրառում»,- ընդգծեց փաստաբանը։

***

«Հարցաքննության է հրավիրվել նաև մեր մյուս գործընկերուհին՝ Վերժինե Ստեփանյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն է»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ նա 2 անչափախաս երեխաների մայր է։

«Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին, նրա հետ այս պահին իր փաստաբան կա։ Մեզ անհայտ հանգամանքներում, անհայտ ու անհասկանալի անհասկանալի պատճառներով Վերժինե Ստեփանյանը ուղեկցվել է իրավապահ մարմինների կողմից համապատասխան բաժին և ըստ ամենայնի հարցաքննվում է։ Դեռ չգիտենք ինչի համար․․․ Սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է՝ մեր կանանց միջոցով փորձել ճնշել մեզ․․․ Մենք սա գնահատում ենք որպես իրենց թուլության հերթական դրսևորում»,- հավելեց Ղահրամանյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more