▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաստուրմային ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին»․ Փաշինյան

Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք հրավիրում,  քան օրհներգին... Փաշինյանը խոստովանեց՝ ՀՀ օրհներգը փոխելու՝ Ալեն Սիմոնյանի նախագծին ինքը մասնակցություն է ունեցել

Այսօր կառավարության նիստի ժամանակ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի նախագիծը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։

«Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակը»,- ասված է նախագծում:

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստի մեջ, այն վերադասավորել այնպես, որ ավարտվի հետևյալ քառատողով՝

«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։

Նշվում է, որ առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել և հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական և առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական և կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նա մասնակցություն է ունեցել նախագծի ձևավորման քաղաքական մասին և կարծում է, որ այն կարևոր օրենսդրական փոփոխություն է․ «Եթե որևէ ոլորտում փոփոխություն ենք անում, բայց այդ փոփոխությունների պրոցեսում չենք հասնում ԴՆԹ մակարդակին, ապա այդ դրանք տևական և ամբողջական չեն կարող լինել։ Իմ վարչապետության ընթացքում ես այդպես էլ պաշտոնական միջոցառումների ժամանակ չեմ հանդիպել օրհներգի նույն ձևի կատարման՝ չկա արագության, տեմպի ստանդարտ, երբեմն տևողության, հնչողության, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։ Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին, որովհետև յութուբում հազար հատ օրհներգ կա, մտնում գրում ես և օրհներգը հնչում է։ Որևէ մեկը իրեն հարց չի տալիս՝ ի՞նչ օրհներգ է հնչելու։ Տվել եմ հանձարարական, որ իմ մասնակցության բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և որոշակի որակական ստանդարներով։ Տեքստի մեջ որևէ բառի փոփոխություն չի նախատեսվում, այլ՝ քառատողերի դասավորվածության փոփոխություն»,-ասաց Փաշինյանը։

***

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության ընդունած որոշման նախագծին, որի համաձայն՝ կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման մեկ միասնական ստանդարտ․ «Կունենանք մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին, և որակյալ ձայնագրություններով ու ճշգրիտ կատարումներով»,- ասաց նա՝ նշելով, որ միայն տեքստի տների տեղերն են փոխվել:

«Առաջին տնով մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդ տնով խոսում ենք ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին, և վերջացնում ենք ուղերձով՝ թող միշտ պանծա Հայաստան, որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն»,-ասասց փոխնախարարը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more