▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում

Թարմացված․ ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է․ «Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել է:
«BMW X3 3.01 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Վերջինիս ինքնությունը պարզվել է։
Դեպքի առթիվ 2024 ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտում հայտնաբերվել են վթարված «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենան, իսկ նույն գոտու կողնակին՝ շրջված «HONDA FTT 1.3» ավտոմեքենան, որոնք ևս զննվել են։
Որոշումներ են կայացվել ընտանիքի մահացած անդամներին տուժող ճանաչելու, դիակների դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու, BMW ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»:

***

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին` ժամը 1։30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Նապոլեոն Մկրտչյանը, նրա կինը՝ 31-ամյա Նազելի Շմոյանը տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 7-ամյա Դավիթ Մկրտչյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել էր։

«ՕրագիրՆյուզ»-ին հայտնի է դարձել, որ ընտանիքը բնակվում էր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում։

«Իրենք Լոռու մարզի Սպիտակ համայնքից էին, քանի որ ամուսինը՝ զինվորական էր, Գյումրիում էր ծառայում, տեղափոխվել և բնակվում էին Գյումրիում։ Մոտ 10 տարի առաջ էին ամուսնացել, մեկ երեխա ունեին՝ 7-ամյա Դավիթը, որը ցավոք հիվանդանոցում մահացել է։ Իրենք շատ լավ ընտանիք էին, հավատս չի գալիս, որ նման բան է եղել․․․»,- ասել է զոհված ընտանիքի մտերիմներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more