▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ. «Ընտրությունների արդյունքում ԵՐԿԻՐ ենք ԿՈՐՑՐԵԼ»

Չնայած լրատվամիջոցների և հասարակության մի մասի հետաքրքրությանը՝ հայկական կուսակցությունների մի մասը, այնուամենայնիվ, շարունակում է լռել և դեռևս չի հայտնում հայաստանյան առաջիկա նախագահական ընտրություններին  կառաջադրի իր թեկանծուին, թե՞ ոչ: Ո՞րն է այս լռության պատճառը: Այս և թեմայի հետ կապված այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

 

- Պրն. Վարդանյան, ըստ Ձեզ,  տարօրինակ չէ՞, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ քաղաքական դաշտում նման անորոշ իրավիճակ է տիրում:

- Ինչ-որ առումով անորոշ վիճակ է, նախորդ շրջաններում մի քանի ամիս առաջ թեկնածուներն արդեն հայտնի էին լինում: Այս իրավիճակի պատճառը խորհրդարանական ընտրություններն էին: Իշխանություններն այս ընտրությունները բնորոշում էին որպես առաջընթաց, բայց մեզ` ընտրության անմիջական մասնակիցներիս համար այդպես չէ: Այս խորհրդարանական ընտրություններում մեծ դերակատարություն են ունեցել պետական համակարգի վարչական ռեսուրսներից մեկի` անսահմանափակ և հսկայական թվով ընտրակաշառքները:

 -Իսկ կոնկրետ ՀՅԴ-ի դեպքում  ո՞րն է պատճառը, որ չի հայտնում նախագահական ընտրություններում իր առաջադրվելու կամ չառաջադրվելու  մասին:

-Քանի որ նախագահական ընտրությունների առաջադրումները սկսվելու են դեկտեմբերի վերջից, ապա շտապելու կարիք չկա: Դաշնակցությունը հայտարարել է այն քաղաքական օրակարգը, որի շրջանակներում կապում ենք Հայաստանի ապագայի ձևավորումը: Մենք կարևորում ենք այն հիմնահարցերը, որոնք ծառացած են Հայաստանի առջև: Առաջարկելու ենք մեր հիմնահարցերը քննարկել քացաքացիական ուժերին, հասարակական խմբերին և նեղ մասնագիտական խմբերին: Եթե հասարակության մեջ ձևավորվի համաձայնություն, որ երկիրը պետք է այս ուղղությամբ զարգանա, այս նախագծերը կիրականացվեն: Միայն դրանից հետո կքննարկենք առաջադրման հարցը. սա է ճիշտ ճանապարհը:

- Քաղաքագետների մի մասի համոզմամբ,  եթե ընդդիմությունը հանդես գա մեկ միասնական թեկնածուով, ապա հաղթելու հավանականությունը ավելի մեծ կլինի: Հնարավո՞ր է՝  ՀՅԴ-ն ներկայանա ընդդիմության մյուս ներկայացուցիչների հետ մեկ միասնական թեկնածուով:

-Բնական է, եթե ընդդիմությունը կարողանա համախմբվել մեկ միասնական թեկնածուի շուրջ, եթե բոլորը նույն ուղղությամբ աշխատեն, նույն սկզբունքներով և գաղափարներով առաջնորդվեն, հաղթելու հավանականությունը կմեծանա, բայց սա միայն չոր տեսություն է, դրա համար նախադրյալներ չկան:

-Նախադրյալներ ասելով՝ նկատի ունեք գաղափարների՞ տարբերությունը:

-Գաղափարների խնդիր կա, ծրագրային խնդիր, ի վերջո անցած ճանապարհի խնդիր, ամբիցիաների խնդիր … խնդիրները շատ են: 

-Պրն. Վարդանյան, իսկ ԲՀԿ-ին, որը ներկայանում է որպես այլընտրանք, տեսնու՞մ եք ընդդիմադիր դաշտում:

-Ճիշտ է, ԲՀԿ-ն ներկայանում է որպես այլընտրանք, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում վարում է ընդդիմադիր քաղաքականություն:

- Ասացիք, որ ընտրություններում մեծ դերակատարություն ունեն ընտրակաշառքները: Իսկ ՀՅԴ-ն ընտրակաշառքների վերացման հետ կապված ունի՞ իր ծրագրերը:

-Ընտրակաշառքները Դաշնակցության կամ որևէ այլ քաղաքական ուժի ձեռնարկվելիք քայլերը չեն, դա իշխանության խնդիրն է, ուստի իշխանությունը պետք է հայտարարի, որ բացառում է ընտրակաշառքը, նման յուրաքանչյուր դեպք պետք է կանխվի իր կողմից, քանի որ ունի դրա բոլոր հնարավորությունները:

-Եթե ընտրակաշառքը չի կանխվում իշխանությունների կողմից, արդյո՞ք դա մեզ հիմք է տալիս ենթադրել, որ չկանխվելը բխում է հենց իշխանության շահերից:

-Բնականաբար,  հիմք է տալիս, բայց եթե իշխանությունները գտնում են, որ սա կարող է անընդհատ շարունակվել, ապա կարող եմ հավաստիացնել, որ ի վերջո այս շղթան կտրվելու է…

-Անդրադառնանք կառավարության առաջարկած նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու և 35 հազ. դարձնելու նախագծին: Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ, չէ որ Դաշնակցությունը իր նախագիծն ունի նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

-Չէի ցանկանա մեկնաբանել մեր պատգամավորների կարծիքները, բայց միանշանակ ակնհայտ է, որ 35 հազ. դրամը բավական ցածր աշխատավարձ է:
Կառավարությունն, ըստ իր նախագծի, 2014-ին նվազագույն աշխատավարձը բարձրացնելու է 10հազ. դրամով, նույնը նաև 2015-ին, սակայն այն տնտեսական իրավիճակում, որում գտնվում է մեր երկիրը հնարավոր չէ նման նախագծի իրականացումը, ուստի կառավարության այս խստումները կրկին չեն կատարվի:
 

-Ըստ Դաշնակցության, ո՞րն է այս խնդրի լուծումը:

-Դաշնակցությունն առաջարկում է ոչ թե կոնկրետ թիվ ֆիքսել, այլ այդ թիվը պայմանավորել մի քանի գործոններով. միջին աշխատավարձից կախվածությունը, գնաճի հետ կապվաճ շարունակական աճը, սպառողական ինդեքսը, աճը միկրոտնտեսական խնդիրների վրա,  այս գործոններից յուրաքանչյուրի ուսումնասիրումը խիստ կարևոր է:

-Քանի որ խոսեցինք նոր նախագծերի մասին, ի՞նչ կասեք ՀԱԿ-ի առաջարկած ընտրական օրենսգրում փոփոխություններ կատարելու նախագծի մասին:

-Այդ նախագիծը դեռևս չի քննարկվել, սակայն համոզված եմ, որ մինչև նախագահական ընտրություններ, ընտրական օրենսգրքում փոփոխություններ չեն արվի, կամ էլ կարող են մասնակի փոփոխություններ լինել` պայմանավորված եվրոպական դիտորդների առկայությամբ:

 

- ՀՅԴ-ն  ի՞նչ ակնկալիքներ ունի առաջիկա ընտրություններից:

 

- Ցավով պետք է նշեմ, որ նախագահական ընտրությունները սկսած 1996 թվականից, հակամարտությունների, առճակատումների պայմաններում են ընթացել, ինչի արդյունքում մենք երկիր ենք կորցրել ինչ-որ չափով, ուստի հասարակությունը պետք է այնքան հասուն լինի, որ ժողովրդական խոսքի համաձայն  նույն փոցխի վրա նորից չկանգնենք…

Հարցազրույցը՝ Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more