▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղասի ԻՆԱՆՑ. «Ընտրյալս ՊԵՏՔ Է ԼԱՎ ՄԱՅՐ ԼԻՆԻ»

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է  շախմատիստ, սպորտի վարպետ, «Շախմատի աշխարհ» հաղորդաշարի վարող Աղասի Ինանցը:

Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

- Սկզբում շատ զայրացա,  նույնիսկ,  հիասթափվեցի, երբ մի շարք մարդիկ տարբեր բացասական որակավորում տվեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ իմ համագործակցությանը, իսկ այժմ  այդ թեման ինձ պարզապես զվարճացնում է:

 - Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

-Ամենապատասխանատու պահերին սեփական ուժերին վստահ լինելու կարողությունը: Սա չի նշանակում  ինքնավստահ լինել.  կարծում եմ՝  դրանք տարբեր հասկացողություններ են:

 -Սիրում ե՞ք խենթություններ:

- Չեմ կարծում՝  առանց դրա կյանքը հետաքրքիր կլինի: Իրական խենթություն պատրաստ եմ անել միայն ընտանիքիս անդամների համար և իհարկե, իմ սիրելի էակի:

 -  Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:

-Մեր օրերում իսկապես այդպես է, բայց ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա արժեքներ, որոնք կլինեն անգին:

- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
-Դժվար է առանձնացնել մեկ մարդու, բայց, միանշանակ, կարող եմ ասել, որ ամեն վարկյան պատրաստ եմ կյանքս տալ ընտանիքիս անդամներից յուրաքանչյուրի համար:

-Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:
-2012 թվականի սեպտեմբերի 9-ին` ծննդյանս օրը, Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր տղաների տարած փառահեղ հաղթանակը:

 -Մարդիկ, որոնց  բացակայությունը Ձեր  կյանքում  չեք պատկերացնում:

-Ինձ կյանք պարգևած ծնողներս:

-Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
-Մարդ ով կկարողանար զբաղվել բարեգործությամբ:

-Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

-Կարծում եմ՝  աշխատասիրություն, քանի որ նույնիսկ շատ մեծ ընդունակություններով օժտված մարդիկ չեն կարողանում հասնել հաջողությունների` աշխատասիրության բացակայության պատճառով: 

-Հիշում ե՞ք Ձեր առաջին շախմատային հանդիպումը:
- Առաջին հանդիպումը եղել է շատ վաղուց` 1997 թվականին, դեռ 7 տարեկան էի: Այդ ժամանակ ընտանիքով բնակվում էինք Մոսկվայում, առաջին դասարան էի, երբ անցկացվեց շախմատի դպրոցական մրցաշար, առաջին անգամ անցկացրի պաշտոնական շախմատային պարտիան և ավարտեցի հաղթանակով:

-Շախմատում ո՞րն է Ձեր սիրելի սկզբնախաղը:
- Սիրում եմ իրադարձություններով հարուստ պայքար, այդ պատճառով դեռ փոքր տարիքից շատ եմ սիրում սիցիլիական պաշտպանությունը, որը խոստանում է ակտիվ և հագեցած պարտիա:

 

-Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
-Մենք բոլորս հյուր ենք կյանքում, մեր ծննդյան փուչ օրից, հերթով գալիս անց ենք կենում այս հանցավոր աշխարհից:

-Ի՞նչ է Ձեզ համար փողը:
-Միջոց, որի շատ լինելու շնորհիվ հնարավոր է լուծել մի շարք հարցեր, սակայն՝  ոչ կյանքի նպատակ:

- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
- Կբողոքեի մարդկանց չարությամբ լցված լինելուց և կփորձեի ամեն ինչ անել  նրանց լավատեսորեն տրամադրելու համար:

-Ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա Ձեր ընտրյալը:
-Նախ`  նա պետք է լավ մայր լինի մեր երեխաների համար և մի փոքր բացելով փակագծերը՝  ասեմ, որ իմ «թագուհին» ունի գերմանական ծագմամբ շատ հին անուն, որը խորհրդանշում է նաև` «թանկարժեք մարգարիտ քար»:

 

Հեղինակ՝ Գոհար ՓԻԼԻՊՈՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more